Ասեղնագործ ծաղիկներով, կենդանակերպի նշաններով հագուստը կշարունակի նորաձև լինել նաև աշնանն ու ձմռանը. Արամ Նիկոլյան
«Ուրֆա. վերածնված արժեքներ», «Մուսա. Փարաջանով» և մի շարք այլ հետաքրքիր հավաքածուների հեղինակ, դիզայներ Արամ Նիկոլյանի համոզմամբ` ներկայիս նորաձևությունն անդեմ է, չունի կոնկրետություն, թելադրում է ամեն ինչ, ամեն բան, ամեն գույն, և չկա ոչ նորաձև հագուստ:
Նորաձևության հանդեպ սիրո և դրա միտումների մասին«Արմենպրես»–ի թղթակիցը զրուցել է Արամ Նիկոլյանի հետ:
-Երկար տարիներ նորաձևության ոլորտում եք: Ինչպե՞ս ծնվեց հետաքրքրությունը մոդայի նկատմամբ, և ե՞րբ հասկացաք, որ դիզայներ լինելը ձեր կոչումն է:
-Կարծում եմ՝ ցանկացած հաջողված մասնագետի առաջ է մղում սերն իր աշխատանքի, այն գործի հանդեպ, որը կատարում է: Մանկուց սիրում էի այս աշխարհը: Երբ սովորում էի ՀՊՏՀ բիզնեսի կազմակերպում և կառավարում ֆակուլտետի երրորդ կուրսում, հասկացա, որ տնտեսագիտությունն իմը չէ, և իմ կոչումն այն է, ինչը սիրում եմ իրականում: Հորաքրոջս թեթև ձեռքով, նաև ճակատագրի բերմամբ գտա այն բուհը, որտեղ սովորեցի այս մասնագիտությունը. խոսքը Գեղեցիկ արվեստների ազգային ակադեմիայի մասին է:
– Ձեր հորաքույրը նույնպե՞ս դիզայներ է:
-Նա դերձակ է:
-Մենք հաճախ տեսնում ենք արդեն պատրաստի հավաքածուն կամ գեղեցիկ հագուստը, բայց քչերս ենք պատկերացնում, թե ինչ ջանքերով է ստեղծվում այն: Կպատմե՞ք այդ գործընթացի մասին:
-Ամենակարևորը ոգեշնչման աղբյուրն է, որը քեզ դարձնում է ստեղծագործ, այնուհետև սկսվում է թեմայի ուսումնասիրությունը: Երբ աշխատում եմ ինչ-որ թեմայի վրա, փորձում եմ հնարավորինս շատ տեղեկություններ ունենալ դրա մասին: Անում ենք էսքիզներ, գտնում ենք անհրաժեշտ կտորներ, այլ նյութեր, տեխնոլոգիական մշակումներ, փորձեր ենք իրականացնում, և միայն այդ ամենից հետո կազմակերպում ցուցադրություն, որը մոտավորապես 15-20 րոպե է տևում, բայց հավաքածուի վրա 6-8 ամիս ենք աշխատում:
-Նկատել եմ, որ վերջին շրջանում Երևանի տարբեր հատվածներում նորաձևության տներ են բացվում: Մրցակցություն կա՞: Եթե այո, ինչպե՞ս եք կարողանում պահպանել ոլորտում առաջատարներից մեկի դիրքերը և չկորցնել զարմացնելու կարողությունը:
-Ամենակարճ պատասխանը հետևյալն է` սիրելով: Սիրում եմ այս մասնագիտությունը, ապրում եմ այս մասնագիտությամբ և չեմ պատկերացնում այլ կերպ: Իսկ մրցակցությունը գնահատելի է, նշանակում է, որ ոլորտը զարգացում է ապրում:
–Մեր օրերում բավականին դժվար է նոր բան ստեղծելը: Այսօրվա նորաձևությունն ի՞նչ է թելադրում:
-Ըստ իս՝ ներկայիս նորաձևությունն ամենաանդեմ նորաձևությունն է, որը չունի կոնկրետություն, որը թելադրում է ամեն ինչ, ամեն բան, ամեն գույն, և չկա ոչ նորաձև հագուստ: Մարդը, որ անհատ է և կարողանում է իր տեսակն ընդգծել ինչ-որ հագուստով կամ աքսեսուարով, դառնում է մոդայիկ:
