Գերմանիան հետախուզական լուրջ բարեփոխման և Ֆրանսիայի հետ հետախուզական ինտեգրացիայի խորացման կարիք ունի. Ի՞նչ է Փարիզը պատրաստել Երևանի համար
Օրերս արտասահմանյան մամուլում դարձյալ ակտիվացան տեղեկությունները, որ Գերմանիան պատրաստվում է հետախուզության ոլորտում մեծ բարեփոխման, ինչի անհրաժեշտության մասին վաղուց խոսակցություններ կան:
Եվ եթե այս բարեփոխման գաղափարը գործնականում կյանքի կոչվի, ապա Գերմանիան «սահմանափակ հնարավորություններով հետախուզության» մոդելից լիարժեք անցում կկատարի «ակտիվ ազդեցության գործիքներով օժտված ժամանակակից արտաքին հետախուզական ծառայության»։
Ավելին, այդ տրանֆորմացիայի գլխավոր ուղղությունը լինելու է Բեռլինի և Փարիզի հետախուզական ինտեգրացիայի խորացումը։
Նշենք, որ ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ Ֆրանսիան և Գերմանիան ստեղծել են բարձր մակարդակի միջուկային համակարգման խումբ: Այսինքն, Ֆրանսիան և Գերմանիան որոշել են ամրապնդել համագործակցությունը զսպման ոլորտում՝ ի պատասխան սպառնալիքների փոփոխվող պատկերի։
Հավելենք, որ Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի հետախուզական ծառայությունների միջև ևս նմանօրինակ համագործակցություն կա, մասնավորապես, Իրանից եկող սպառնալիքների կանխման և միջուկային զենքի մշակման պոտենցիալի մասին տեղեկությունների փոխանակման հարցում:
Բնականաբար, այս երկրները՝ Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, ունեն և՛ ընդհանուր, և՛ սեփական շահերն ու հետաքրքրությունները Հարավային Կովկասում, ու, բնականաբար, այս համատեքստում իրենց անելիքն ունեն նաև հատուկ ծառայությունները, այդ թվում՝ Ռուսաստանին տարածաշրջանից դուրսմղման:
Որպես օրինակ՝ դիտարկենք Ֆրանսիան, որը, թեև, պատմականորեն բարեկամ երկիր է, բայց նաև այն երկրներից է, որին 44-օրյա պատերազմից առաջ ՊՆ-ում զգուշացումներ են արվել թուրքական սպառնալիքների և Թուրքիայի՝ պատերազմին ուղիղ մասնակցության հավանականության մասին:
Մասնավորապես, հուլիսյան մարտերից հետո և 44-օրյա պատերազմից առաջ ՀՀ պաշտպանության նախարարությունում ֆրանսիական կողմին զգուշացվել է թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունների հնարավոր հետևանքների և նպատակների մասին: Չենք մոռանում նաև, որ Ֆրանսիան միայն Արցախի հայաթափումից հետո որոշեց Հայաստանին սպառազինություն մատակարարել:
Այս տարվա մայիսին Երևանում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը խոստովանել էր, որ իր երկիրն ու ինքը հանդիսանում են 2022 թվականի պրահյան գործընթացի առանցքային դերակատարը, որը դե ֆակտո Արցախը ճանաչեց Ադրբեջանի կազմում: Իհարկե, սրա գլխավոր պատասխանատուն ՀՀ իշխանություններն են:
«Ի՞նչ գին ունի Հայաստանին Ֆրանսիայի հետպատերազմյան պարտքը» վերտառությամբ հոդվածում այս ամենին անդրադարձել ենք: Ինչևէ, պաշտպանության ոլորտում Հայաստան-Ֆրանսիա լայն համագործակցությունը շարունակվում է՝ սպառազինության մատակարարում, ռազմական խորհրդատվություն և այլն:
Հիշեցնենք, որ Հայաստանին սպառազինության մատակարարման մտադրությանը զուգահեռ՝ 2023 թվականին Ֆրանսիան որոշեց, որ Հայաստանի հետ համագործակցությունն անվտանգության բնագավառում պիտի ամրապնդվի նաև Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունում պաշտպանական առաքելության հիմնմամբ:
Հայաստանի և Ֆրանսիայի հետախուզությունների միջև փոխգործակցության մասին ավելի ուշ տեղեկություններ շրջանառվեցին ոչ տեղական մամուլում:
2025 թվականի սեպտեմբերին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Փարիզում հանդիպել էր Արտաքին հետախուզության ղեկավար Նիկոլա Լեռների հետ:
Ավելի ուշ Intelligence Online-ը գրեց, որ Ֆրանսիան ստանձնելու է Հայաստանի Արտաքին հետախուզության ծառայության կադրերի պատրաստումը։
Միաժամանակ ֆրանսիական տարբեր աղբյուրներում տեղեկություններ են շրջանառվում, որ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյիին առաքելության ժամկետի ավարտից հետո կարող է փոխարինել Ֆլորիան Էսկյուդիեն, ով մասնագիտացած է ռազմավարական հարցերի, անվտանգության և կիբերանվտանգության ոլորտներում, և տարբեր տեղեկություններով՝ բավականին լավ խորացած է հայկական «թղթածրարում»: Թե որքանով են այս տեղեկությունները համապատասխանում իրականությանը, սպասենք իրադարձությունների զարգացմանը:
Փոխարենը՝ հիշեցնենք, որ ՀՀ արտաքին հետախուզական ծառայությունը ստեղծվել է 2023 թվականի հոկտեմբերին: Դրա անհրաժեշտությունը հիմնավորելու համար Նիկոլ Փաշինյանը մի առիթով ասել էր, որ աշխարհում հետախուզական մեթոդները, բանաձևերը զարգանում են, որոնց պիտի համահունչ լինել, և, որ արցախյան 2016թ. և 2020թ. պատերազմների ընթացքում հետախուզական մարմինների կողմից տեղեկատվության տրամադրման գործընթացում խնդիրներ են եղել:
Հիշեցնենք, որ 2019-ի օգոստոսի 5-ին Ստեփանակերտի հրապարակում խոստացել էր՝ «ունենալու ենք աշխարհի 10 ամենաարդյունավետ հետախուզական ծառայություններից մեկը»:
Իսկ 2020-ի պատերազմից մոտ մեկ շաբաթ առաջ Հայաստանի Անկախության 29-րդ տարեդարձի միջոցառումների շրջանակում Նիկոլ Փաշինյանը, ներկայացնելով ՀՀ վերափոխման՝ մինչև 2050թ. ռազմավարությունը, ոչ միայն հայտարարել էր, թե ունենալու ենք աշխարհի 10 ամենաարդյունավետ հետախուզական ծառայություններից մեկը, այլև փակագծեր բացել դրա պատճառների մասին:
«Սա կարևոր կետ է մեր տեսլականի, ի՞նչ է սա նշանակում: Նշանակում է հետևյալը. իմանանք ավելին այն անհրաժեշտ ինֆորմացիայի, որը պետք է աշխարհի հետ հարաբերվելու համար: Սա նշանակում է՝ ավելի լավ ճանաչել աշխարհը գործնական առումով, և հնարավորություն ունենալ հասկանալ՝ ինչու և որտեղ է աշխարհը մեզ սխալ հասկանում, և որտեղ է, որ մենք պիտի ուղղենք մեր մասին պատկերացումներն աշխարհում»,- 44-օրյայից օրեր առաջ բացատրել էր Փաշինյանը:
Թե որքանով կարող ենք ՀՀ արտաքին հետախուզական ծառայությունը տեղավորել աշխարհի ամենաարդյունավետ աշխատող տասնյակում, դժվար է ասել: Իսկ թե որքանով է ՀՀ արտաքին հետախուզական ծառայությունը կանխում Հայաստանի Հանրապետության դեմ թուրք-ադրբեջանական տանդեմից եկող սպառնալիքները, կարող ենք ենթադրություններ, գուցեև՝ պնդումներ անել, բայց փաստ է, որ ծառայությանը ստեղծումից ժամանակ առ ժամանակ նոր լիազորություններ են վերապահվել:
Նախ մոտ երկու տարի առաջ առաջարկվեց Արտաքին հետախուզության ծառայությանը վերապահել պետական գաղտնիք կազմող տեղեկություններին անձանց առնչվելու թույլտվություն տալու լիազորություն: Իսկ հիմա շրջանառության մեջ է դրվել օրենքի նախագիծ, որով առաջարկվում է ԱՀԾ-ին ևս տալ կապի սարքավորումներ տեղադրելու թույլտվության լիազորություն։
Հավելենք, որ այս ընթացքում Փաշինյանը որոշեց նաև Ազգային անվտանգության ծառայությունից առանձնացնել արտաքին հետախուզական ծառայությունը, փոխարենը՝ ստեղծել արտաքին հակահետախուզական ստորաբաժանում։
Այս համատեքստում նշենք, որ մեր հրապարակումներից մեկում գրել ենք, որ Ադրբեջանի արտաքին հետախուզական ծառայությունն ունի ստորաբաժանում՝ «Yarasa», որը մասնակցում է հատուկ նշանակության ուժերի զորավարժություններին: Ավելին, ադրբեջանական աղբյուրներում կան տեղեկություններ, որ «Yarasa»-ի անձնակազմը 44-օրյայի մարտական գործողությունների ժամանակ գործել է հայկական բանակի թիկունքում և մասնակցել բնակավայրերի գրավմանը, մասնավորապես՝ Կուբաթլիի (Որոտան) հատվածում:

