Բաժիններ՝

Դեղագործության «գերակա» ճյուղը

 

Դեղագործության ոլորտը, թերեւս, ամենահակասական ոլորտներից մեկն է: Որքան շատ են խոսում այս ոլորտի զարգացման մասին, այն կարծես ավելի ետ է գնում։

Այսպես, 2011թ. փետրվարի սկզբին Աղվերանում տեղի էր ունենում դեղագործության ոլորտի ներկայացուցիչների «առանց փողկապների» երկրորդ հանդիպումը: Դրա ընթացքում ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Կարինե Մինասյանը նշել էր, որ 2010-ի առաջին 11 ամիսներին 2009-ի նույն ժամանակահատվածի համեմատ դեղերի արտադրության ծավալն աճել է 18.7 տոկոսով, այն դեպքում, երբ արդյունաբերության ընդհանուր աճը կազմել է ընդամենը 5.7 տոկոս։ Նա նաեւ հայտնել էր, որ Հայաստանի բիզնես միջավայրի բարելավման աշխատանքները շարունակվելու են այնպես, որ այն մրցունակ լինի հարեւան երկրների բիզնես միջավայրի նկատմամբ։ Ենթադրվում է` «բարելավման աշխատանքները» շարունակվել են նախորդ տարվա ընթացքում։ Արդյունքում, որքան էլ զարմանալի լինի, 2011-ին արձանագրվեց հակառակ արդյունքը` ամբողջ արդյունաբերությունն աճեց 14.1%-ով, իսկ դեղագործության ոլորտը` չնչին 1.1%-ով (դեղագործական արտադրանքի ծավալը 2011թ. կազմել է 3մլրդ 528 մլն դրամ)։ Հետագա զարգացումներն ավելի աբսուրդային են։ Այս տարվա սկզբին մշակվեց եւ հանրությանը ներկայացվեց արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարությունը եւ գերակա ճյուղերը։ Այդ գերակա ճյուղերի թվում էր նաեւ դեղագործությունը։ Բնականաբար, հնչեցին գեղեցիկ ելույթներ եւ տեսլականներ այս ոլորտի հեռանկարների վերաբերյալ։ Արդյունքում՝ այս տարվա հունվար-ապրիլին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ամբողջ արդյունաբերությունն աճել է ռեկորդային 15.3%-ով, իսկ դեղագործությունը… նվազել 3.7%-ով։ Սա շատ պարզորոշ ցույց է տալիս կառավարության ծրագրերի եւ ռազմավարությունների իրական արդյունքը։

Ի հեճուկս լավատեսական ելույթների` Հայաստանում դեղագործության ոլորտի տկար վիճակի վերաբերյալ այլ տվյալներ էլ կան։ Արդեն նշեցինք, որ 2011թ. Հայաստանում արտադրվել է 3.5 միլիարդ դրամի դեղորայք: Դա կազմում է մոտ 9.2 միլիոն դոլար: Նույն 2011թ., ըստ ՊԵԿ մաքսային կոմիտեի տվյալների, Հայաստանից արտահանվել է 5.2մլն դոլարի դեղորայք: Կարելի է ենթադրել, որ ներքին շուկայում սպառվել է 4 միլիոն դոլարի հայրենական արտադրության դեղորայք: Մի պահ կարող է թվալ, որ դեղագործության ոլորտը, չնայած քիչ ծավալներին, կարելի է համարել արտահանմանն ուղղված. մեծ մասն արտահանվում է։ Սակայն ոգեւորությունն անմիջապես մարում է, երբ պարզում ենք, որ 2011թ. Հայաստան է ներմուծվել 91.4մլն դոլարի դեղորայք: Համեմատեք 5.2-ն ու 91.4-ը: Արտահանումը 17.5 անգամ զիջում է ներմուծման ծավալներին:

