Կալանք է դրվել Գագիկ Ծառուկյանի անձնական շարժական և անշարժ գույքի վրա․ Արման Աբովյան
Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Այսօր լուր տարածվեց Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քաղաքական բռնաճնշումների հերթական փուլի մասին։
Կալանք է դրվել նրա անձնական շարժական և անշարժ գույքի վրա։
Սա սպասելի էր, քանի որ այս իշխանությունների՝ հայերի նկատմամբ ատելությունը, կարծես, որևէ սահման չի ճանաչում՝ ո՛չ բարոյական, ո՛չ էլ էթիկական։
Բայց այստեղ կարևոր է ասել հետևյալը։
Համեմատե՛ք և հետևություններ արե՛ք։
Փաշինյանն ու նրա իշխանությունը խուլիգանական մեթոդներով Ծառուկյանից խլում են գործարաններն ու կոմբինատները։
Ծառուկյանն ի պատասխան ասում է, որ Հայաստանի շուրջ արտաքին սպառնալիքներ են գեներացվում և կոչ է անում մարդկանց համախմբման ու հասարակական համաձայնության։
Ծառուկյանի դեմ կեղծ գործ են հարուցում, որի շրջանակում նրան նետում են բանտ։
Ի պատասխան՝ Ծառուկյանն ասում է, որ Տիգրանաշենի խնդիրը չի կարելի դիտարկել ամբողջ Հայաստանից կտրված, քանի որ սպառնալիքը կախված է բոլորիս գլխին։
Ծառուկյանի նկատմամբ իրականացվում է տոտալ ճնշում։
Ի պատասխան՝ Ծառուկյանը կոչ է անում ազգային համերաշխություն և ներհայկական ատելության դադարեցման։
Եվ եթե այս ամենից հետո դուք համապատասխան հետևություններ չեք անում, թե ով ` ով է , ապա, երևի, կամ խլացել ու կուրացել եք, կամ պարզապես հրաժարվում եք ընդունել իրականությունը»։

