Սյունիքի հարցն Իրանի համար դիտարկվում է՝ որպես լայն տարածաշրջանային մրցակցության հանգույց. Արամ Շահնազարյան
Իրան-ԱՄՆ ռազմական ակտիվ գործողությունների նոր փուլի ականատեսն ենք արդեն մոտ երկու շաբաթ: Ինչո՞վ է տարբերվում սա նախորդից, ԱՄՆ-ը կարծես թե գործողություններն ընդլայնելու ցանկություն ունի, ավելին, ամերիկյան զինված ուժերն Իրանի դեմ հարվածների վերսկսումից ի վեր առաջին անգամ կիրառել են B-1 Lancer ռազմավարական ռմբակոծիչ, ինչը վկայում է Վաշինգտոնի կողմից էական էսկալացիայի և գործողությունների ընդլայնման մասին։
Ի՞նչ սցենարի է պատրաստ Իրանը, որքա՞ն կդիմանա ռազմական ակտիվ գործողություններին: Ի դեպ, Իրանի դեմ պատերազմի առաջին փուլից հետո կարծիքներ եղան, որ Իրանը քաղաքական առումով հաղթանակ տարավ, իսկ ռազմական հաղթանակը ԱՄՆ-ինն էր:
Այս և այլ հարցերի շուրջ 168.am-ը զրուցել է Իրանի հարցերով փորձագետ, քաղաքական վերլուծաբան Արամ Շահնազարյանի հետ:
– Այս փուլը նախորդից տարբերվում է ոչ այնքան ռազմական գործողությունների ինտենսիվությամբ, որքան դրանց քաղաքական և ռազմավարական տրամաբանությամբ։ Եթե նախորդ փուլում Վաշինգտոնի և Թել Ավիվի հայտարարությունները փաստացի մատնանշում էին ավելի լայն ռազմաքաղաքական նպատակներ՝ Իրանի ռազմական ներուժի ոչնչացում, նրա տարածաշրջանային ազդեցության չեզոքացում, Իսլամական Հանրապետության համակարգի տապալում, նույնիսկ՝ Իրանի՝ որպես պետական միավորի, կազմաքանդում, ապա ներկայումս Սպիտակ տունը, առնվազն հրապարակային մակարդակում, փորձում է գործողությունները ներկայացնել՝ որպես սահմանափակ ռազմական ընդհարումներ։
Նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարում է, որ ԱՄՆ-ի նպատակը ոչ թե լայնածավալ պատերազմ սկսելն է, այլ Իրանի ռազմական ենթակառուցվածքների, հրթիռային ու ԱԹՍ ներուժի, ռազմածովային կարողությունների թուլացումը, ինչպես նաև՝ Հորմուզի նեղուցի նկատմամբ Թեհրանի վերահսկողության վերացումը:
Սակայն Իրանում այս հայտարարությունները չեն ընկալվում որպես նպատակների իրական սահմանափակում. Թեհրանում համոզված են, որ Իրանի զսպման համակարգի առանցքային բաղադրիչների թուլացումն ինքնին երկարաժամկետ ռազմավարական նպատակ է, որի վերջնական արդյունքը կարող է լինել տարածաշրջանային ուժային հավասարակշռության վերաձևավորումը՝ ի վնաս Իրանի։
Ինչ վերաբերում է նախորդ փուլի գնահատականներին, ապա «ռազմական առումով հաղթեց ԱՄՆ-ը, իսկ քաղաքական առումով՝ Իրանը» ձևակերպումը, իմ կարծիքով, չափազանց պարզեցված է։ Անկասկած, Միացյալ Նահանգները և Իսրայելը ցուցադրեցին իրենց տեխնոլոգիական, հետախուզական և օդային գերազանցությունը՝ հասցնելով զգալի հարվածներ իրանական ռազմական ենթակառուցվածքներին, ռազմաքաղաքական հրամանատարական համակարգի առանձին օղակներին և ռազմավարական օբյեկտներին։ Սակայն նույնքան կարևոր է արձանագրել, որ Իրանը նույնպես կարողացավ հասցնել նպատակային և զգալի հարվածներ Իսրայելի ռազմական ու ռազմավարական նշանակության օբյեկտներին, նաև՝ տարածաշրջանում ամերիկյան ռազմական ներկայության որոշ բաղադրիչներին։
