Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի նախագահության ընթացքում Հայաստանը հանդես կգա մի շարք նախաձեռնություններով. Զոհրաբ Մնացականյան

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթնաժողովի նախագահության ընթացքում Հայաստանը մի շարք նախաձեռնություններ կիրականացնի: Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի ամփոփիչ ասուլիսի ընթացքում այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը: «Մենք աշխատելու ենք նաև Երևանում կայացած Ֆրանկոֆոնիայի տնտեսական ֆորումի ժամանակ ստեղծված թվային տեխնոլոգիաների հարցերով նախարարների ցանցի հետ՝ թվային տնտեսության բնագավառում նախագծեր զարգացնելու համար: Ֆրանկոֆոնիայի տնտեսական ռազմավարության համաձայն՝ մենք Հայաստանում կկազմակերպենք տնտեսական ֆորում Ֆրանկոֆոնիայի և տարածաշրջանային ինտեգրացիոն գործընթացների միջև համագործակցության վերաբերյալ»,- ասաց Մնացականյանը:

ՀՀ ԱԳ նախարարն ընդգծեց, որ Հայաստանը մեծ հպարտություն է զգում՝ միջազգային կարևոր հանդիպման հարթակ լինելու համար: «Հայ ժողովուրդը հավատարիմ է իր նախնիների հյուրընկալ ավանդույթների նկատմամբ: Մենք գրկաբաց ընդունել ենք տարբեր մայրցամաքներից ժամանած երկրների ներկայացուցիչների: Հայաստանի երիտասարդությունը իր խանդավառությամբ, ֆրանսերենի ու ֆրանկոֆոն մշակույթի հանդեպ իր սիրով ներգրավվեց միջոցառումներին: Ես կցանկանայի հիշատակել նաև այն տխրության պահերը, որ մենք ապրեցինք Շառլ Ազնավուրի՝ մեզանից հեռանալու պատճառով: Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին՝ հոկտեմբերի 5-ին Շառլ Ազնավուրի պատվին ազգային հարգանքի տուրքի արարողությանը Հայաստանին մասնակից դարձնելու համար: Մենք մեր հիշողության մեջ վառ կպահենք այն լավ օրերն ու պահերը, որոնք ապրեցինք Երևանի սրտում՝ Ֆրանկոֆոնիայի ավանում»,- ընդգծեց նա:

ՀՀ ԱԳ նախարարը հատուկ ընդգծեց Ֆրանկոֆոնիայի անդամ և դիտորդ պետությունների ղեկավարների զգալի թվով մասնակցությունը երևանյան գագաթնաժողովի աշխատանքներին: «Շատ ուրախ եմ հատկապես մեր մտքերի փոխանակման որակի և կառուցողական երկխոսության համար, որ ունեցանք այս ընթացքում: Մենք մշակել ենք ճանապարհային քարտեզ, որը սահմանում է այն նպատակները, որոնք մենք որդեգրել ենք մեր հասարակությունների առջև ծառացած հիմնական մարտահրավերներին պատասխանելու համար: Այս ճանապարհային քարտեզը վերահաստատում է Ֆրանկոֆոնիայի հիմնարար արժեքների հենքը՝ ժողովրդավարություն, մարդու իրավունքներ, տղամարդկանց և կանանց միջև հավասար իրավունքներ, կրթություն ու լեզվամշակութային բազմազանություն: Այն խթանում է համերաշխության սկզբունքները, որոնք անհրաժեշտ են ավելի արդար և հավասար հասարակություններ կառուցելու համար: Այս ամենը միասին կազմում են «Ապրել միասին»- կարգախոսի հիմքը, որին մենք սերտորեն կապված ենք, և որը պետք է պահպանվի և ամրապնդվի»,-  նշեց Մնացականյանը:

Տեսանյութեր

Լրահոս