Բաժիններ՝

Չեռնոգորիան՝ խմբի առաջատար, Հայաստանը՝ հաղթանակի պարտավորությամբ․ Պոդգորիցայում վճռորոշ պայքար է սպասվում

Հայաստանի ազգային հավաքականին այսօր Պոդգորիցայում սպասվում է Ազգերի լիգայի C2 խմբի ամենակարևոր հանդիպումներից մեկը։ Եղիշե Մելիքյանի թիմը հյուրընկալվելու է Չեռնոգորիային, որը երեք տուրից հետո դեռևս միավոր չի կորցրել և Հայաստանից առաջ է 5 միավորով։ Երևանում 2։3 հաշվով կրած ցավալի պարտությունից հետո Հայաստանի հավաքականը հնարավորություն ունի պատասխան խաղում շտկելու իրավիճակը, սակայն այս անգամ դրա համար անհրաժեշտ է ոչ թե պարզապես լավ խաղ, այլ հաղթանակ։

Հայաստանի ազգային հավաքականը հոկտեմբերի 5-ին Ազգերի լիգայի C2 խմբի 4-րդ տուրի շրջանակում արտագնա հանդիպում կանցկացնի Չեռնոգորիայի ընտրանու դեմ։ Պոդգորիցայի «Գրադսկի» ստադիոնում կայանալիք հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 22։45-ին։

Հայաստանի հավաքականը մրցաշարը սկսել է Լատվիայի նկատմամբ 2։0 հաշվով հաղթանակով, սակայն դրանից հետո սեփական հարկի տակ 2։3 հաշվով պարտվել է հենց Չեռնոգորիային, իսկ նախորդ տուրում արտագնա խաղում 0։2 հաշվով զիջել է Կիպրոսին։ Երեք տուրից հետո Եղիշե Մելիքյանի թիմն ունի 3 միավոր և խմբում հայտնվել է բավական բարդ իրավիճակում։

Չեռնոգորիան, հակառակը, մրցաշարում դեռևս միավոր չի կորցրել։ Միրկո Վուչինիչի գլխավորած թիմը հաղթել է բոլոր երեք հանդիպումներում և Հայաստանի նկատմամբ արդեն 5 միավորի առավելություն ունի։ Երևանում կայացած առաջին խաղում ևս Չեռնոգորիան կարողացավ հաղթանակ տոնել՝ վճռորոշ գոլը խփելով հանդիպման վերջին րոպեին։

Այժմ Հայաստանի հավաքականը Պոդգորիցայում հնարավորություն ունի պատասխանելու այդ պարտությանը և միաժամանակ վերադառնալու խմբում պայքարի մեջ։ Սակայն առաջադրանքը հեշտ չէ նաև այն պատճառով, որ Հայաստանի արտագնա արդյունքները վերջին շրջանում համոզիչ չեն։ Թիմը վերջին յոթ հյուրախաղերում չի հաղթել՝ գրանցելով վեց պարտություն և մեկ ոչ-ոքի։

Չեռնոգորիան էլ, չնայած մրցաշարում ունեցած կատարյալ արդյունքին, ամբողջությամբ անխոցելի չէ։ Թիմը բոլոր երեք հանդիպումներում կարողացել է մի քանի գոլ խփել, սակայն նույն խաղերում չի կարողացել սեփական դարպասն անառիկ պահել։ Այսինքն՝ Վուչինիչի թիմը բավական արդյունավետ է հարձակման գծում, բայց պաշտպանությունում նույնպես հնարավորություն է տալիս մրցակիցներին։

Չեռնոգորիայի գլխավոր մարզիչ Միրկո Վուչինիչը նախախաղային ասուլիսում խոսել է թիմի ներկայիս դիրքի և դրա պահպանման դժվարության մասին։

«Իհարկե, մեր դիրքն իդեալական է, քանի որ 5 միավորի առավելություն ունենք, բայց հեշտ չէ։ Երբ գագաթին ես, բոլորը փորձում են քեզ ցած գցել։ Տղաներն օրեցօր բնավորություն և ցանկություն են ցուցաբերում այնտեղ մնալու համար, բայց հենց այդ դիրքը պահպանելն է ամենադժվարը»,- նշել է նա։

Վուչինիչը անդրադարձել է նաև Երևանում կայացած հանդիպմանը՝ ընդգծելով, որ իր թիմն այնտեղ արժանիորեն վաստակեց երեք միավորը, թեև հաղթական գոլը խփվեց միայն վերջին րոպեին։ Չեռնոգորիայի մարզիչը ֆուտբոլիստներին կոչ է արել չկենտրոնանալ նախորդ խաղերի արդյունքների վրա։

«Յուրաքանչյուր հանդիպում տարբեր է։ Կարծում եմ՝ Երևանում մենք ավելի լավ տեսք ունեինք և արժանիորեն վաստակեցինք 3 միավորը, թեև հաղթական գոլը խփեցինք միայն վերջին րոպեին։ Ես անընդհատ կրկնում եմ ֆուտբոլիստներիս՝ պետք է ջնջել հիշողությունից այն, ինչ եղել է, քանի որ յուրաքանչյուր նոր օր նոր մարտահրավեր է և ապացուցելու նոր հնարավորություն։ Մենք ցույց տվեցինք, որ կարող ենք արդյունքի հասնել, երբ պայքարում ենք մինչև վերջ»,- ասել է նա։

Վուչինիչի խոսքով՝ Չեռնոգորիայում ստեղծված մթնոլորտը դրական է, սակայն այն կարող է նաև շեղել թիմին հիմնական նպատակից։

«Այն, ինչ հիմա կատարվում է, հիանալի է․ լիքը մարզադաշտ, էյֆորիա… բայց դա նաև կարող է շեղել բուն նպատակից։ Մենք պետք է շարունակենք մեր աշխատանքը։ Ես այստեղ եմ եկել, որովհետև ճանաչում եմ այս տղաներին, հավատում եմ նրանց որակներին։ Մենք պետք է նույն ուղղությամբ թիավարենք՝ առաջնորդվելով հաղթանակի քաղցով ու ցանկությամբ, հակառակ դեպքում խնդիրներ կունենանք»,- նշել է մարզիչը։

Չեռնոգորիայի կիսապաշտպան Մարկո Յանկովիչն էլ խոսել է թիմի շուրջ ստեղծված սպասելիքների մասին։ Նրա խոսքով՝ ոչ վաղ անցյալում հավաքականից անընդմեջ հաղթանակներ չէին սպասում, մինչդեռ այժմ երկրպագուները ցանկանում են միայն նոր հաղթանակներ։

«Ոչ վաղ անցյալում մենք գրեթե ոչ մեկի չէինք հաղթում, իսկ հիմա հանրությունը մեզնից միայն անընդմեջ հաղթանակներ է սպասում։ Դրա հետ հեշտ չէ համակերպվելը։ Կգան պահեր, երբ կլինեն նաև պարտություններ ու ոչ-ոքիներ։ Չի կարելի ճնշում գործադրել հատկապես այն տղաների վրա, ովքեր նոր են միացել թիմին։ Պետք է պարզապես հանգիստ խաղալ և չտրվել էյֆորիային։ Մեր տղաները գիտեն՝ ինչպես դիմակայել այս իրավիճակին»,- ասել է Յանկովիչը։

Նա ընդգծել է նաև, որ լավ արդյունքները երկրպագուներին վերադարձրել են մարզադաշտ։

«Յուրաքանչյուր ֆուտբոլիստի երազանքն է խաղալ լեփ-լեցուն մարզադաշտում։ Սա մեզ ուրախացնում է, բայց նաև պարտավորեցնում է ցուցադրել դիտարժան խաղ»,- նշել է կիսապաշտպանը։

Յանկովիչի կարծիքով՝ Հայաստանի դեմ պատասխան խաղում կարևոր գործոն կարող է դառնալ նաև ֆուտբոլիստների ֆիզիկական պատրաստվածությունը։

«Կարծում եմ՝ այս անգամ կգերիշխի այն թիմը, որը ֆիզիկապես ավելի լավ պատրաստված կլինի։ Հիմա առաջին պլանում միգուցե ոչ թե որակն է, այլ այն, թե որքանով են ֆուտբոլիստները վերականգնվել։ Մեզ մոտ հաղթելու ցանկությունն ու կամքը հսկայական են։ Մենք չենք կարող թույլ տալ, որ որևէ մեկը մեզնից ավելի շատ ցանկանա հաղթել այս խաղում։ Բոլորը հասկանում են իրավիճակի լրջությունը և անում են առավելագույնը, որպեսզի այս ցիկլը ևս եզրափակենք հաղթանակով»,- ասել է նա։

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանն իր հերթին նշել է, որ թիմի հիմնական խնդիրներից մեկը շարունակում է մնալ սահմանափակ կադրային ռեսուրսը։