Թեև այս հարվածների իրական մասշտաբի և հասցված վնասի վերաբերյալ տարբեր կողմերը ներկայացնում են իրարից էապես տարբերվող գնահատականներ, ակնհայտ է, որ դրանց ռազմական և հոգեբանական ազդեցությունը զգացվեց հենց հակամարտության ընթացքում՝ ստիպելով ԱՄՆ-ին և Իսրայելին վերանայել հակաօդային պաշտպանության կազմակերպումը, ուժերի տեղաբաշխումը և հետագա գործողությունների հաշվարկները։
Հետևաբար, եթե ռազմական արդյունքները գնահատում ենք ոչ միայն հասցված վնասի, այլև հակառակորդի վրա պարտադրված ծախսերի, օպերատիվ սահմանափակումների և զսպման ազդեցության տեսանկյունից, ապա ավելի ճիշտ է խոսել ոչ թե միակողմանի ռազմական հաղթանակի, այլ տարբեր մակարդակներում ձեռք բերված հարաբերական արդյունքների մասին։ Այս խորապատկերում կարևոր է հատկապես հաշվի առնել այն հանգամանքը, որ Իրանի ռազմավարական մշակույթում հաղթանակի չափանիշը երբեք չի սահմանափակվել մարտադաշտի արդյունքներով։
Թեհրանի համար կարևոր է՝ պետությունը պահպանե՞լ է արդյոք քաղաքական որոշումների ինքնուրույնությունը, կանխե՞լ է հակառակորդի կողմից պարտադրված ռազմավարական փոփոխությունները, շարունակե՞լ է հանդես գալ որպես ինքնուրույն տարածաշրջանային ուժ։ Այդ պատճառով իրանական քաղաքական շրջանակներում գերակշռում է այն ընկալումը, որ նույնիսկ ռազմական զգալի կորուստների պայմաններում քաղաքական դիմադրության պահպանումը կարելի է դիտարկել՝ որպես հաջողություն։
Եթե գործողություններն ընդլայնվեն, Իրանը, ամենայն հավանականությամբ, չի ընտրի դասական լայնածավալ պատերազմ, որտեղ ԱՄՆ-ի ռազմական առավելությունն ակնհայտ է։ Փոխարենը՝ կշարունակի այն ռազմավարությունը, որը ձևավորել է վերջին տասնամյակներում՝ հենվելով ասիմետրիկ զսպման վրա։ Խոսքը հրթիռային և ԱԹՍ համակարգերի նպատակային հարվածների, ծովային հաղորդակցությունների նկատմամբ ճնշման լծակների օգտագործման, կիբեռգործողությունների, տարածաշրջանային գործընկերների և դաշնակից կառույցների միջոցով հակառակորդի համար ռազմական և քաղաքական ծախսերի բարձրացման մասին է։ Իրանի ռազմավարական մտածողության մեջ առանցքային գաղափարն այն չէ, թե ինչպես հաղթել ռազմական առումով ավելի հզոր հակառակորդին, այլ՝ ինչպես նրան զրկել արագ և ցածր գնով հաղթանակի հնարավորությունից՝ երկարաձգելով հակամարտությունն այնքան, որ դրա քաղաքական և տնտեսական գինը դառնա անընդունելի։
Թե որքան կդիմանա Իրանն ակտիվ ռազմական գործողություններին, կախված է ոչ միայն նրա ռազմական ռեսուրսներից, այլև ներքին քաղաքական կայունությունից, տնտեսական դիմադրողականությունից և արտաքին միջավայրից։ Իրանի ղեկավարությունը տարիներ շարունակ իր ազգային անվտանգության հայեցակարգը կառուցել է երկարատև ճնշմանը դիմակայելու տրամաբանության վրա՝ հաշվի առնելով՝ ինչպես ութամյա իրանա-իրաքյան պատերազմի, այնպես էլ՝ տասնամյակներ շարունակվող պատժամիջոցների փորձը։ Այդ պատճառով Թեհրանում այսօր գերակշռում է այն համոզմունքը, որ նույնիսկ ծանր հարվածների պայմաններում պետությունը կարող է պահպանել իր ռազմավարական կենսունակությունը։
Միաժամանակ ակնհայտ է՝ երկարատև, բարձր ինտենսիվության պատերազմը՝ ուղեկցված ռազմական ենթակառուցվածքների և տնտեսության համակարգային քայքայմամբ, զգալիորեն կսահմանափակի այդ հնարավորությունները։ Հետևաբար, Իրանի առաջնային նպատակը, ամենայն հավանականությամբ, կմնա ոչ թե անվերահսկելի էսկալացիան, այլ այնպիսի վերահսկվող ճնշման պահպանումը, որը կստիպի Վաշինգտոնին վերադառնալ քաղաքական և դիվանագիտական հաշվարկների դաշտ։
– Իսրայելի գործողություններում փոփոխություններ կա՞ն և ի՞նչ:
– Իսրայելի ներկայիս վարքագիծն առաջին հայացքից կարող է պասիվ թվալ, սակայն իրականում խոսքն ավելի շուտ մարտավարական վերադասավորման մասին է, քան ակտիվության նվազման։ Եթե նախորդ փուլում Իսրայելն ինքն էր հանդես գալիս որպես ռազմական գործողությունների հիմնական նախաձեռնող և ձգտում էր սեփական ուժերով ձևավորել էսկալացիայի օրակարգը, ապա ներկայումս նկատվում է դերաբաշխման փոփոխություն. ռազմական ծանր բեռի զգալի մասը փաստացի տեղափոխվել է ԱՄՆ-ի վրա։ Սա Իսրայելին հնարավորություն է տալիս խնայել սեփական ռազմական ռեսուրսները, վերականգնել հակաօդային պաշտպանության և հրթիռային պաշտպանության համակարգերի կարողությունները, կատարել հետախուզական վերագնահատում և միաժամանակ պահպանել գործողություններին արագ միանալու հնարավորությունը, եթե իրավիճակը պահանջի։
Իրանի տեսանկյունից Իսրայելի այս հարաբերական զսպվածությունը պայմանավորված է նաև վերջին պատերազմի փորձով։ Թեհրանում կարծում են, որ Իրանի հրթիռային և ԱԹՍ հարվածները ցույց տվեցին, որ նույնիսկ բազմաշերտ հակաօդային պաշտպանությունը չի կարող լիովին բացառել Իսրայելի ռազմավարական օբյեկտների խոցելիությունը։ Այդ պատճառով Իսրայելը ներկայումս նախընտրում է գործել առավել հաշվարկված՝ խուսափելով այնպիսի քայլերից, որոնք կարող են Իրանի կողմից բերել նոր լայնածավալ պատասխան հարվածների։ Սակայն սա ամենևին չի նշանակում, որ Իսրայելը հրաժարվել է ուժային տարբերակից։ Ընդհակառակը, Թել Ավիվը շարունակում է պահպանել բարձր մարտական պատրաստվածություն, ակտիվ հետախուզական գործունեություն և հարմար պահի ռազմական գործողություններին անմիջապես ներգրավվելու հնարավորություն։
– Արդյո՞ք Թուրքիայի դիրքորոշման մեջ փոփոխություն կա, եթե հաշվի առնենք ՆԱՏՕ-ում դիրքային առավելություններ ունենալու հավակնությունները: Չմոռանանք, որ Անկարայում տեղի ունեցած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի առանցքային թեմաներից մեկը վերաբերում էր Իրանին, ավելին, ամփոփիչ հռչակագրում հստակ նշված էր՝ Իրանը երբեք չպետք է տիրապետի միջուկային զենքի։
– Թուրքիայի դիրքորոշման մեջ էական ռազմավարական փոփոխություն, իմ գնահատմամբ, չի նկատվում, սակայն նկատվում է մարտավարական զգուշավորության աճ։ Անկարան շարունակում է փորձել պահպանել բարդ հավասարակշռություն՝ մի կողմից՝ մնալով ՆԱՏՕ-ի առանցքային անդամ և չհակադրվելով դաշինքի ընդհանուր ռազմավարական տրամաբանությանը, մյուս կողմից՝ խուսափելով այնպիսի քայլերից, որոնք կարող են իրեն ուղղակիորեն ներքաշել ԱՄՆ/Իսրայել-Իրան ռազմական հակամարտության մեջ։ Թուրքիայի համար առաջնահերթությունը շարունակում է մնալ սեփական ազգային անվտանգության, տնտեսական կայունության և տարածաշրջանային ազդեցության պահպանումը, այլ ոչ թե որևէ ճամբարի անվերապահ աջակցությունը։ Հենց այս պատճառով Անկարան հրապարակային հայտարարություններում քննադատում է ռազմական էսկալացիան, սակայն գործնական քաղաքականության մեջ փորձում է պահպանել հաղորդակցության ուղիները և՛ Վաշինգտոնի, և՛ Թեհրանի հետ։
Միաժամանակ, ՆԱՏՕ-ում Թուրքիայի առանձնահատուկ դիրքը նրան տալիս է լրացուցիչ ռազմավարական մանևրի հնարավորություն։ Անկարան գիտակցում է, որ աշխարհագրական դիրքի, Սև ծովի, Մերձավոր Արևելքի և էներգետիկ ուղիների նկատմամբ ունեցած ազդեցության շնորհիվ դաշինքի համար ունի բարձր արժեք, ինչը մեծացնում է նրա քաղաքական ինքնուրույնության աստիճանը։ Այս հանգամանքը թույլ է տալիս Թուրքիային՝ անհրաժեշտության դեպքում հանդես գալ որպես միջնորդ կամ հաղորդակցման հարթակ՝ առանց հրաժարվելու սեփական տարածաշրջանային հավակնություններից։
Եթե հակամարտությունն ավելի խորանա, Թուրքիան, ամենայն հավանականությամբ, կփորձի հնարավորինս երկար պահպանել այս հավասարակշռող քաղաքականությունը։ Սակայն, եթե ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի ներգրավվածությունը կտրուկ ընդլայնվի, կամ վտանգվի Թուրքիայի անմիջական անվտանգային միջավայրը, Անկարայի համար չեզոքության հնարավորությունները կսահմանափակվեն։
– Հարավային Կովկասին ի՞նչ փոփոխություններ են դեռ սպասվում, և հիմա Իրանն ի՞նչ դերակատարում ունի, ի՞նչ տեսակի, ինչի՞ է ձգտում: Ավելի կոնկրետ՝ ԹՐԻՓՓ-ի հետ կապված իրանական դիրքորոշման փոփոխություն կա՞, թե՞ Իրանին պետք է ընդամենը, որ ՀՀ-ի հետ սահմանը չխաթարվի: Այս դեպքում՝ որքանո՞վ է այսօր Իրանը Սյունիքի անվտանգության երաշխավորը, արդյո՞ք ունի կարողություն դրա համար:
– Հարավային Կովկասը ներկայումս գտնվում է մի փուլում, երբ տարածաշրջանային ուժային հավասարակշռությունը դեռևս ամբողջությամբ ձևավորված չէ։ ԱՄՆ-Իրան հակամարտության խորացումը, Ռուսաստանի դերակատարման փոփոխությունը, Թուրքիայի ակտիվությունը և տարբեր տրանսպորտային նախագծերի շուրջ մրցակցությունը Հարավային Կովկասը վերածում են ոչ միայն տնտեսական, այլև ռազմավարական նշանակության տարածքի։
Իրանի համար այս տարածաշրջանն անմիջականորեն կապված է սեփական ազգային անվտանգության հետ, քանի որ Հարավային Կովկասում տեղի ունեցող որևէ փոփոխություն կարող է ազդել Իրանի հյուսիսային սահմանների աշխարհաքաղաքական դիրքի, անվտանգության և տարանցիկ հնարավորությունների վրա։
Թեհրանի հիմնական նպատակը տարածաշրջանում այնպիսի հավասարակշռության պահպանումն է, որը կբացառի իր մեկուսացումը, չի սահմանափակի Հայաստանի հետ ընդհանուր սահմանը և թույլ չի տա որևէ արտատարածաշրջանային ուժի/ԱՄՆ-Արևմուտք-Իսրայել/ կամ տարածաշրջանային ուժի/Թուրքիա-Ադրբեջան/ ձևավորել գերիշխող դիրք իր անմիջական հարևանությամբ։
Այս խորապատկերում Սյունիքի և հայ-իրանական սահմանի հարցն Իրանի համար ունի ոչ միայն երկկողմ, այլև ռազմավարական նշանակություն։ Այդ պատճառով Թեհրանը բազմիցս ընդգծել է, որ տարածաշրջանի սահմանների փոփոխությունը կամ այնպիսի լուծումները, որոնք կարող են սահմանափակել Իրանի ֆիզիկական կապը Հայաստանի հետ, իր համար ընդունելի չեն։ Սակայն պետք է նաև հասկանալ, որ Իրանը Հայաստանի անվտանգության «երաշխավորը» չէ այն իմաստով, ինչպես կարող է լինել ռազմական դաշինքի անդամ պետությունը։ Իրանի հնարավորությունները սահմանափակվում են սեփական ազգային շահերով պայմանավորված քաղաքական, դիվանագիտական, տնտեսական և անհրաժեշտության դեպքում՝ զսպման գործիքներով։ Թեհրանը պատրաստ է օգտագործել այդ գործիքները, եթե համարի, որ իր կենսական շահերը կամ տարածաշրջանային հավասարակշռությունը վտանգված են։
Տրանսպորտային նախագծերի շուրջ մրցակցությունն այս հակամարտության կարևոր բաղադրիչներից մեկն է։ Իրանական ընկալմամբ, որոշ նախաձեռնություններ, մասնավորապես՝ «Միջազգային խաղաղության և բարգավաճման Թրամփի ուղին», կարող են ունենալ ոչ միայն տնտեսական, այլև աշխարհաքաղաքական նպատակ՝ փոխելու տարածաշրջանի հաղորդակցային քարտեզը և նվազեցնելու Իրանի դերակատարումը՝ որպես տարանցիկ հանգույց։
Հետևաբար՝ Թեհրանը փորձում է առաջ մղել այնպիսի նախագծեր, որոնք կպահպանեն իր մասնակցությունը տարածաշրջանային հաղորդակցություններին և միաժամանակ թույլ չեն տա, որ Հարավային Կովկասի տրանսպորտային համակարգը ձևավորվի Իրանի շահերի հաշվին։ Այս իմաստով ճնշման գործիքները սահմանափակվում են ոչ միայն ռազմական հարթությամբ, այլ ներառում են դիվանագիտական ազդակներ, տնտեսական կապեր, ենթակառուցվածքային նախաձեռնություններ և տարածաշրջանային գործընկերների հետ հարաբերությունների ակտիվացում:
Իրանի համար ներկայիս ճգնաժամի պայմաններում Հարավային Կովկասը նաև անվտանգության խորության հարց է։ Որքան մեծանում է արտաքին ճնշումը Թեհրանի նկատմամբ, այնքան ավելի կարևոր է դառնում նրա համար՝ ունենալ կայուն և կանխատեսելի միջավայր իր հյուսիսային սահմանների երկայնքով։ Այդ պատճառով Իրանի ռազմավարական նպատակը, ամենայն հավանականությամբ, ոչ թե տարածաշրջանում գերիշխանության հաստատումն է, այլ այնպիսի բազմաբևեռ հավասարակշռության պահպանումը, որտեղ կպահպանվեն իր հաղորդակցային ուղիները, Հայաստանի հետ սահմանը և սեփական ազդեցության նվազագույն անհրաժեշտ մակարդակը։
Այս տեսանկյունից Սյունիքի հարցն Իրանի համար դիտարկվում է՝ որպես լայն տարածաշրջանային մրցակցության հանգույց, որտեղ որոշվում է Հարավային Կովկասի ապագա աշխարհաքաղաքական ճարտարապետությունը։

