Ալիևը որոշել է օկուպացված Մարտակերտում ռազմական հատուկ օպերացիաների կենտրոն բացել
Հունվարի 13-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այցելել է օկուպացված Մարտակերտի շրջանի գյուղեր, հանդիպել վերաբնակիչների հետ:
Հանդիպման ընթացքում նա դարձյալ անդրադարձել է 44-օրյա պատերազմը 2020 թվականի նոյեմբերի 9-10-ին դադարեցնելու գլխավոր պատճառներից մեկին:
«Եթե պատերազմը չկանգնեցվեր 2020 թվականի նոյեմբերի 10-ին, հնարավոր է, որ մենք ունենայինք հազարավոր զոհեր։ Եվ այդ թվում՝ այստեղ, այս լեռներում, Մարտակերտի (Մարտակերտ.- Մ.Պ.) լեռներում, Քելբաջարի լեռներում, Լաչինի լեռներում, Աղդամի ականապատված տեղամասերում մենք կարող էինք ունենալ հազարավոր զոհեր։ Մենք պաշտպանել ենք նրանց, մենք չենք զոհաբերել նրանց»,- հայտարարել է Ալիևը:
Սրանից առաջ այս միտքն Ադրբեջանի ղեկավարը հնչեցրել էր 2026 թվականի հունվարի 5-ին տեղական լրատվամիջոցներին տված հարցազրույցի ժամանակ: Իսկ այն, որ 2020 թվականի 44-օրյայի ժամանակ բարդ է եղել ուժով վերցնել Աղդամը, Լաչինը, Քելբաջարը, ուստի դա արել են քաղաքական ճանապարհով, Ալիևն այլ առիթներով է հայտարարել։
Սա նշանակում է, որ 44-օրյա պատերազմի ժամանակ հայկական բանակը կարողացել է պահել այս կարևոր, ինչո՞ւ չէ՝ բարդ ռելիեֆ ունեցող տարածքները՝ Մարտակերտը, Աղդամը, Լաչինը, Քարվաճառը, ընդ որում՝ չունենալով ռազմական այն աջակցությունը, որն ուներ Ադրբեջանը:
Եվ Նիկոլ Փաշինյանն օգնեց Ալիևին դրանք ունենալ քաղաքական ճանապարհով. Քարվաճառը, Աղդամը, Լաչինը՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ, իսկ Մարտակերտը, ըստ էության, 2022 թվականի 6-ին՝ քառակողմ հայտարարությամբ։
Մյուս կողմից, Ալիևի նման հայտարարությունները ներքին խնդիր են լուծում, քանի որ ադրբեջանական կողմը ևս լուրջ կորուստներ է ունեցել 44-օրյա պատերազմի ժամանակ, և չնայած Բաքուն հաղթող կողմ է, ադրբեջանական հասարակության մեջ կան դժգոհություններ իրենց զավակների, ամուսիների կորստի հետ կապված:
Ավելին, եթե պատերազմում կենդանի մնացածներն Ադրբեջանի իշխանություններից գոհ լինեին, ստիպված չէին լինի որպես վարձկան մասնակցել այլ երկրների պատերազմական գործողություններին, ինչը լուրջ խնդիր է Բաքվում: Եվ փաստորեն, Ալիևը ևս խնդիր ունի իր հասարակությանը ժամանակ առ ժամանակ ցույց տալու, որ կյանքեր է խնայել պատերազմը նոյեմբերի 10-ին կանգնեցնելով, այնպես, ինչպես Փաշինյանն էր փորձել անել՝ ասելով, որ 25.000-35.000 մարդու կյանք է փրկել:
Բայց վերադառնանք Ալիևի՝ օկուպացված Մարտակերտի շրջան այցին:

Հունվարի 14-ին օկուպացված Մարտակերտում Ադրբեջանի նախագահ Ալիևի մասնակցությամբ դրվել է օպերացիաների կենտրոնի հիմնաքարը, որին ներկա է եղել Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը:
Կենտրոնի նպատակն է՝ տարբեր ռելիեֆներ ունեցող տեղանքներում և եղանակային պայմաններում ապահովել հատուկ նշանակության ստորաբաժանումների պատրաստությունը։ Բացի այս, կենտրոնում նախատեսված է միջազգային ռազմական համագործության շրջանակում դասընթացների և վարժանքների անցկացում։
Կառուցվելիք կենտրոնին պատկանող ընդարձակ տարածքում անցկացվելու են նաև մեծաքանակ անձնակազմով պարապմունքներ և զորավարժություններ։ Այստեղ ստեղծվելու են հրաձգային և խոշոր տրամաչափի զենքերից կրակային պատրաստության համար նախատեսված զորավարժարան, անօդաչու թռչող սարքերի, հարվածային դրոնների կիրառման, հատուկ նշանակության տարբեր օպերացիաների խաղարկման համար համապատասխան տարածքներ և այլն։
Այս այցի համատեքստում ադրբեջանական քարոզչամեքենան ուշադրություն է հրավիրել Թարթառի էլեկտրամեխանիկական գործարանի վերագործարկման փաստի վրա, որտեղ արտադրվելու է ռազմական նշանակության տարբեր տեսակի արտադրանք:
«Բացառությունները չհաշված՝ միջազգային իրավունքն անտեսվում է գրեթե բոլոր երկրների կողմից, և այսօր երկրի ուժեղ պաշտպանունակությունն է հենց կարևոր բաղադրիչը խաղաղության ճանապարհին»,- նկատել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը մերձակա caliber.az-ը:
Այսինքն, Ալիևն Արցախի օկուպացված տարածքներին փորձում է տալ նաև, այսպես ասած, անվտանգային նշանակություն: Իսկ օկուպացված Մարտակերտի շրջանն Ալիևի համար իրենից հարստություն է ներկայացնում նաև ոսկու հանքերի շնորհիվ, բայց սա առանձին քննարկման թեմա է:


