ԱՄՆ-ը նախատեսում է օգոստոսի 5-ին հայտարարել Հորմուզի նեղուցում նավագնացության վերսկսման մասին. Axios
Իրանը և Օմանը մոտ են Հորմուզի նեղուցում նավագնացության վերսկսման վերաբերյալ միջանկյալ համաձայնության ձեռքբերմանը, իսկ ԱՄՆ-ը նախատեսում է այդ մասին հայտարարել օգոստոսի 5-ին։ Այդ մասին հայտնում է Axios-ը։
Համաձայնագիրը, որի շուրջ բանակցությունները շարունակվում են արդեն մի քանի շաբաթ, միտված է ԱՄՆ-ի և Իրանի միջև հրադադարի ռեժիմի և միջուկային գործարքի շուրջ բանակցությունների վերսկսմանը։
Երկու տարածաշրջանային աղբյուրների տվյալներով՝ քննարկվող գործարքը նախատեսում է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Օմանի և Իրանի միջև 60-օրյա ժամանակավոր համաձայնություն, որը կարող է երկարաձգվել։
Նեղուցով դեպի Պարսից ծոց մուտք գործող նավերի ամբողջ հոսքը կիրականացվի հյուսիսային երթուղով՝ իրանական ջրերով։
Նեղուցով դեպի Արաբական ծով ելնող ամբողջ նավային երթևեկությունը կանցնի հարավային երթուղով՝ օմանյան ջրերով, Իրանի հետ համակարգմամբ։
60-օրյա ժամանակահատվածում անցման վճար և այլ գանձումներ չեն կիրառվի։
Կողմերը պարտավորվում են 30 օրվա ընթացքում սկսել նեղուցի բաժանարար գոտու ականազերծումը ծովային ականներից։
Ականազերծումից հետո բաժանարար գոտին կօգտագործվի մուտքային և ելքային երթևեկության համար՝ մշտական համաձայնագրի պայմաններին համապատասխան, որը կհամաձայնեցվի Օմանի և Իրանի միջև։
Բացի Օմանի և Իրանի միջև բանակցություններից, միջնորդական ջանքերում ներգրավված են եղել նաև Կատարի, Պակիստանի և Սաուդյան Արաբիայի պաշտոնյաներ։
Վերջին օրերին տեղի է ունեցել մի քանի հեռախոսազրույց Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի, Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի և Օմանի արտգործնախարար Բադր ալ-Բուսաիդիի միջև։
Տարածաշրջանային երկու աղբյուր հայտնել են, որ Արաղչին սկզբունքորեն համաձայնել է դրան հանգստյան օրերին, սակայն նրան դեռ անհրաժեշտ է Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիի և Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի հաստատումը։
ԱՄՆ-ի ներկայացուցիչը և տարածաշրջանային աղբյուրը հայտնել են, որ իրանական ղեկավարությունը երեքշաբթի ավարտել է հաստատման գործընթացը։

