«2019 թվականի գազի գնի վերաբերյալ ավարտական արդյունք չկա». «Գազպրոմ Արմենիա» ընկերության գլխավոր տնօրեն
«Գազպրոմ Արմենիա» ընկերության գլխավոր տնօրեն Հրանտ Թադևոսյանի խոսքով՝ 2016 թվականի հուլիսից մինչև այսօր երկու անգամ սպառման գազի գնի նվազում է կատարվել։
Հարցին, թե 2019 թվականին գազի սպառման սակագնի նվազում նախատեսվա՞ծ է, Հրանտ Թադևոսյանը տեղեկացրեց, որ այժմ Հայաստանի կառավարությունը բանակցություններ է վարում Ռուսաստանի կառավարության հետ, որին «Գազպրոմ Արմենիան» չի մասնակցել և չի էլ մասնակցելու, քանի որ այդպես է դրվածքը։
«Որոշումների հիման վրա սահմանվում են մեխանիզմներ և գին, որը «Գազպրոմ Արմենիայի» և «Գազէքսպերտ» ընկերությունների համար հիմք է հանդիսանում, որպեսզի կնքեն պայմանագիր, որը բազմակողմանի է, իրավական, տեխնիկական, և այլ հարցեր, բոլորը միասին ենք ամփոփում, բացի գնից։ Ներկա փուլում ՀՀ ներկրվող 2019 թվականի գազի գնի վերաբերյալ ավարտական արդյունք չկա»,- ասաց Հրանտ Թադևոսյանը։
Ըստ նրա՝ յուրաքանչյուր ապրանք իր գինն ունի, սակայն ամեն ինչ կախված է այն ցանկությունից, թե ինչ որակի ապրանք են ուզում բերել։
Հ. Թադևոսյանը ո՛չ հերքեց, ո՛չ հաստատեց գազի սակագնի բարձրացումը կամ նվազումը, միայն նկատեց, որ, եթե մարդը ցանկանում է լավ շոր գնել, ապա այցելում է լավ խանութներ։
Զվարթ Խաչատրյան