Եվս մեկ տվյալ. 2012թ. արտահանված 5.2մլն դոլար մաքսային արժեքով դեղորայքից 2 միլիոնը գնացել է Վրաստան, 1.2 միլիոնը` Ուզբեկստան, 943 հազարը` Ռուսաստան, մնացածը` ԱՊՀ մյուս երկրներ (Ղրղըզստան, Տաջիկստան, եւ այլուր)։ Այսինքն` ոչ մի զարգացած երկիր մեզանից դեղորայք չի գնում:

Եվ մի` ոչ բացասական, բայց ուշագրավ փաստ. Հայաստանում դեղամիջոցներ արտադրող ընկերություններն ակտիվորեն համագործակցում են ներկրողների հետ, թեպետ կարելի էր ենթադրել, որ նրանք պետք է հակառակ ճամբարներում լինեին։ Դա պայմանավորված է նրանով, որ խոշոր ներկրողները ունեն սպառման լայն շուկա` դեղատների խոշոր ցանցեր։ Ստացվում է, որ դեղերի շուկան ու դեղորայքի գները թե՛ ներմուծվող, թե՛ ներսում արտադրվող դեղերի մասով վերահսկում են ներկրողները։ Օրինակ, «Արփիմեդը», որը համարվում է մեկ այլ խոշոր դեղեր արտադրող ընկերություն, արտահանում է իր արտադրանքը եւ, միեւնույն ժամանակ, եւ համագործակցում է ներկրող ընկերությունների հետ, ինչպիսիք են «Ալֆա Ֆարմը», «Տոնուս Լոսը», «Նատալի Ֆարմը», եւ այլն։

Ներմուծման վիճակագրությունն էլ բավականին հետաքրքիր փաստեր է պարունակում։ Օրինակ` դեղերի շուկայի մասնակիցներից շատերը նշում էին, որ Հայաստան դեղորայք ներկրվում է հիմնականում Ավստրիայից: Սակայն Մաքսային ծառայության տվյալների համաձայն, Ավստրիան Հայաստանին դեղ մատակարարողների շարքում անգամ առաջին տասնյակի մեջ չի մտնում: 2011թ. այս երկրից ներմուծվել է ընդամենը 918 հազար դոլարի դեղորայք: Իսկ, օրինակ, ԱՄՆ-ից մեր երկիր է ներկրվում տարեկան ավելի քան 12.1 մլն դոլարի դեղորայք (տես աղյուսակը): Հետաքրքիրն այն է, որ ոչ մի կազմակերպություն չնշեց այդ երկրի անունը՝ որպես դեղորայքի խոշոր մատակարար:

Դեղերի ներմուծման ամենախոշոր երկրները 2011թ.

Երկրներ – Արժեք (հազար ԱՄՆ դոլար)

ԱՄՆ – 12161,8
Ֆրանսիա – 10396,1
Գերմանիա – 9360,2
Շվեյցարիա – 6636,1
Հունգարիա – 4629,6

Նշենք նաեւ, որ շատ անգամ դեղագետ-վաճառողներն իրենք էլ տեղյակ չեն լինում, թե իրենց վաճառած դեղորայքը որ երկրում է արտադրվել։ Հաճախ, երբ վաճառողին հարցնում ես, թե արդյո՞ք իրենք վաճառում են, օրինակ, ռուսական արտադրության «Անալգին» դեղամիջոց, նրանք բարեհամբույր պատասխանում են` այո, սակայն, երբ վերցնում ես դեղամիջոցը եւ կարդում ես պիտակը, պարզվում է` արտադրման երկիրը Ուկրաինան է կամ Բելառուսը: Ինչեւէ, դեղագործության ոլորտը զարգացած Հայաստանում, մեղմ ասած, զարգանալու տեղ ունի, սակայն, փոխարենը` բավականին լավ զարգացած են դեղերից մեծ փողեր աշխատելու եղանակները, «ատկատի» մեխանիզմներն ու մանր-մունր այլ «չարաճճիությունները»։ Դրանց կանդրադառնանք առաջիկա համարներից մեկում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս