Շուշիի մեդիաֆորում․ Ալիևը վերահաստատել է Ուկրաինային անվերապահ աջակցությունը. Ինչպես նաև խոսել «միջին տերության» չափանիշների մասին և մի շարք արդիական հարցերի շուրջ

Էներգետիկ ռեսուրսների և տարանցիկ ներուժի շնորհիվ ժամանակակից Ադրբեջանը մանևրելու լայն հնարավորություն է դրսևորում մերձավոր և հեռավոր հարևանների հետ երկխոսության մեջ, որոնք հաճախ խիստ հակադրվում են միմյանց:

Չնայած էներգառեսուրսների արդյունահանման որոշակի լճացմանը՝ արևմտյան Կասպից ծովի էներգառեսուրսների և «Միջին միջանցքի» նման տրանսպորտային ուղիների նկատմամբ ամենատարբեր կողմերից մշտապես բարձր հետաքրքրությունը պայմանավորում է պաշտոնական Բաքվի հարձակողական մոտեցումները և ձևավորում նրա հատուկ տեսակետը տարածաշրջանային և մասամբ համաշխարհային գործընթացների վերաբերյալ։

Ալիևի ելույթը, այսպես կոչված, IV Շուշիի գլոբալ մեդիաֆորումում լիովին ցույց տվեց այս միտումը։ Նրա տրամաբանության մեջ Ադրբեջանն անկասկած գերիշխող ուժ է Հարավային Կովկասում, ինչը լավ նկատելի է, մասնավորապես, այսպես կոչված, «Թրամփի երթուղու» վերաբերյալ հռետորաբանության մեջ։

Ալիևի խոսքով՝ Սպիտակ տանը գիտակցել են «Զանգեզուրի միջանցքի»՝ որպես Ադրբեջանի հիմնական տարածքը Նախիջևանի և Թուրքիայի հետ կապող կոմունիկացիոն երթուղու ռազմավարական կարևորությունն՝ ակտիվորեն աշխատելով այդ գաղափարի առաջմղման ուղղությամբ և Փաշինյանի կառավարությանը համոզելով դրա իրականացման անհրաժեշտության մեջ: Բաքվում կարծում են՝ հենց Ադրբեջանի դիրքորոշումն է ազդել Սպիտակ տան մոտեցումների վրա, ինչը չէր կարող չանդրադառնալ Երևանի դիրքորոշման վրա:

Անհնար է ուշադրություն չդարձնել նաև միջազգային քաղաքականության նկատմամբ Ադրբեջանի ընդգծված պրագմատիկ վերաբերմունքին։ Մի կողմից՝ Ալիևը դրական է գնահատել Եվրոպական միության հետ տնտեսական փոխգործակցության և քաղաքական երկխոսության զարգացումը։ Մյուս կողմից, նա կրկին խիստ քննադատել է Եվրոպայի խորհրդին և նրա Խորհրդարանական վեհաժողովին, որոնց մասնակցությունը Բաքուն սառեցրել է, և չի բացառվում, որ ընդհանրապես լքի այդ անիմաստ կառույցները:

Ոչ պակաս ցուցադրական են դարձել Ադրբեջանի առաջնորդի արտահայտությունները Ռուսաստանի և Ուկրաինայի մասին։ Մի կողմից՝ Ալիևը կարծես հավաստիացրել է, որ Մոսկվայի հետ տարաձայնություններն անցյալում են, և հարաբերությունները հաջողվել է կարգավորել։

Միևնույն ժամանակ, նա ուղղակիորեն զորակցեց Կիևի իշխանություններին, աջակցելով Զելենսկու՝ կողմերի շփման գծում ռազմական գործողությունների անհապաղ և ամբողջական դադարեցման գաղափարին: Ավելին, «… մենք միշտ աջակցել ենք, աջակցում ենք և կաջակցենք Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը, նրա ինքնիշխանությանը, նրա սահմանների անխախտելիությանը։

Ոչ մի պետության սահմանները չեն կարող բռնությամբ փոխվել, և ռեժիմը՝ առանց այդ երկրի ժողովրդի համաձայնության։ Եվ այստեղ մեր դիրքերը բավականին հետևողական են և հաստատուն։ Դե, մենք միշտ պատրաստ ենք օգնել ուկրաինացի ժողովրդին՝ ինչով կարող ենք… դա գալիս է սրտից: Եվ պետությունը, և հասարակ մարդիկ, և առևտրային ընկերությունները։ Սա միասնական ազդակ է՝ օգնել նրանց, ովքեր նեղության մեջ են, ովքեր տուժել են, որոնց տարածքային ամբողջականությունը խախտվել է, և օգնել՝ ինչով կարող ենք»։

Նույնիսկ, եթե դա լիներ միայն հռետորաբանություն (իսկ դա ամենևին էլ միայն հռետորաբանություն չէ), ինքնին վկայում է այն մասին, որ մերձկասպյան երկրի արտաքին քաղաքականությունն անվերջ հեռու է ընդհանուր խորհրդային կամ այլ անցյալին ուղղված պատմական կամ էլ հուզական կոչերից։ Խորհրդային ժամանակաշրջանի՝ որպես գաղութային կախվածության շրջանի քննադատությունը ԽՄԿԿ Կենտկոմի Քաղբյուրոյի նախկին անդամի որդու կողմից դժվար թե որևէ մեկին զարմացնի և առավել ևս համարվի ինչ-որ էքստրավագանտ քմահաճույք։

