Սեուլում թաքնված տեսախցիկների դեմ ակտիվ պայքար են սկսել զուգարաններում
Սեուլի հասարակական զուգարաններում ստուգումներ կսկսվեն թաքնված տեսախցիկներ գտնելու նպատակով: Դրանց տեսագրությունները հաճախ են հայտնվում Համացանցում: Կորեուհիների մոտ նույնիսկ սովորություն է դարձել ստուգել, թե իրենց հետեւում են արդյոք թաքնված տեսախցիկի օգնությամբ, տեղեկացնում է BBC-ին:
Սեուլում ընդհանուր առմամբ 20 հազարից ավելի հասարակական զուգարան կա: Մինչ այժմ թաքնված տեսախցիկների առկայության ստուգումներն անցկացվում Էին ամսական ընդամենը մեկ անգամ:
Դրա պատասխանատվությունը դրվել էր 50 ծառայողների վրա, որոնք վերջին երկու տարվա ընթացքում ոչ մի խցիկ չեն կարողացել հայտնաբերել:
Սեուլի իշխանությունները հաշվել են, որ ամենօրյա ստուգումների համար կպահանջվի 8 հազար մարդ: Սպասվում է, որ թաքնված տեսախցիկներ գտնելու հիմնական պարտականությունները կընկնեն այն մարդկանց վրա, որոնք այժմ զբաղվում են զուգարանների սպասարկմամբ:
Նաեւ կառանձնացվի շուրջ հազար զուգարան, որտեղ հատկապես հաճախ է կատարվել գաղտնի նկարահանումը: Դրանց պլանավորում է առանձնակի ուշադրություն դարձնել:
Մինչ իշխանությունները թաքնված տեսախցիկներ են փնտրում, իրավապահները նշում են, որ, վիճակագրության համաձայն, գաղտնի նկարահանման հետ կապված բոլոր գրանցված հանցագործությունների 90 տոկոսը բաժին է ընկնում սովորական շարժական հեռախոսներին:
Անցյալ տարվա տվյալներով՝ Հարավային Կորեայում գրանցվել է թաքցված սարքերի օգտագործման ավելի քան 6 հազար դեպք. որոնց տեսագրություններն այնուհետեւ տեղադրվել են պոռնոկայքերում: Կորեացի կանանց շրջանում, որոնք կազմում են հասարակական զուգարաններում եւ հանդերձարաններում չարտոնված տեսանկարահանումների զոհերի 80 տոկոսը, մեծանում է թաքնված տեսախցիկների օբյեկտիվում հայտնվելու անհանգստությունը եւ վախը:
Երկրում ընդգրկուն արշավ է ծավալվել ուշադրությունը հոլովակների չարտոնված վաղտնի նկարահանումների խնդրի վրա հրավիրելու նպատակով, որոնք ստացել են «կենցաղային պոռնո» անվանումը: Արշավի գլխավոր թիրախ են դարձել նմանօրինակ կոնտենտի սպառողները՝ կայքերի օգտատերերը, որտեղ հարյուրավոր նման հոլովակներ են զետեղվում: Նրանց հասցեագրված ուղերձի իմաստն այն է, որ, ներբեռնելով նման հոլովակներ, նրանք հավասարվում են սեռական բռնացողներին:
Խնդիրը լայն արձագանք է առաջացրել: Տասնյակ հազարավոր կանայք դուրս են եկել ցույցի՝ տանելով «Իմ կյանքը քո պոռնոհոլովակը չէ» եւ «Հարավկորեացիները թաքնված տեսախցիկների ազգ են» կարգախոսներ: