«Առաջարկը վերաբերում է նրան, որպեսզի կանխվի ԱԺ-ն ցրելու հնարավորությունը». փոխնախարար
Այսօր Ազգային ժողովի նիստում քննարկվեց ՀՀԿ-ական պատգամավորներ Արփինե Հովհաննիսյանի, Վահրամ Բաղդասարյանի և Անդրանիկ Հարությունյանի ներկայացրած «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը, որով, ըստ էության, սահմանվում է, որ երբ ԱԺ-ի կողմից երկրորդ անգամ վարչապետի ընտրություններ տեղի կունենան, և ընտրության օրը կխոչընդոտվի պատգամավորների քվեարկությունն ինչ-ինչ պատճառներով՝ արտակարգ իրավիճակների կամ այլ, ԱԺ նիստը կհամարվի դադարեցված, և ԱԺ-ն իրավունքի ուժով չի ցրվի:
Արփինե Հովհաննիսյանը հայտարարեց, որ ԱԺ կանոնակարգ օրենքում չկա կարգավորում «ֆորս-մաժորային» իրավիճակների, արտակարգ իրավիճակների, նիստի խոչընդոտման հետ կապված, և իրենք առաջարկում են կարգավորել այն դեպքերը, երբ այս կամ այն նիստին՝ դա լինի արտահերթ թե հերթական նիստ, որևէ մեկի ժամանակ արտակարգ իրավիճակի, կամ պատգամավորների մասնակցությունը նիստին խոչընդոտելու եղանակով անհնար է, որ նրանք մասնակցեն այդ նիստին.
«Կարգավորումները վերաբերում են 2 ասպեկտի՝ երբ նիստը չի կայանում, որովհետև նիստի իրավազորությունը չի ապահովվում, և երկրորդ հատվածը վերաբերում է նրան, երբ նիստն իրավազոր է, սակայն շարունակվում է խոչընդոտվել պատգամավորների մասնակցությունը կամ նիստում առաջացել են այնպիսի հանգամանքներ և նիստը վարողի ձեռնարկած միջոցառումներն արդյունք չեն տվել: Այս տարբերակում նիստը առաջարկվում է ընդհատվի և շարունակվի այն ժամանակ, երբ վերանան այն հանգամանքները, որոնք առիթ են հանդիսացել նիստի վերացման համար: Ժամանակավոր խոչընդոտների համար ԱԺ կանոնակարգ օրենքն ուներ կես ժամով նիստի ընդհատման և վերականգնման հնարավորություն»:
Արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանը հայտարարեց, որ օրենքի նախագծում ներկայացված առաջարկությունը քաղաքական որոշ դրդապատճառներ ունի, իսկ իրավական տեսակետից թերի է, ընդ որում՝ նախագիծն իրենց հասանելի է դարձել երեկոյան, բնականաբար, հնարավորություն չեն ունեցել նախապատրաստվել, այսինքն՝ գործադրվել է նույն մեխանիզմը, ինչ նախկին կառավարությունն էր կիրառում, երբ նախագծերը բերում էր և հանձնաժողովներում առաջինից երկրորդ ընթերցման արանքում արագ փոփոխություններ անում, և պատգամավորները մշտապես բողոքում էին, որ չեն հասցնում արտահայտել իրենց դիրքորոշումը:
Փոխնախարարը հայտարարեց, որ առաջարկը վերաբերում է նրան, որպեսզի կանխվի ԱԺ-ն ցրելու հնարավորությունը. «Այսինքն՝ եթե պայմանավորվածություն ձեռք բերվի առաջին իսկ հնարավորության դեպքում արտահերթ ընտրություններ իրականացնել, և դա էլ պայմանավորել այն հանգամանքով, որ վարչապետը հրաժարական տա, և պայմանավորվածություն ձեռք բերվի, որ ոչ մի քաղաքական ուժ վարչապետի թեկնածու չի առաջադրելու, և հանկարծ դրժվի այս պայմանավորվածությունը, այլևս ժողովուրդը չի կարող պայքարել, որպեսզի իշխանությունը զբաղեցնի ժողովրդի ձայնն արտահայտող ներկայացուցիչը»:
Ա.Հովհաննիսյանի խոսքով՝ իրավական տեսանկյունից առաջարկի թերությունն այն է, թե ո՞վ է որոշում՝ արտակարգ իրավիճակ առկա է, թե՞ ոչ, խոչընդոտվո՞ւմ է պատգամավորների մասնակցությունը, դրանում առկա՞ է սպառնալիք, թե՞ ոչ. «Այս հարցի որոշումը թողնված է միանձնյա ԱԺ նախագահին: Այդ դեպքում ո՞վ է որոշելու՝ քրեորեն պատժելի արարք է իրականացվել, եթե ոչ դատարանը՝ իր դատական ակտով: Այսինքն՝ այստեղ ենթադրությունների հիման վրա միանձնյա որոշում է կայացվում»:
Նա հարցադրում արեց, որ, եթե այդքան ծայրահեղ են նայում հարցին, ապա ի՞նչ է լինելու, երբ խոչընդոտեն ԱԺ նախագահի գործունեությունը, որ նա հայտարարություն չանի, կամ՝ կոնկրետ պատգամավորներին կամ ուժին են խոչընդոտում, որ նիստին չմասնակցի, բայց նիստն իրավազոր է, ի՞նչ է արվում այդ դեպքում, թողնո՞ւմ են, որ նիստը լինի:
«Կառավարության դիրքորոշումը բացասական է, որը շատ կարճ ժամանակում է ձևավորվել, որովհետև մենք ժամանակ չենք ունեցել ավելի խորը ուսումնասիրություններ կատարել, բացասական է, այս կարգավորումը թերի է»,- եզրափակեց Արթուր Հովհաննիսյանը:
Ի դեպ, ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխությունները քննարկվում են երկրորդ ընթերցմամբ, և նշված խնդրահարույց փոփոխության առաջարկը մտցվել է առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում:
Առաջին ընթերցման ժամանակ դեռ 6-7 ամիս առաջ առաջարկվել է միայն, որ կառավարության ներկայացուցիչները, երբ հարակից զեկուցմամբ են հանդես գալիս, պարտադիր ներկա լինեն օրենքի քննարկմանը, որպեսզի խորհրդարանականները կարողանան հարցեր ուղղել նրանց:
Երկրորդ ընթերցման ժամանակ ավելացվել է, որ Քննիչ հանձնաժողով ներկայանալ ու պատասխանել հարցերին պարտավորեցվի ոչ միայն պաշտոնատար անձանց, այլև պաշտոնաթող պաշտոնատար անձանց, որոնցից մինչ պաշտոնը թողնելը Քննիչ հանձնաժողովը պահանջել է տեղեկատվություն, միաժամանակ առաջարկվում է կարգավորել ԱԺ նիստի աշխատանքները խոչընդոտելու հարցը: Ընդ որում՝ այս վերջին առաջարկն արել է «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը: