Ըստ ՊՆ-ի՝ ճիշտ է Արտակ Դավթյանը, ոչ թե՝ Մովսես Հակոբյանը. 2018թ․ նախիջևանյան թևում կուտակումների մասին ԳՇ պետին զեկուցվել է
2018-ի ապրիլին փորձագիտական շրջանակները և մամուլը հայտնում էին Նախիջևանի ուղղությամբ ադրբեջանական կուտակումների մասին, որին հաջորդեցին առաջխաղացումները:
168.am-ի տեղեկություններով՝ ապրիլին այս մասին զեկուցվել է ԳՇ ղեկավարությանը:
Այդ ժամանակ ԳՇ պետի պաշտոնը զբաղեցրած Մովսես Հակոբյանը 2022-ի հուլիսի վերջին 168.am-ի հետ զրույցում նշել է, որ Նախիջևանի ուղղությամբ ադրբեջանական կուտակումների և առաջխաղացումների մասին շատ ուշ է իմացել՝ «երբ իր ենթակա 5-րդ բանակային կորպուսի հրամանատար Արտակ Դավթյանը նշանակվել է պաշտոնի՝ ԳՇ պետ, դրանից մեկ օր առաջ»:
Իսկ Արտակ Դավթյանը ԳՇ պետ է նշանակվել մայիսի 24-ին:
«Ինձ չեն զեկուցել: Ես գնացել եմ, անձամբ տեղում նայել և իմացել՝ ինչ է կատարվում: Որոշակի հետախուզական ինֆորմացիա կար, որ առաջխաղացում կա, բայց կորպուսի հրամանատարի կողմից այդպիսի զեկույց չի եղել: Ես գնացել եմ տեղում նայել և տեսել՝ ինչ է կատարվում: Դա եղել է իրեն այդ պաշտոնից հանելուց մեկ օր առաջ»,- շեշտել է գեներալը:
Ավելի վաղ Մովսես Հակոբյանը հայտարարել էր, որ 2018թ․ ապրիլ-մայիս ամիսներին Նախիջևանի կողմում զիջել ենք բավական մեծ տարածություն, մասնավորապես, Զանգակատան հատվածում հակառակորդն առաջ է շարժվել մոտավորապես 6 կմ, բնագծեր ենք կորցրել Արենիի հատվածում:
Սաթիկ Սեյրանյանի «Պրեսսինգ» հաղորդման ընթացքում Արտակ Դավթյանն արձագանքել էր Մովսես Հակոբյանի հայտարարությանը:
«Եթե ինքն ասում է, որ ես 5-րդ կորպուսի հրամանատարն էի, ինքն էլ ԳՇ պետն էր, բա ինչո՞ւ ինքը որոշում չկայացրեց, որ այդ 6 կմ-ը մենք գնանք առաջ: Եթե կար էդքան տարածություն՝ 5-6 կմ, որ մենք կարող էինք առաջ գնալ, ինչի՞ չենք գնացել: Գոյություն ունի պատասխանատվության գոտի, և դիրքի ցանկացած փոփոխություն ներկայացվում է, և եթե ընդունում է որոշում կորպուսի հրամանատարը, այն պետք է հաստատի վերադասը»,- նշել էր Դավթյանը և պնդել՝ իր պաշտոնավարման ընթացքում որևէ դիրք, հենակետ չենք կորցրել այդ հատվածում:
2022-ի հուլիսի 21-ին 168.am-ը հարցում էր ուղարկել Պաշտպանության նախարարություն՝ պարզելու, թե արդյոք եղե՞լ է գրավոր զեկույց կուտակումների մասին ԳՇ պետին և ե՞րբ է եղել այն, եթե եղել է զեկույց, տեղային զորքերի կողմից ի՞նչ գործողություններ են կատարվել: Այսինքն, ադրբեջանական կուտակումներին, հետո՝ առաջխաղացումներին որևէ կերպ հակազդելու փորձ արվե՞լ է:
Պաշտպանական գերատեսչությունից 5-օրյա ժամկետում մեզ տեղեկացրին, որ հարցումը, որում նաև վերը նշված հարցն է, պետք է լրացուցիչ ուսումնասիրվի:
Այնուհետև 30-օրյա ժամկետում մեզ ուղարկված պատասխան գրության մեջ Պաշտպանության նախարարությունը, ըստ էության, հաստատել է ԳՇ ղեկավարությանը զեկուցումների մասին մեր տեղեկությունը:
«Ի պատասխան 2022 թվականի հուլիսի 21-ին ՀՀ պաշտպանության նախարարին ուղղված Ձեր հարցմանը՝ հայտնում ենք.
1. 2018 թվականի ապրիլի սկզբից կուտակումների մասին զորամիավորումից պարբերաբար զեկուցվել են ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբ: Իրականացվել են համապատասխան գործողություններ»:
Հավելենք, որ 168.am-ի հետ վերոնշյալ հարցազրույցում՝ դիտարկմանը՝ զեկույց այդ մասով, օրինակ, ՊՆ-ում և ԳՇ-ում չի լինի, Մովսես Հակոբյանը պատասխանել էր.
«Պիտի լինի, բայց չի եղել»:
Ւհարկե, ՊՆ-ն իր գրության մեջ հատուկ չի շեշտում՝ զեկույցները գրավո՞ր են եղել, թե՞ բանավոր: Բայց փաստ է՝ ըստ պաշտպանական գերատեսչության՝ տվյալ դեպքում, այսպես ասած, ճիշտ է Արտակ Դավթյանը, և ոչ թե՝ Մովսես Հակոբյանը: