Բաժիններ՝

«Պետք է սովորեք հավատալ ձեզ նույնիսկ այն ժամանակ, երբ շրջապատում դադարում են ձեզ հավատալ». Մաքս Լորենս (բացառիկ հարցազրույց)

Բելառուս երգիչ, երգահան, գործիքավորող Մաքս Լորենսը (Մաքսիմ Անատոլևիչ Սապատկով) հայ երաժշտասեր հասարակությանը հայտնի է  «Лебединая», «Возле дома твоего», «Схожу с ума» և այլ երգերով, որոնք հիթեր էին դարձել։ Մաքսը համագործակցել է և շարունակում է համագործակցել մի շարք հայտնի կատարողների հետ՝ Սերյոգա, Բյանկա, Անյուտա Սլավսկայա, Դիդուլյա, Սացուրա, Լիոն, Anggun, St1m, ST, Dj Շևցով,  Dj Miller և այլք։

Մաքս Լորենսն առաջին բելառուս երգիչն է, ով գրան պրի է ստացել «Սլավյանսկի բազար» մրցույթում, ինչից հետո նա համազգային փառք է վայելում։ Սկսվում է Մաքսի և Սերյոգայի համագործակցությունը, թողարկում են մի շարք հիթեր։ Իր առաջին անհատական ալբոմը՝ «Պարեր՝ լուսնի տակ», Մաքսը թողարկել է 2008թ.։ Դրան հաջորդում են տարբեր երաժշտական մրցույթներին մասնակցություններն ու մրցանակները։

Երգիչը պատահական չի ընտրել Լորենս կեղծանունը. նրա մոր ազգանունը Լորենսոն է. նա ունի գերմանական ծագում։ Մաքսն ազատ հաղորդակցվում է գերմաներենով։

168.am-ը բացառիկ հարցազրույց է ունեցել երգչի հետ, փորձել ենք պարզել, թե ի՞նչ նախագծերի վրա է աշխատում, ինչպե՞ս է անցնում ընտանեկան կյանքը, ի՞նչ խորհուրդներ է տալիս սկսնակ երաժիշտներին, և այլն։

Կարդացեք նաև

– Մաքս, այս տարի թողարկեցիք միայն «Притяжение» երգը. այլ նորությունների սպասե՞նք։

– Այո, իհարկե։ Ես միշտ թողարկելու ինչ-որ բան ունեմ։ Քանի որ ես ուրիշ կատարողների համար էլ եմ գրում, սեփական երգերս չեմ հասցնում ժամանակին թողարկել։ Բայց չնայած ծանրաբեռնված օրակարգիս՝ այս տարի անպայման պրեմիերա կունենամ։

– Ձեր հարցազրույցներից մեկում ասել եք. «Ես լռություն եմ սիրում, երաժշտությունը լռություն է սիրում, և ես լսում եմ իմ երգերն այն ժամանակ, երբ շուրջս լռություն է»։ Հետաքրքիր է, ներկայումս ունենո՞ւմ եք նման հնարավորություն, լուռ պահեր լինո՞ւմ են։

– Օ՜, դա անգին վիճակ է։ Մեր աշխարհում լռություն գրեթե չի լինում։ Հոգսեր, գործեր, պատասխանատվություն։ Միայն գիշերը, երբ քաղաքը քնած է, ես որսում եմ այդ վիճակը և սկսում եմ ստեղծագործել։ Հենց այդ պահին էլ տեղի է ունենում հրաշագործությունը (ժպտում է.- Ռ.Մ.)։

– Գիտեմ, որ շատ լավ եք նկարում, նույնիսկ երազել եք մուլտիպլիկատոր դառնալու մասին։ Ե՞րբ սկսեցիք գիտակցել, որ երաժշտությունն է այն ուղին, որը պետք է ընտրեք։ Նկարչությունն օգնո՞ւմ է երաժշտության մեջ։

– Անկեղծ ասած՝ չեմ մտածել այդ մասին, պարզապես գնացել եմ երաժշտության հետևից։ Ես նույնիսկ մեկ օր առանց կիթառի չէի անցկացնում։ Անընդհատ ինքնակատարելագործվում էի, լսում էի տարբեր արտիստների, տարբեր ժանրեր։ Բայց ավելի շատ սիրեցի սոուլն ու R&B-ն։ Երևի հենց դա էլ ինձ հնարավորություն տվեց ընտրել իմ ոճն ու ուղղությունը, ինչն էլ բերեց նրան, որ ինքս զբաղվեմ և՛ երգեր գրելով, և՛ արտադրությամբ։ Ես գրեթե ինքնաբավ եմ՝ կարող եմ գրել և թողարկել ցանկացած երգ, ցանկացած ժանրում, ինչպես իմ, այնպես էլ այլ կատարողների համար։ Բայց նաև այլ արտիստների ու երաժիշտների հետ համագործակցությունն եմ ողջունում։

Իսկ նկարչությունն ուղղակի հոբբի է։ Երբ լիցքաթափվելու ցանկություն եմ ունենում, կարող եմ ժամերով նստել և մուլտիպլիկացիոն հերոսների հնարել պլանշետով կամ թղթի վրա։

– Կարո՞ղ եք մի ընդհանրացված խորհուրդ տալ սկսնակ երաժիշտներին։

– Թողե՛ք այդ գործը (ծիծաղում է.- Ռ.Մ.)։ Դա շատ բարդ ուղի է, եթե միայն այդ հարցին չեք մոտենում փիլիսոփայորեն (ժպտում է.- Ռ.Մ.)։ Դուք պետք է սովորեք հավատալ ձեզ նույնիսկ այն ժամանակ, երբ շրջապատում դադարում են ձեզ հավատալ։ Քչերն են հասկանում, որ տաղանդավոր երաժիշտների գաղափարները կարող են անգին լինել։

– Ունե՞ք Ձեր սեփական հաջողության բանաձևը, կկիսվե՞ք դրանով։

– Ոչ մի բանաձև էլ չկա, յուրաքանչյուրն իր ուղին և ներդաշնակությունն ունի։ Ամեն ինչ կախված է նրանից, թե կոնկրետ պահի և կյանքիդ որոշակի փուլում ինչ որոշումներ ես ընդունում։ Ճիշտ ես վարվել, թե ոչ, կհասկանաս միայն այն ժամանակ, երբ դուռը բացես ու ներս մտնես։

– Հետաքրքիր է՝ ո՞րն է Ձեզ համար հաջողության և հայտնիության տարբերությունը։

– Հայտնիությունն այն է, երբ քեզ բոլոր ճանաչում են, իսկ հաջողությունը՝ երբ դրա հետ մեկտեղ՝ նաև փող ունես։

– Ո՞րն է աշխարհի ամենաապահով վայրը Ձեզ համար և ինչո՞ւ։

Ամենաապահով վայրն այս աշխարհում այնտեղ է, որտեղ քեզ սիրում ու սպասում են։

– Ձեր երեխայի մանկությունն անցնո՞ւմ է այնպես, ինչպես Դուք կցանկանայիք։

– Այո, միանգամայն. նա ոչնչի կարիք չունի, անհոգ և ստեղծագործ երեխա է մեծանում՝ աշխարհի ամենաապահով վայրում։

– Իսկ ի՞նչ անեն ծնողները, եթե երեխայի դաստիարակությունը ցանկալի արդյունքների չի բերում։

– Ոչինչ, բնությունն ամեն ինչ կկարգավորի։ Պետք է միայն չխանգարել և միշտ պատրաստ լինել օգնել ու բացատրել՝ որն է լավ, որը՝ վատ։

– Եվ վերջում՝ ի՞նչ հարցի կցանկանայիք ինքներդ պատասխանել, որը Ձեզ երբեք չեն տալիս։

– Ինձ երբեք չեն հարցնում՝ ի՞նչ երաժշտական գործիքներ եմ նվագում և ինչպե՞ս եմ երգել սովորել։

– Այդ դեպքում ես կհարցնեմ՝ ի՞նչ երաժշտական գործիքներ եք նվագում և ինչպե՞ս եք երգել սովորել։

– Ես նվագում եմ կիթառ և դաշնամուր։ Կիթառն ինքնուրույն եմ սովորել՝ այդ գործիքի հանդեպ անմնացորդ սիրուս պատճառով։ Ես ոչ ակորդները գիտեի, ոչ էլ՝ կիթառ լարել, բայց ամեն ինչ սովորեցի, և հիմա նա իմ հենարանն է, ինձ օգնում է թե՛ բեմում, թե՛ ստուդիայում։
Ահա թե ինչու է իմ երգերում այն այդքան շատ հնչում։ Իսկ ստեղնաշարային գործիքներ նվագել սովորել եմ երաժշտական դպրոցում, ավարտել եմ ամբողջական կուրսը՝ 7 տարի։ Հիմա այդ ամենն ինձ օգնում է իմ արվեստում և կարիերայում։

Ինչ վերաբերում է վոկալին, ապա սկսել եմ երգել դեռևս դպրոցական տարիներից։ Տատիկիս խոսքով՝ դեռ 3 տարեկանից եմ երգում, բայց ավելի լուրջ ցանկություն առաջացավ, երբ 8-րդ դասարան էի։ Այդ պահից իմ ողջ կյանքը կապված է երաժշտության հետ։ Ես երգել և երգում եմ ամեն օր, հենց դրանում է արդյունքը։ Ես իմ առաջ նպատակներ եմ դրել, որոնք շատ կատարողներ չեն կարող հասկանալ. ես տեսել և տեսնում եմ երաժշտությունը ներսից։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս