Ռուբիոն հայտարարել է, որ ԱՄՆ-ը կշարունակի ձգտել Իրանի հետ հակամարտության դիվանագիտական կարգավորմանը
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Վաշինգտոնը նախկինի պես բաց է Թեհրանի հետ հակամարտության դիվանագիտական կարգավորման համար, հայտնում է CNN-ը։
«Միացյալ Նահանգները միշտ էլ բաց են դիվանագիտական լուծման համար։ Մենք Իրանի հետ բազմիցս փորձել ենք հասնել դրան և շարունակելու ենք փորձել։ Եթե այդ դուռը բացվի, մենք միայն ուրախ կլինենք», — ասել է Ռուբիոն լրագրողներին Մանիլա մեկնելուց առաջ, որտեղ անցկացվելու է ԱՍԵԱՆ-ի գագաթնաժողովը։
Այն հարցին, թե ինչ տեղի կունենա, եթե դիվանագիտական ջանքերը ձախողվեն, Ռուբիոն պատասխանել է․ «Չեմ կարծում, թե դա լավ կլինի Իրանի համար։ Նկատի ունեմ՝ Իրանի տնտեսությունը քայքայված է»։
Բացի այդ, պետքարտուղարը քննադատել է Իրանին Հորմուզի նեղուցում նավերի վրա հարձակվելու համար։
«Նրանք շարունակում են ազդանշաններ ուղարկել, թե ցանկանում են խոսել, բանակցել, բայց մենք արձագանքում ենք հենց նրանց վարքագծին, իսկ նրանց վարքագիծը նավերի ուղղությամբ հրթիռներ ու անօդաչու սարքեր արձակելն է, այդ թվում՝ այս գիշեր», — ընդգծել է Ռուբիոն։
Ավելի վաղ Մերձավոր Արևելքում ԱՄՆ զինված ուժերի Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) ավարտել էր իրանական թիրախներին հասցված հարվածների հերթական շարքը՝ նշելով, որ դրանք հասցվում են արդեն իններորդ գիշերն անընդմեջ։

