Արդյոք կարո՞ղ է «Լիդիան Արմենիան» ճակատագրական լինել մեր տնտեսության համար
Օրեր առաջ հրապարակվեց առաջին կիսամյակում Հայաստանում կատարված ուղղակի ներդրումների և ներդրումային հոսքերի ցուցանիշները, որոնք բավականին լուրջ քննարկման առիթ հանդիսացան, ինչը, իհարկե, հասկանալի է, քանի որ ներդրումները հանդիսանում են տնտեսության զարգացման կարևորագույն գործոններից մեկը: Այս ենթատեքստում, սակայն, անհասկանալի է դառնում այն հանգամանքը, որ վերջին տարիներին մեր երկրում ամենախոշոր ներդրումային ծրագիր իրականացնող ընկերությունը խնդիրների առաջ է կանգնել: Քննարկենք ՀՀ տնտեսական աճի վրա ներդրումների ունեցած ազդեցությունը, դրա մեջ խոշոր ներդրողի դերակատարությունն ու վերջինիս «պատժելու» դեպքում հավանական տնտեսական ռիսկերը:
Առավել լավ հասկանալու համար, թե ի՞նչ դերակատարում ունեն ներդրումները մեր երկրի տնտեսության զարգացման համար, փորձենք դիտարկել տնտեսության հիմնական բնութագրիչը հանդիսացող ցուցանիշի՝ ՀՆԱ-ի վերլուծություն, դիտարկելով դրա ծախսային կառուցվածքը: Կիրառվող հայտնի մեթոդաբանության համաձայն, եկամուտների օգտագործման եղանակով (ծախսային եղանակ) հաշվարկված ՀՆԱ–ն ապրանքների և ծառայությունների վերջնական սպառման ծախսերի, համախառն կուտակման և զուտ արտահանման հանրագումարն է:
Վիճակագրության կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2018 թվականի առաջին 2 եռամսյակներում ՀՆԱ-ի ստեղծմանը դրական են նպաստել վերջնական սպառման ծախսերը և համախառն կուտակումը: Մասնավորապես 1-ին եռամսյակում վերջնական սպառման նպաստումը կազմել է 2.3 տոկոս, իսկ համախառն կուտակման նպաստումը՝ 12.3 տոկոս: 2-րդ եռամսյակում այս երկու ցուցանիշները նվազել են՝ կազմելով համապատասխանաբար՝ 2.1 և 8.5 տոկոս: ՀՆԱ-ի ստեղծմանը բացասական է նպաստել Արտահանման և ներմուծման սալդոն, որը առաջին և 2-րդ կիսամյակներում կազմել է համապատասխանաբար՝ -7.4 և -6.2 տոկոս:
Ծախսային եղանակով հաշվարկած ՀՆԱ-ի նպաստումները՝ ըստ բաղադրիչների
Այսպիսով փաստենք, որ վերջին եռամսյակներում տնտեսական աճն ապահովվել է առավելապես ներդրումների հաշվին, քանի որ վերջին 3 եռամսյակներում ՀՆԱ-ի աճին նպաստող գործոնների մեջ աստիճանաբար նվազել են վերջնական սպառման ծախսերի և արտահանման և ներմուծման սալդոների նպաստումները, սրա փոխարեն, առավել մեծ նպաստում ունի համախառն կուտակումը, ինչը նշանակում է. այսպես՝ 2017 թվականի 4-րդ եռամսյակում վերջինիս նպաստումը ՀՆԱ-ին կազմել է 6.1 տոկոս, 2018-ի 1-ին եռամսյակում՝ 12.3 տոկոս, իսկ երկրորդ եռամսյակում՝ 8.5 տոկոս: Ի հակադրումն սրա, գնալով նվազել է վերջնական սպառման ծախսերի նպաստումները՝ 2017 թվականի առաջին եռամսյակում կազմելով 10.3 տոկոս, իսկ 18-ին նվազել է՝ կազմելով համապատասխանանաբար՝ 2.3 և 2.1 տոկոս: Բացասական նպաստում է ունեցել արտահանման և ներմուծման սալդոն, կազմելով -6.2 տոկոս: Նշենք նաև, որ նպաստումների նման բևեռացում նկատվել էր նաև 2007-2008 թվականներին, երբ տնտեսական աճին հիմնական նպաստողը ներդրումներն էին, սակայն 2008-ի համաշխարհային ճգնաժամը կրճատեց ներդրումները, և արդյունքում 2009-ին գրանցվեց 14.1 տոկոս անկում:
Գալով մեր օրերին, պետք է փաստենք, որ ստեղծվել է մի իրավիճակ, երբ արձանագրվող բավականին բարձր աճի տեմպն իր մեջ վտանգներ է պարունակում, քանզի ապագայում ներդրումների կրճատման պարագայում էականորեն «կտուգանվի» տնտեսական աճը: Իսկ թե ինչպիսի՞ն են ներդրումների վերաբերյալ առաջիկա սպասումները, կանդրադառնանք քիչ անց:
Առավել մանրամասն խոսելով ներդրումների մասին՝ պետք է փաստենք, որ ներդրումային հոսքերին արձագանքող առաջին ոլորտը հանդիսանում է շինարարությունը: Վերջին 7 ամիսների ընթացքում հենց այս գործոնի հաշվին ոլորտի թողարկման ծավալները բոլոր ամիսներին ունեցել են երկնիշ աճեր: Այս բարելավման հիմնական ապահովողը և ներդրումներ իրականացրած կազմակերպությունն Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործումն իրականացնող «Լիդիան Արմենիա» ներդրումային ընկերությունն է: Դեռևս 2016 թվականին հաստատված ներդրումային ծրագրով այս ընկերությունը պարտավորվել էր իրականացնել շուրջ 380 միլիոն ԱՄՆ դոլար ընդհանուր ներդրումներ:
Վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված տվյալների համաձայն՝ 2018 թվականին շինարարության ոլորտը մշտապես բարձր աճ է ապահովել, իսկ հունվար-հուլիսին աճը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է 10.4 տոկոս: Այստեղ հիմնական կշիռը բաժին է ընկնում հենց «Լիդիան Արմենիա» ընկերությանը, որի ծրագիրը, թերևս, գտնվում է շինարարական փուլում, իսկ առաջին արտահանումը նախատեսվում էր իրականացնել այս տարվա օգոստոսին: Այսինքն՝ ստացվում է, որ այս պահին մեր 2018 թվականի համար ունեցած մեր 9.3 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշի զգալի մասն ապահովվել է շինարարության ոլորտի հաշվին, ոլորտի համախառն թողարկումը կազմել է շուրջ 350 մլն ԱՄՆ դոլար, որի գերակշիռ մասը բաժին է ընկնում հենց «Լիդիան Արմենիա» ընկերությանը: Այստեղ հարց է առաջանում: Իսկ ի՞նչ կլիներ, եթե չունենայինք իրականացված ներդրումները: Պատասխանն ակնհայտ է վերը ներկայացված գծապատկերից: 2018 թվականին կունենայինք միայն 2.3 և 2.1 տոկոս վերջնական սպառման ծախսերի նպաստում, իսկ այդ պարագայում լուրջ տնտեսական աճի մասին խոսելն ուղղակի անիմաստ է:
Այսպիսով, ամփոփելով մակրոտնտեսական ցուցանիշների վերլուծությունը, կարող ենք փաստել, որ մեր տնտեսությունը, հիմա առավել քան երբևէ, կարիք ունի ներդրումային լուրջ հոսքերի, ինչի համար անհրաժեշտ է 2 հիմնական նախապայման՝ կայունություն և ներդրումային բարենպաստ միջավայր: Այստեղ կայունություն ասելով՝ նախ և առաջ հասկանում ենք երկարաժամկետ խաղի կանոնների պահպանում, ինչը հենց այս ներդրումային ծրագրի համար չի պահպանվել: Ընկերությունն իրականացնելով իր ծրագիրը, սկսել է աշխատել որոշակի խաղի կանոններով, որի շուրջ նա համաձայնել է այն ժամանակվա իշխանությունների հետ և կատարել է իր առջև դրված բոլոր պարտավորությունները: Նոր իշխանությունները փորձում են այդ կանոնների համար պատասխանատվության ենթարկել կազմակերպությանը: Սա իր հերթին՝ լուրջ հարված է հասցնում մեր երկրի ներդրումային գրավչությանը, քանզի ստացվում է, որ ընկերությունը, որ իրականացրել է շուրջ 380 միլիոն ԱՄՆ դոլարի ներդրում, ոչ միայն զրկվում է աշխատելու և շահույթ ստանալու հնարավորությունից, այլ նաև կարող է քրեական պատասխանատվության ենթարկվել: Եվ հենց այս իրավիճակի պարզ գնահատականն էր ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի հայտարարությունը՝ Ամերիկացի ներդրողները ուշադրությամբ հետևում են «Լիդիան Արմենիայի» հետ կապված գործողությունների ընթացքին:
Ստացվում է, որ «պատժելով» «Լիդիան Արմենիային», մենք «տուգանում ենք» տնտեսական աճը և կրճատում սպասվող ներդրումները: Եթե մեր երկրում ընթացքող երևույթներին նայենք բիզնեսի տեսանկյունից, ապա պետք է փաստենք, որ խոշոր հաշվով ներդրողին չպետք է հետաքրքրեն ոչ ժողովրդավարությունը, ոչ էլ կոռուպցիայի դեմ պայքարը և այլ (ընդհակառակը՝ կոռուպցիան երբեմն ավելի ընդունելի է բիզնեսի համար, քանի որ վերջինս այդպես իր խնդիրները կարողանում է լուծել ավելի էժան և արագ): Ուստի, եթե տվյալ ներդրումային ծրագիրը նախկին խաղի կանոններով անգամ պարունակել է որոշակի ռիսկեր, ապա դրա համար նրանց վռնդելու փոխարեն՝ պարզապես անհրաժեշտ է փոխել խաղի կանոնները և թելադրել նոր կանոններ, և միայն իրավիճակի դրական հանգուցալուծումը կարող է դրական ազդակ լինել նոր ներդրումների ներգրավման համար, հակառակ դեպքում, առաջիկայում մենք ունենալու ենք ներդրումների նվազում, քանի որ ոչ մի ներդրող չի ցանկանա ներդրում կատարել մի երկրում, որտեղ իրեն, հնարավոր է, դրա համար քրեական պատասխանատվության ենթարկեն, որը, ինչպես արդեն նշեցինք, կարող է աղետալի հետևանքներ ունենալ տնտեսության հետագա զարգացման համար:
Եվ վերջում ավելացնենք ևս մի կարևոր հանգամանք: Ծրագրի իրականացման ընթացքում ընկերությունը փաստացի կատարել է իր առջև դրված պարտականությունները /միգուցե տարբեր ճանապարհներով, սակայն փաստացի որևէ բացթողում ընկերությունը չի ունեցել/ և շատ հնարավոր է, որ ապագայում ունենանք այնպիսի իրավիճակ, երբ կազմակերպությունը միջազգային դատարան հայց կներկայացնի՝ պահանջելով իր կողմից ակնկալվող 2-3 մլրդ ԱՄՆ դոլար շահույթը: Այս երևույթը ոչ միայն կազմակերպության իրավունքների իրացումը կլինի, այլ ինչ-որ առումով նաև «երազանքների ծրագիր» կարող է դառնալ, իսկ այդօրինակ նախադեպեր աշխարհում բազմիցս եղել են, և շատ ու շատ պետություններ ստիպված են եղել երկար տարիներ վճարել կազմակերպություններին սեփական սխալների համար:
ՀԱՅԿ ԲԵՋԱՆՅԱՆ