Հնդկաստանում հորդառատ անրձևները շարունակում են մարդկային կյանքեր խլել
Հնդկաստանի մայրաքաղաք Դելիում շենքի փլուզման հետևանքով առնվազն չորս մարդ է զոհվել։ Սա մուսոնային հորդառատ անձրևների հետևանքով տեղի ունեցած միջադեպերից վերջինն է։ Տեղումները երկրի տարբեր շրջաններում սողանքների և երթևեկության խափանումների պատճառ են դարձել։
Հնդկական ANI լրատվական գործակալության հաղորդմամբ՝ Դելիում փլատակների տակից մեկ մարդու հաջողվել է ողջ դուրս բերել։
Հնդկաստանի օդերևութաբանական ծառայությունը Դելիի և հարևան Հարյանա նահանգի որոշ հատվածների համար հայտարարել է եղանակային «կարմիր» նախազգուշացում՝ կանխատեսելով հորդառատ անձրևներ։
Դելիի օդանավակայանից ուղևորներին հորդորել են օդանավակայան մեկնելու համար նախատեսել լրացուցիչ ժամանակ, քանի որ դեպի օդանավակայան տանող որոշ ճանապարհներ հեղեղվել են։
Երկրի հարավում գտնվող Կերալա նահանգի Վայանադ շրջանում հուլիսի 7-ին տեղի ունեցած սողանքի հետևանքով առնվազն չորս մարդ էր զոհվել։ Իսկ արևմտյան Մահարաշտրա նահանգում անձրևների հետևանքով զոհերի թիվը հասել էր 13-ի։
Մահարաշտրայի Պունե քաղաքում, որը գտնվում է Մումբայի մերձակայքում, թափոնների վերամշակման համալիրում փլուզվել էր աղբի մեծ կույտ։ Առնվազն յոթ մարդու հաջողվել էր փրկել, իսկ ևս ինը մարդ, ենթադրաբար, մնացել է փլատակների տակ։