-Իսկ դա չի՞ բարդացնում ձեր ստեղծագործական աշխատանքը:
-Ոչ այնքան: Մեր ժամանակներում դիզայներ աշխատելն ավելի հեշտ է, քան քառասուն-հիսուն տարի առաջ: Եթե նախկինում ամեն ինչ հստակ էր, և անհրաժեշտ էր այդ հստակ կանոնների շրջանակում այնպես մտածել, ստեղծագործել, որ հնարավոր լիներ առանձնանալ, ապա հիմա սահմաններ չկան: Կարողանում ես ազատ աշխատել, ազատ ստեղծել:
-Խոսեցիք ոգեշնչման աղբյուրի կարևորության մասին: Նորաձևության ասպարեզում ձեզ համար հեղինակություններ կա՞ն, որոնց ազդեցությունը գուցե կրում եք:
-Չունեմ կուռքեր: Կան նորաձևության վարպետներ, որոնց հարգում եմ և ընդունում որպես իրենց գործի փայլուն մասնագետներ: Նրանցից յուրաքանչյուրն իր տեսակով հետաքրքիր է: Ժան Պոլ Գոտյեին սիրում եմ իր հավաքածուների ձևվածքների, կոնստրուկցիաների համար: Ինձ համար նա խոր մտածող է, չափազանց ճիշտ է անում ամեն բան: Ստեղծագործական աննորմալ մտքերի համար սիրում եմ Վիվիեն Վեսթվուդին: Կոկո Շանել, Քրիստիան Դիոր. մարդիկ են, որոնք նորաձևություն են կերտել, յուրահատուկ են:
-Անդրադառնանք մոդելներին: Նրանք ի՞նչ դեր են կատարում հավաքածուի հաջողության հասնելու հարցում:
-Ցուցադրության ընթացքում ամենակարևոր դերերից մեկը հենց մոդելինն է: Մոդելը պետք է կրի հագուստը, ոչ թե հակառակը: Հիմա հաճախ կարելի է փողոցում հանդիպել երիտասարդների, որոնց հագուստն է կրում, այսինքն՝ ակնհայտ է, որ նրանք վատ են զգում իրենց, անհարմար, բայց կրում են այդ հագուստը, քանի որ դա մոդայիկ է:
Մոդելը պետք է կարողանա ճիշտ հասցնել դիզայների մտահղացումը հանդիսատեսին հագուստը կրելու արվեստի, մշակված շարժումների, միմիկաների միջոցով: Կարծիք կա, որ մոդելները քայլող կախիչներ են, բայց այդպես չէ: Նրանց շարժուձևի, քայլի, պոդիումին պահվածքի վրա աշխատում են ոճաբանները:
-Աշուն-ձմեռ: Ի՞նչ գույներ են հիմա նորաձև: Ամբողջ ամառվա ընթացքում նորաձևությունը մեզ առաջարկում էր ասեղնագործ ծաղիկներով հագուստ: Ի՞նչ միտումներ կան տարվա ցուրտ ամիսներին:
-Ասեղնագործ ծաղիկներով, կենդանակերպի նշաններով հագուստը կշարունակի նորաձև լինել: Նորաձև է ամեն ինչ, և յուրաքանչյուր մարդ կարող է գտնել այն, ինչ իրեն դուր է գալիս:
-Բազմիցս ասել եք, որ չեք սիրում խոսել ապագա ծրագրերից: Գուցե փոխե՞լ եք ձեր միտքը:
– Հնարավոր է՝ գարնանը նոր հավաքածու ներկայացնեմ: Ամեն դեպքում աշխատում եմ: Փորձում եմ տարվա մեջ գոնե մեկ անգամ իրագործել ու հանրության դատին հանձնել իմ մեջ կուտակված ստեղծագործական գաղափարները:
Կային ծրագրեր, որոնք ինչ-ինչ պատճառներով չստացվեց կյանքի կոչել, բայց հույս ունեմ, որ հաջորդ տարի ավելի լավ կլինի, և կկարողանամ արթնացնել իմ ներսի ստեղծագործողին, քանի որ նա ինձ խանգարում է, երբ երկար է անգործ մնում:
Հարցազրույցը՝ Անժելա Համբարձումյանի