«Սկսում եմ պատրաստվել 2019 թվականի Եվրոպայի առաջնությանը». Գոռ Մինասյան
Աշխաբաթում ավարտվեց ծանրամարտի աշխարհի առաջնությունը: Ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց հավաքականի անդամ Գոռ Մինասյանը դարձավ աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր:
Պոկում վարժության առաջին մոտեցման ժամանակ Մինասյանը բարձրացրեց 200 կգ, այնուհետև գլխավերևում պահեց 205 կիլոգրամը: Գոռ Մինասյանը չկարողացավ բարձրացնել 211 կիլոգրամը, բայց դա չխանգարեց հայ ըմբիշին նվաճել արծաթե մեդալ:
Հրում վարժությունում ևս Գոռ Մինասյանը հաջողությամբ կատարեց 2 մոտեցում՝ հրելով 240 և 245 կգ-ները: Արդյունքում, երկամարտի 450 կգ արդյունքով Գոռ Մինասյանը դարձավ աշխարհի առաջնության փոխչեմպիոն:
Այս քաշային կարգում բացարձակ առաջատար էր Լաշա Տալախաձեն, ով մի քանի ռեկորդներ սահմանեց:
Գոռ Մինասյանը 168.am-ի հետ զրույցում պատմում է, որ գրանցել է այն արդյունքը, որը ուզում էր:
«Սպասված արդյունք էր: Ելույթս լավ եմ գնահատում, քանի որ նոր կիլոգրամներ բարձրացրի:
Հիմա սկսում եմ պատրաստվել 2019 թվականի Եվրոպայի առաջնությանը»,- նշում է Գոռ Մինասյանը:
Չբարձրացրած կիլոգրամների մասին խոսելիս Գոռ Մինասյանը նշում է, որ գուցե այնքան էլ լուրջ չվերաբերվեց 211 կիլոգրամին, հակառակ դեպքում՝ անպայման կբարձրացներ՝ թե՛ հոգեբանորեն, թե՛ ֆիզիկապես նա պատրաստ էր:
Սիրարփի Աղաբաբյան



