«Երբ կաթողիկոսի գլուխն են ջարդում, Գլխավոր դատախազը, ոստիկանությունը խիստ պասիվ են. հենց գտնում են խեղճ ու անպաշտպան մարդու՝ սկսում են ակտիվանալ». Ժաննա Ալեքսանյան

Ինչպես երեկ տեղեկացրել էինք, շուկաներից մեկում ձմերուկ վաճառող քաղաքացու նկատմամբ իրավապահները քրեական հետապնդում են նախաձեռնել՝ խուլիգանության հոդվածով։ Պատճառն այն է, որ քաղաքացին, այսպես կոչված, բլոգեր Արամ Ավետիսյան անուն-ազգանունով անձին հարցնում է, թե ո՞ւմ լրատվամիջոցն է ներկայացնում՝ «դավաճանների՞»։ Դրանից հետո բլոգեր ներկայացած անձը սկսում է հայհոյել քաղաքացուն, սպառնում, որ «դատվելու է», քաղաքացին էլ փոխադարձ նրան է  հայհոյում։ Միջադեպից ժամեր անց Քննչական կոմիտեից լրատվամիջոցներին ասել էին, որ ձմերուկ վաճառող քաղաքացու նկատմամբ քրեական հետապնդում է նախաձեռնվել։

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի խոսքով՝ բլոգեր կոչված անձը, տարբեր տեսանյութերում երևում է, որ  շրջում է քաղաքում և սադրում է մարդկանց, այդ ամենը վկայող տարբեր տեսանյութեր իրավապաշտպանն անձամբ է տեսել։

«Մեղմ ասած՝ իրեն շատ լկտի է պահում, այդ պահվածքն անտանելի է։ Նույնը սադրում էր նաև ձմերուկ վաճառողին, ինչո՞ւ էր գնացել այնտեղ ու մարդկանց հետ վիճում։ Պետք է նրան էլ տանեին, որովհետև քաղաքուն հեր ու մեր էր հայհոյում։ Մենք պաշտոնյաներից բազմաթիվ խուլիգանական արտահայտություններ ենք լսել, նաև տարբեր մարդկանցից, բայց նրանց նկատմամբ գործեր չեն հարուցվում։ Հենց գտնում են խեղճ ու անպաշտպան մարդու, ոստիկանությունը սկսում է ակտիվանալ։ Այն դեպքերում, երբ կաթողիկոսի գլուխն են ջարդում և այլն, ոստիկանությունը, Գլխավոր դատախազը խիստ պասիվ են»,- 168.am հետ զրույցում ասաց Ժաննա Ալեքսանյանը։

Իրավապաշտպանը դատապարտեց ձմերուկ վաճառող քաղաքացու նկատմամբ քրեական հետապնդում նախաձեռնելը, շեշտելով՝ բլոգեր կոչված անձը հայհոյել է քաղաքացուն, նա էլ պատասխանել է։

Կարդացեք նաև

«Ի՞նչ պետք է աներ այդ քաղաքացին, ինչո՞ւ պետք է այդ բլոգերը գնար ու մարդկանց սադրեր։ Ինչպե՞ս նա կարող է այդպես շրջեր, իր լկտի խոսույթով մարդկանց հունից հաներ, քաղաքացին էլ հայհոյեր, իհարկե, չպետք է հայհոյեր, բան չունեմ ասելու, բայց դժվար է, երբ դիմացդ կանգնած սադրում են։

Կարծում եմ՝ «դավաճան» և «հողատու» բառերն էլ կարող էին թիրախ լինեին։ Մենք տեսնում էինք ընդդիմադիրների ցույցեր, որտեղ «դավաճան» բառը նորություն չէր, զանգվածային մարդիկ ասում են՝ «հեռացիր դավաճան», կամ՝ «հողատու», և այլն։ Քաղաքացուն թիրախավորեցին նաև այդ բառերի համար՝ մեծին, մեծամեծին «հողատու» և «դավաճան» անվանելու համար, որը Հայաստանում ամեն երկրորդ մարդ գործածում է»,- հավելեց Ժաննա Ալեքսանյանը։

Նրա բնորոշմամբ՝ ոստիկանությունը պարզապես ոստիկանություն չէ, բոլոր իրավապահ համակարգերն աշխատում են Նիկոլ Փաշինյանի համար, ով նրա կողքով անցելիս մի բառ է ասում, ուրեմն՝ պետք է ձերբակալեն ու կալանավորեն, հետո քրեական գործ հարուցեն։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031