«ՀՀ իշխանություններին ՀԱՊԿ-ում բարդ խնդիրներ են սպասվում». քաղաքագետ

«Այն փաստարկները, որոնք բերվում են ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածության հետ կապված, ինձ և՛ արհեստական են թվում, և՛ բացատրելի»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց բելառուս քաղաքագետ Վալեր Կարբալևիչը՝ անդրադառնալով ՀԱՊԿ-ում ստեղծված իրավիճակին ու Բելառուսում Ադրբեջանի դեսպանի և Բելառուսի նախագահի հանդիպմանը հնչած դիտարկումներին:

Հիշեցնենք, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն երկրում Ադրբեջանի դեսպան Լատիֆ Գանդիլևի հետ հանդիպման ժամանակ խոսել է ՀԱՊԿ-ում գլխավոր քարտուղարի թեկնածության շուրջ առկա տարաձայնությունների, բելառուսաադրբեջանական հարաբերությունների և պայմանավորվածությունների մասին։

«Ըստ այբբենական կարգի, հաջորդը ցուցակով Բելառուսն է, այդ իսկ պատճառով մենք պետք է պատրաստ լինենք առաջադրել մեր թեկնածուին», – ասել է Լուկաշենկոն՝ ընդգծելով, որ ինքը երեք տարբերակ ունի: «Բնականաբար, տարբերակները շատ էին: Սակայն սա չի նշանակում, որ մենք ոտնահարել ենք Հայաստանի շահերը, սա չի նշանակում, որ մեկը հաղթել է, մյուսը՝ պարտվել: Հարցն այն է, որ Նիկոլ Փաշինյանը պետք է սեփական կառավարությունում պարզի հարցը, քանի որ այժմ Հայաստանը գլխավորում է Եվրասիական տնտեսական միությունը և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը:

Սա շատ մեծ ծանրաբեռնվածություն է մի երկրի համար, որը գտնվում է այսպիսի անցումային փուլում: Արդյո՞ք Հայաստանը կդիմանա այդ ծանրությանը»,- հարց է հնչեցրել Բելառուսի նախագահը՝ ընդգծելով, որ Փաշինյանը պետք է քննարկի այս հարցը սեփական կաբինետի հետ և որոշման մասին ՀԱՊԿ դաշնակիցներին հայտնի դեկտեմբերի 6-ին՝ Սանկտ Պետերբուրգում կայանալիք գագաթաժողովում: Կազմակերպության ու Հայաստանի համար այս զգայուն հարցի մանրամասները ներկայացնելով Բելառուսում Ադրբեջանի դեսպանին՝ նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հավաստիացրել է՝ Ադրբեջանի և Բելառուսի հարաբերություններում փակ թեմաներ չկան:

«Մեր պայմանավորվածությունները նախագահ Իլհամ Ալիևի հետ մեզ համար սրբություն են,- պնդել է Բելառուսի նախագահը: -Բառացիորեն մեկ շաբաթից Ադրբեջանի նախագահը՝ Իլհամ Հեյդարովիչը, կգա Բելառուս: Մենք քննարկելիք թեմաներ ունենք, մի շարք հարցեր, թեև պետք է ասեմ, որ մեր հարաբերությունների հիմքը շատ ամուր է: Այս տարվա ընթացքում երկկողմ առևտրաշրջանառությունը երևի մի երեք անգամ ավելացրել ենք, այդպիսի աճ որևէ այլ երկրի հետ հազիվ թե ունենանք: Դուք պետք է իմանաք, որ մենք բարեկամներ ենք, Բելառուսը միշտ պատրաստ է Ադրբեջանին ընդառաջ գնալ»:

Վալեր Կարբալևիչը նշեց, որ Աստանայում գլխավոր քարտուղարի թեկնածության հարցի հետաձգումը ցույց է տվել, որ կան բավականին լուրջ տարաձայնություններ: Նրա խոսքով, Հայաստանն ունի քվոտա և ցանկանում է այն պահպանել, իսկ Ադրբեջանի հետ սերտ հարաբերություններ ունեցող Ղազախստանն ու Բելառուսը փորձում են դրան խոչընդոտել:

Բելառուս քաղաքագետի խոսքով՝ մատնանշվող փաստարկներն իրեն և՛ արհեստական են թվում, և՛ բացատրելի, քանի որ, եթե հայկական կողմը ցանկանում է պահպանել այդ պաշտոնը, ուրեմն կա գիտակցում, որ պատրաստ է դրան՝ անկախ ներքաղաքական զարգացումներից: «Սակայն հիշենք նաև, թե ինչպես կորցրեց Հայաստանն այդ պաշտոնը` կրկին ներքաղաքական զարգացումների և հարուցված քրգործի պատճառով: Կարելի է ենթադրել, որ իրավիճակի զարգացումները ՀՀ իշխանությունների համար ևս անկանխատեսելի են, այլապես Հայաստանը ետ կկանչեր իր թեկնածուին և միանգամից այլ թեկնածու կառաջադրեր, այդ դեպքում որևէ խնդիր չէր առաջանա:

Սակայն իրավապահ մարմինները, ամենայն հավանականությամբ, երկրում ստեղծված զարգացումների պայմաններում նպատակահարմար գտան միանգամից հարուցել քրեական գործ քարտուղարի դեմ՝ առանց այդ հարցը վերին օղակների հետ քննարկելու, կամ քննարկել էին, սակայն չէին կանխատեսել նման խնդիրներ ՀԱՊԿ-ում՝ հաշվի առնելով այն, որ այդ քվոտան Հայաստանինն է: Փաստորեն որևէ երկիր դեմ չէ, որ այդ քվոտան Հայաստանինն է, պարզապես Հայաստանին առաջադրվում է հարց` եթե Հայաստանը պատրաստ է իր վրա վերցնել այդ բեռը, կարող է վերցնել: Բայց ես չեմ կարծում, որ ՀՀ իշխանությունները դեկտեմբերին ասելու են, թե պատրաստ չեն:

Կասեն միայն այն դեպքում, երբ չցանկանան գնալ իրավիճակն է՛լ ավելի սրելու ճանապարհով, քանի որ նման դիրքորոշումների պարագայում հարցը կարող է անընդհատ հետաձգվել: Սակայն Ալեքսանդր Լուկաշենկոյի խոսքից պարզ է դառնում, թե ինչ խոսակցություն է ընթացել Աստանայում, և ինչ հարց են դրել ՀԱՊԿ անդամ երկրները ՀՀ իշխանությունների առջև: Եվ հիմա ՀՀ իշխանությունները պետք է մտածեն՝ ցանկանո՞ւմ են շարունակել պահպանել այդ պաշտոնը, թե՞ ոչ, և որքա՞ն երկար կարող է ձգվել ներկայիս իրավիճակը»,- ասաց բելառուս քաղաքագետը:

Հարցին, թե ինչո՞ւ է Բելառուսի նախագահը ՀԱՊԿ-ում առաջացած խնդիրները քննարկում Ադրբեջանի դեսպանի հետ, վերլուծաբանը պատասխանեց, որ դա արտացոլում է ՀԱՊԿ-ի նկատմամբ Ադրբեջանի հետաքրքրվածությունը և բելառուսաադրբեջանական հարաբերությունների սերտ բնույթը: «Ադրբեջանն ունի ազդեցություն ՀԱՊԿ-ում, որը պայմանավորված է Բելառուսի և Ադրբեջանի միջև առկա սերտ առևտրատնտեսական, հետևաբար նաև՝ քաղաքական հարաբերություններով: Կարծում եմ` Ադրբեջանը ցանկանում է ունենալ նման ազդեցություն ՀԱՊԿ-ում, այլապես այս թեմաները չէին լինի հանրային քննարկման առարկա, այս քննարկումներով շեշտվում է Ադրբեջանի հետաքրքրվածությունը և ապագա ծրագրերը:

Ըստ իս, Ադրբեջանը ցանկանում է նաև կարգավիճակ ստանալ ՀԱՊԿ-ում և կփորձի դա անել: Հայաստանը դա թույլ չի տա բնականաբար, բայց կարծում եմ` ՀԱՊԿ-ում կլինեն լուրջ տարաձայնություններ այս թեմայի վերաբերյալ, քանի որ ՀԱՊԿ բոլոր անդամները, բացառությամբ Հայաստանի, կցանկանան Ադրբեջանին տեսնել ՀԱՊԿ-ում, կցանկանան, որպեսզի կառույցն ընդլայնվի: ՀՀ իշխանություններին ՀԱՊԿ-ում բարդ խնդիրներ են սպասվում, որոնց պետք է կարողանան դիմադրել, որի համար հարկավոր է լավ հարաբերություններ ունենալ ՀԱՊԿ անդամ երկրների հետ: Խոսքն այն մասին է, որ Հայաստանը կպահպաներ իր քվոտայով իրեն հասանելի պաշտոնը, եթե Ռուսաստանի համար Խաչատուրովի հետ տեղի ունեցածը չլիներ անակնկալ: Իսկ հիմա Ռուսաստանը չի միջամտի և հարցը լուծումը կթողնի մյուս երկրներին»,- ասաց նա:

Իսկ թե ինչ պայմանավորվածությունների մասին է խոսքը՝ Կարբալևիչը դժվարացավ կանխատեսել:

«Գուցե սրանք պայմանավորվածություններ են՝ Դուշանբեում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման թեմային առնչվող, գուցե խոսքը երկկողմ հարաբերությունների հարթությունում առկա պայմանավորվածությունների մասին է: Այնուամենայնիվ, կարելի է այդ խոսքն ընդհանուր դիտարկել, որ Ադրբեջանի հետ բոլոր պայմանավորվածությունները կարևոր են Բելառուսի համար: Բայց կոնկրետ ինչ պայմանավորվածություն՝ չեմ կարող ասել»,- նշեց նա:

Տեսանյութեր

Լրահոս