Սահմանադրության համաձայն՝ «ժամանակակից Ադրբեջանը հանդիսանում է հենց 1918-1920 թվականների Ադրբեջանի դեմոկրատական հանրապետության, այլ ոչ թե Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության իրավահաջորդը։

Մենք մեր պատմության խորհրդային շրջանը մեր Սահմանադրության մեջ նշել ենք՝ որպես օկուպացիայի ժամանակ, և այդպես են դաստիարակվում մեր սերունդները, և այդպես է ուսուցանվում մեր պատմությունը. Ռուսական կայսրության ներխուժումը Հարավային Կովկաս, Ադրբեջանի գրավումը, 19-րդ դարում Ադրբեջանի բաժանումը Հյուսիսային և Հարավային, Ադրբեջանի կրկնակի օկուպացիան 1920 թվականին, երբ մենք արդեն անկախ Ադրբեջանի Հանրապետություն ունեինք… մեզ մոտ արդեն մեծացել են մի քանի սերունդներ, որոնք շատ լավ գիտեն իրենց պատմությունը և հասկանում են, թե ինչ քաղաքականություն է վարում Ռուսաստանը»,- պատմում է Հեյդար Ալիևի մերձավոր զինակիցներից մեկը՝ Էլդար Նամազովը։

Իլհամ Ալիևը փորձառու քաղաքական գործիչ է, ով հիանալի կերպով հաշիվ է տալիս իրեն, թե ինչ է խոսում, ինչ համեմատություններ է բերում և ինչ համատեքստում։ Այս մասին լիովին վկայում է մեկ տարի անց նրա կողմից վերարտադրված (ի պատասխան ծայրահեղական Գորդոնի) խորհուրդը՝ «երբեք չհամաձայնել օկուպացիայի հետ, և դա այն է, ինչ անում է Ուկրաինան…, թեև այս տարվա ընթացքում եղել են բարդ պահեր, և մենք տեսել ենք, գիտենք ու լսել ենք որոշակի շրջանակների կողմից գործադրվող ճնշումների մասին՝ ուղղված մարտական գործողությունների դադարեցման տարբերակին՝ ըստ էության օկուպացիայի ամրագրմամբ, բայց ոչ Ուկրաինայի ժողովուրդը, ոչ էլ նրա ղեկավարությունը դրան չգնացին… կարծում եմ՝ վաղուց պետք է գար այն գիտակցումը, որ այս պատերազմը պետք է կանգնեցվի, ընդ որում՝ կանգնեցվի անհապաղ։

Սա Ադրբեջանի դիրքորոշումն է, սա իմ դիրքորոշումն է զուտ մարդկային, մարդու, ով ղեկավարել և ղեկավարում է մի երկիր, որն օկուպացվել է և ազատագրվել է օկուպացիայից, և փորձը, կարծում եմ, պատմության մեջ բավական հազվադեպ է, երբ դեռ օկուպացիայի ընթացքում, և նաև կոպիտ ասած՝ Ղարաբաղը հանձնելու համաձայնություն պարտադրելու փորձերը …

Մինսկի խումբը՝ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Ռուսաստանի գլխավորությամբ, միայն ուզում էր խլել Ղարաբաղը և ոչ միայն Ղարաբաղը, ոչ միայն նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի վարչական սահմանները, այլև Լաչինի շրջանի, Քելբաջարի շրջանի ողջ տարածքը, և դա հանձնել Հայաստանին, որպեսզի մենք դրան համաձայնենք։ Եվ դրա դիմաց մեզ խոստանում էին, որ մեզ կվերադարձվեն հինգ շրջանները, որոնք տեղակայված են այնտեղից արևելք, որտեղ մենք գտնվում ենք: Երբեք ոչ ես, ոչ էլ որևէ մեկն Ադրբեջանում դրան չէր համաձայնի, բայց չէ՞ որ դա երեք առաջատար երկրների համախմբված դիրքորոշումն էր…

Եվ երբ սկսվեց երկրորդ ղարաբաղյան պատերազմը, նրանք բոլորը պահանջում էին անհապաղ կանգ առնել, վախեցնում էին, սպառնում, զանգահարում, ոմանք՝ շատ ձանձրացնող (կպչուն), ոմանք՝ պակաս, բայց բոլորն էլ ուզում էին, որ մենք կանգ առնենք, որպեսզի ամեն ինչ մնա այնպես, ինչպես կա…»:

Կրեմլում Ուկրաինայի վերաբերյալ Ալիևի դիրքորոշումը սխալ են համարում, բայց դա առիթ չէ հրաժարվելու Ադրբեջանի հետ հարաբերությունների զարգացումից, հուլիսի 17-ին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ հավելելով, որ մի շարք պետություններ, որոնց հետ Ռուսաստանը սերտ հարաբերություններ ունի, նման դիրքորոշում ունեն, և դա «մեր տարաձայնությունների առարկան է»:

Հարկ է նշել՝ ոչ բոլոր երկրներն են կազմակերպում վիճահարույց, մեղմ ասած, միջոցառում «Մշակութային և էթնիկ բազմազանություն. պատմության դասեր, ժամանակակից մարտահրավերներ» անվան տակ, ինչպես վերջերս արեց Ադրբեջանը՝ «հասարակական նախաձեռնության» քողի տակ, նույն Շուշի քաղաքում:

Մասնակիցների ընտրությունը և աշխարհագրությունը, ելույթների տոնայնությունը, ամփոփիչ բանաձևը, քարոզչական ուղեկցությունը, այս ամենը լիովին վկայում են այն մասին, որ «հակագաղութային» դիսկուրսը կարող է ծավալվել բնավ ոչ միայն Ֆրանսիայի դեմ, ինչպես կարող են հույս ունենալ ռուսական փորձագիտական ​​​​համայնքի և այլուր գործող ադրբեջանական լոբբիստները:

Այս կապակցությամբ չափազանց ցուցադրական է Ալիևի քմծիծաղով ուղեկցվող խոստովանությունն առ այն, որ առնվազն ռուս բարձրաստիճան մեդիամենեջերներից մեկը, նույն ինքը՝ «ադրբեջանական ժողովրդի արժանի որդին»՝ Միխայիլ Գուսմանը, փաստացի աշխատել է իր պատմական հայրենիքում, ուր վերադարձել է Ռուսաստան 40-ամյա «գործուղումից» հետո՝ ՏԱՍՍ լրատվական գործակալության գլխավոր տնօրենի առաջին տեղակալի պաշտոնից ազատվելուց հետո։

Ելույթի մեկ այլ կարևոր շեշտադրում էր Ադրբեջանի՝ որպես թյուրքական աշխարհի բաղկացուցիչ մասի դիրքավորումը։ Առավել ջերմ գնահատականները կանխատեսելիորեն ուղղված էին Թուրքիային և Կենտրոնական Ասիայի պետություններին, որոնց հետ Բաքուն ակտիվորեն ամրապնդում է կապերը՝ ինչպես թյուրքական պետությունների կազմակերպության շրջանակներում, այնպես էլ՝ երկկողմ ձևաչափով:

«Հաջորդ տարի Ադրբեջանը կհյուրընկալի Իսլամական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովը։ Դա մեծ պատասխանատվություն է մեզ համար, հատկապես՝ նման անհանգիստ ժամանակաշրջանում»,- հիշեցրել է Ալիևը՝ պատասխանելով Հորդանանից հյուրի հարցին։

Ի դեպ, ելույթի ընթացքում Իսրայելը ոչ մի անգամ չի հիշատակվել, այս անգամ երևի հյուրեր էլ չեն եղել այդ երկրից, որը հայտնի է Ադրբեջանի հետ իր սերտ կապերով:

Ի վերջո, պատասխանելով ոչ անհայտ Ռայիմզ Յունուսի հարցին՝ Ալիևը պատմել է «միջին տերության» հնարավոր չափանիշների մասին, որոնց թվում է «երկրի ներուժի ճանաչումը, իր ազգային շահերը պաշտպանելու նրա կարողությունը՝ անկախ այն բանից, թե ինչ են մտածում կամ անում խոշոր տերությունները, ինչպես նաև իր ողջ ներուժը գործի դնելու պատրաստակամությունը, եթե որևէ մեկը փորձի վնաս հասցնել նրան։

Անշուշտ, այստեղ ներառվում է նաև պաշտպանունակությունը, ընդ որում՝ ոչ միայն այն, ինչ ցուցադրվում է զինվորական շքերթներին, այլ այն, ինչն ապացուցվում է մարտի դաշտում»։ Հաջորդը, դա «սեփական սահմաններից դուրս տեղի ունեցող իրադարձությունների վրա ազդելու ունակությունն է՝ ընդամենը մեկ բառով կամ հայտարարությամբ:

Ադրբեջանը բազմիցս ցուցադրել է նման ունակություն», Բացի այդ՝ «պատասխանատվություն երկրի ներսում տեղի ունեցող իրադարձությունների համար և որոշակի չափով պատասխանատվություն ամբողջ տարածաշրջանի համար։ Հնարավոր է, որ թիմը հետագայում լրացնի այդ չափանիշները, Բայց կարծում եմ, որ այս ամենը կարող է կիրառվել Ադրբեջանի նկատմամբ, և, հավանաբար, դա է պատճառը, որ շատ փորձագետներ մեզ անվանում են միջին տերություն, և, անկեղծ ասած, ես դեմ չեմ դրան»։

Ապագան ցույց կտա, թե արդյոք նման հավակնությունները հիմնավորվա՞ծ են, և եթե այո, ապա որքանո՞վ:

Ալեքսանդր Գրիգորև

vpoanalytics.com

Թարգմանությունը՝ Ժաննա Ավետիսյանի

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031