«Մենք ունենք նույն խնդիրը, ինչ առաջին խաղից առաջ։ Կադրային առումով մեր ռեսուրսները խիստ սահմանափակ են, և լավ արդյունքի հասնելու համար պետք է խիզախորեն պայքարենք։ Մենք հստակ պլան ունենք․ եթե ցանկանում ենք պահպանել մեր բարձր շանսերը, ապա պարտավոր ենք հաղթել»,- նշել է Մելիքյանը։

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչը նաև ընդգծել է, որ արտագնա խաղում թիմը պետք է պատրաստ լինի մարզադաշտից եկող ճնշմանը։

«Տանը խաղալն այլ է, քանի որ երկրպագուների աջակցությունը մեզ առաջ է մղում։ Նրանք մեզ շատ են պետք, բայց մենք պետք է պատրաստ լինենք տրիբունաներից եկող ճնշմանը։ Չպետք է մոռանալ, որ մենք Եվրոպայի ամենաերիտասարդ հավաքականներից մեկն ենք, սակայն դա չի նշանակում, թե հավակնություններ չունենք։ Հույս ունեմ, որ բախտը մեզ կժպտա, և մարզադաշտում ներկա մեր երկրպագուների աջակցությունը, թեկուզ ոչ մեծաքանակ, լրացուցիչ ուժ կհաղորդի մեզ՝ Չեռնոգորիային հաղթելու համար»,- ասել է Մելիքյանը։

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Ուգոչուկվու Իվուն ևս ընդգծել է, որ թիմը Պոդգորիցա է մեկնել հաղթանակի հետևից։

«Երևանում մենք ավելի լավ արդյունք գրանցելու հնարավորություններ ունեինք, բայց, ցավոք, մնացինք առանց միավորների։ Մենք այստեղ ենք եկել իրավիճակը շտկելու և հաղթանակ տոնելու համար»,- նշել է Իվուն։

Միևնույն ժամանակ, Վուչինիչը հայտնել է, որ երեք խաղերից հետո իր ֆուտբոլիստները մեծ էներգիա են ծախսել, և հենց մեկնարկային կազմի ընտրությունն է իր համար ամենաբարդ հարցերից մեկը։

«Երեք խաղից հետո բավականին բարդ իրավիճակ է ստեղծվել։ Տղաները շատ էներգիա են ծախսել, բայց բոլորն էլ ցանկանում են խաղալ։ Տիրող էյֆորիան մղում է նրանց առաջ։ Ինձ համար սա ամենադժվար հանդիպումն է մեկնարկային կազմի ընտրության հարցում․ դեռ չգիտեմ՝ ում, որտեղ և ինչպես խաղացնել»,- նշել է Չեռնոգորիայի մարզիչը։

Հանդիպումը կսպասարկի լիտվացի մրցավարական անձնակազմը։ Գլխավոր մրցավար է նշանակվել Մանֆրեդաս Լուկյանչուկասը, որի օգնականներն են Մանգիրդաս Միրաուսկասն ու Ալեքսանդրաս Ստեպանովասը։ Չորրորդ պաշտոնյայի պարտականությունները կկատարի Մինդաուգաս Յացկուսը։

Հանդիպմանը կգործի նաև VAR համակարգը։ Տեսակրկնությունների պատասխանատուն կլինի լիտվացի Դոնատաս Շիմենասը, իսկ նրա օգնականը՝ AVAR-ը, Գերմանիան ներկայացնող Ռոբերտ Շրյոդերը։

Այսպիսով, Պոդգորիցայում Հայաստանի հավաքականին սպասվում է միանգամից մի քանի կարևոր մարտահրավեր՝ խմբի առաջատարի դեմ խաղ, արտագնա անհաջող շարքի ընդհատման անհրաժեշտություն և առաջին խաղում կրած պարտության պատասխան տալու հնարավորություն։ Չեռնոգորիան, իր հերթին, սեփական մարզադաշտում և լեփ-լեցուն տրիբունաների աջակցությամբ փորձելու է պահպանել իր անպարտելի ընթացքն ու հերթական հաղթանակով ամրապնդել դիրքերը C2 խմբում։

Չեռնոգորիա – Հայաստան հանդիպումը կկայանա այսօր՝ հոկտեմբերի 5-ին, Պոդգորիցայի «Գրադսկի» ստադիոնում և կմեկնարկի Երևանի ժամանակով 22։45-ին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031