Բաժիններ՝

Տիգրան Ավինյանն ընդունել է ՎԶԵԲ Տնօրենների խորհրդի անդամներին

Սեպտեմբերի 25-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի տնօրենների խորհրդի անդամներին:

Փոխվարչապետը ներկայացրել է Հայաստանում տեղի ունեցող քաղաքական փոփոխությունների շրջանակը, դրանց արդյունքում ակնկալվող դրական տեղաշարժերը և համոզմունք հայտնել, որ այդ փոփոխությունները մեծապես կընդլայնեն ՎԶԵԲ-ի հետ համագործակցության եզրերը:

Տիգրան Ավինյանը նաև ներկայացրել է հարկային օրենսգրքում նախատեսվող փոփոխությունները՝ նշելով, որ օրենսգիրքը հնարավորինս պարզեցվելու է, իսկ հարկերը՝ հնարավորինս իջեցվելու, ինչը բարենպաստ պայմաններ է ապահովելու բիզնեսի զարգացման համար: Փոխվարչապետը հայտնել է, որ այժմ մշակվում է Հայաստանի տնտեսական զարգացման ռազմավարությունը, որտեղ արտացոլվելու են պետության տեսլականը, տնտեսական զարգացման մոդելը, առաջնահերթությունները և անելիքները: Նա նաև անդրադարձել է կառավարության տնտեսական առաջնահերթություններին՝ ընդգծելով գյուղատնտեսության զարգացման և ագրոբիզնեսի անցման, վերականգնվող էներգետիկայի, բարձր տեխնոլոգիաների կարևորությունը կառավարության ծրագրերի տեսանկյունից: Նա նաև շեշտել է թեթև արդյունաբերության կարևորությունը հատկապես աղքատության հաղթահարման համատեքստում՝ տեղեկացնելով, որ այդ ոլորտում զգալի արտոնություններ են տրվում:

Անդրադառնալով «Լիդիան Արմենիա» ընկերության շուրջ ստեղծված իրավիճակին՝ Տիգրան Ավինյանը գործընկերներին վստահեցրել է, որ կառավարությունը ջանքեր է գործադրում հնարավորինս արագ վերջնական հստակեցում մտցնելու ուղղությամբ:

Խոսելով ԵՄ-ի հետ հարաբերությունների մասին՝ փոխվարչապետը նշել է, որ օտարերկրյա գործընկերների հետ հարաբերություններում Հայաստանը ելնում է ազգային շահի տեսանկյունից, և ԵՄ-ի հետ հարաբերությունների օրակարգը մշտապես կառավարության սեղանին է, ԵՄ-ն Հայաստանում բարեփոխումների կարևոր աջակից է, և որ Հայաստանը կարող է կամուրջ դառնալ ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև:

Քննարկվել է նաև Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը և հատկապես բիզնես ֆորումը, որը փոխշահավետ համագործակցություններ ձևավորելու նոր հնարավորություն է: Հանրային բարեփոխումներին անդրադառնալով՝ փոխվարչապետը նշել է, որ դա առաջնային, բայց երկարատև գործընթաց է, որի վերջնարդյունքը լավ աշխատող, առավել փոքր պետական ապարատն է լինելու:

ՎԶԵԲ-ի ներկայացուցիչները աջակցություն են հայտնել բարեփոխումների օրակարգին և նշել, որ թե՛ տեխնիկական, թե՛ այլ աջակցության ձևաչափով համագործակցության հնարավորություններ կան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս