Բաժիններ՝

Արդյո՞ք Հայաստանի ուսուցիչների թիվը շատ է

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն արդեն մի քանի անգամ հայտարարել է, որ Հայաստանում ուսուցիչների թիվը 10 հազարով ավելի է։ Որպես հիմք՝ վերցվում է այն հանգամանքը, որ Հայաստանում կա ուսուցչի շուրջ 25 հազար դրույք, մինչդեռ ուսուցիչների թիվը շուրջ 37 հազար է։ Նաև ուսուցիչների թվի ավելցուկն է համարվում պատճառ, որ շատ քիչ ուսուցիչներ են ստանում ֆինանսական փաստաթղթերում նշվող 152 հազար դրամ աշխատավարձը։

Թվերի վերլուծության միջոցով փորձենք հասկանալ ուսուցիչների թվի ավելցուկի խնդիրը։ Նշենք, որ Հայաստանում մեկ դրույք ունեն այն ուսուցիչները, ովքեր դասավանդում են շաբաթական 22 ժամ (1990-ականներին այդ թիվը 18 ժամ էր)։ Նախ, նորմալ է, որ ուսուցիչների թիվն ավելին է, քան դրույքի թիվը։ Բանն այն է, որ դպրոցներում կան առարկաներ, որոնց ժամերը մեկ դրույքից ցածր են։

Օրինակ՝ Քիմիան։ Այս առարկայի դասավանդումը սկսվում է 7-րդ դասարանից։ Եթե դպրոցը հիմնական է, այսինքն՝ ունի 1-9-րդ դասարաններ, և յուրաքանչյուր դասարանից ունի երկուական, ապա Քիմիայի ուսուցիչը կարող է ունենալ շաբաթական մոտ 10 ժամ ծանրաբեռնվածություն։ Եթե դպրոցը միջնակարգ է, այսինքն՝ ունի 1-12-րդ դասարաններ, և յուրաքանչյուր դասարանից ունի մեկական, ապա Քիմիայի ուսուցիչը կրկին կարող է ունենալ շաբաթական 10 ժամ ծանրաբեռնվածություն։

Գրեթե նման վիճակում են նաև Ֆիզիկա, Կենսաբանություն առարկաները։ Շատ ավելի վատ վիճակում են Շախմատ, Տեխնոլոգիա, Երաժշտություն, Կերպարվեստ առարկաները։ Բացի այդ, կան առարկաներ, որոնց շաբաթական դասավանդման ծավալը կարող է կազմել 30 ժամ։ Հասկանալի է, որ, եթե այդ դասաժամը տրվի մեկ ուսուցչի, ապա դա կլինի գերծանրաբեռնվածություն։

Կարդացեք նաև

Հետևաբար, նման դեպքում դպրոցն ունենում է երկու ուսուցիչ, թեև 30 ժամը նույնիսկ 1.5 դրույք չի կազմում։ Ահա այս պատճառներով դպրոցների ուսուցիչների թիվն ավելին է, քան դրույքների թիվը։ Վիճակագրության վերլուծությունը վկայում է, որ դպրոցներում կա նաև ուսուցիչների պակաս։ Ըստ ոչ պաշտոնական տվյալների՝ Հայաստանում կա ուսուցչի 1000-ից ավելի թափուր տեղ։ Բացի այդ, շատ դպրոցներում առարկան դասավանդում են ոչ մասնագետ ուսուցիչները։ Օրինակ՝ Հայաստանում կա շուրջ 1400 դպրոց, բայց Կենսաբանության ուսուցիչների թիվը 1280 է։ Այսինքն՝ 100-ից ավելի դպրոցներում այդ առարկան դասավանդվում է մեկ այլ առարկայի ուսուցչի կողմից։

Շախմատի ուսուցիչների թիվը շուրջ 750 է։ Սա էլ նշանակում է, որ այս առարկան դպրոցների շուրջ կեսում դասավանդում են այլ առարկաների մասնագետներ։ Կան գյուղական դպրոցներ, որոնցում մեկ ուսուցիչը մի քանի առարկա է դասավանդում, քանի որ մասնագետ չկա։

Վիճակագրական տվյալների դինամիկան ցույց է տալիս, որ վերջին 5 տարիներին Հայաստանի դպրոցներում ուսուցիչների որոշակի ներքին օպիմալացում է եղել։ Դրան նպաստել է այն որոշումը, որ դպրոցում ուսուցչի թափուր տեղի համար մրցույթ կարող է հայտարարվել միայն այն դեպքում, երբ հեռացած ուսուցչի ժամերը թերբեռնվածությամբ աշխատող նույն առարկայի մյուս ուսուցիչներին հատկացնելուց հետո, դեռևս մնում են ազատ ժամեր։

Այսինքն՝ դպրոցի ուսուցիչները պետք է ապահովվեն շաբաթական 22 ժամով, որից հետո կարելի է նոր ուսուցչի աշխատանքի ընդունել։ Արդյունքում՝ ունենք վիճակագրական այսպիսի դինամիկա։ 2013 թվականին Հայաստանի դպրոցներում 0.25-0,5 դրույքով աշխատող ուսուցիչների թիվը եղել է 7353։ 2017 թվականին այդ թիվը նվազել է և կազմել 6553։ 500-ով նվազել է նաև 0.5-0.75 դրույք ունեցող ուսուցիչների թիվը։

Պետք է նաև հաշվի առնել, որ այս տարվա սեպտեմբերից Հայաստանի դպրոցներում ունենք աշակերտների թվի աճ։ Բանն այն է, որ 2017 և 2018 թվականներին դպրոցն ավարտեցին 2 թերբեռնված դասարանները և նրանց փոխարեն դպրոց եկան լիարժեք առաջին դասարաններ։ Բացի այդ, 2017 թվականից սկսած աշակերտներն այլևս չեն կարող 9-րդ դասարանից հետո դուրս գալ և պետք է շարունակեն իրենց կրթությունը մինչև 12-րդ դասարան։ Այս ամենի արդյունքում Հայաստանի աշակերտների թիվը 40-50 հազարով աճելու է՝ գերազանցելով 400 հազարը։ Եթե նաև մեծաթիվ ներգաղթ լինի, ապա այդ թիվը կարող է էլ ավելի աճել։ Իսկ սա նշանակում է, որ ուսուցիչների ծանրաբեռնվածությունն ավելանալու է։

Այսպիսով, վիճակագրության վերլուծությունը ցույց է տալիս, որ Հայաստանում վերջին տարիներին արձանագրվել է ուսուցիչների ներդպրոցական օպտիմալացում։ Իհարկե, օպտիմալացման տեղ դեռ կա, բայց դա կարելի է անել թոշակի գնացողների կամ աշխատանքից ազատվողների հաշվին։ Բայց Հայաստանում ուսուցիչների թվի մեծ ավելցուկ չկա, քանի որ մի շարք առարկաների դասաժամերը մեկ դրույքից քիչ են։ Եթե մենք այդ ուսուցիչներին վստահենք հարակից առարկաների դասավանդումը, որպեսզի դրույքների և ուսուցիչների թիվը հավասարեցնենք, ապա ուսուցման որակի անկում կունենանք։

Ամենևին պարտադիր չէ, որ բոլոր ուսուցիչները դասավանդեն շաբաթական 22-25 ժամ։ Դա շատ մեծ ծանրաբեռնվածություն է և կարող է բերել ուսուցչի գերհոգնածության։ Մասնագետների կարծիքով՝ 20 ժամ դասավանդելը մարդուց տանում է այնքան էներգիա, որքան 40-ժամյա գրասենյակային աշխատանքը։ Եթե սրան գումարեք նաև գրավորներ ստուգելը, մատյաններ լրացնելը, հաշվետվություններ գրելը, ապա կարելի է պատկերացնել, թե ինչքան ծանրաբեռնված է չնչին աշխատավարձ ստացող հայաստանցի ուսուցիչը։

Այդուհանդերձ, դպրոցների հաստիքացուցակը վերանայման կարիք ունի։ Պետք է վերանայել ոչ մանկավարժական աշխատողների ցանկը։ Այստեղ կարելի է և կրճատումներ անել, և նախկինում կատարված կրճատումների վերանայումներ անել։ Օրինակ՝ կան դպրոցներ, որոնք այգեպան ունեն, բայց այգի չունեն։ Կան դպրոցներ, որոնք այգի ունեն, բայց այգեպան չունեն, տնտեսվար չունեն։

Բայց Հայաստանի կրթության գլխավոր խնդիրը ոչ թե ուսուցիչների ծանրաբեռնվածությունն է, այլ թերֆինանսավորումը։ Կրթությանը տրվող գումարը քիչ է։ Մենք չենք կարողանում ուսուցչի դրույքը 22 ժամից իջեցնել 20-ի թերֆինանսավորման պատճառով։ Նույն պատճառով չենք կարողանում նվազեցնել նաև մեկ դասարանում սովորող աշակերտների թիվը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս