CBC News․ Օտտավան պետք է կենտրոնանա Հայաստանի հետ հարաբերությունների հետագա ամրապնդման վրա

Օտտավան պետք է կենտրոնանա Հայաստանի հետ հարաբերությունների հետագա ամրապնդման վրա, CBC News-ին հայտարարել են տարածաշրջանային փորձագետները՝ Երևանում անցկացվող ԵՄ գագաթնաժողովների կապակցությամբ, որոնց մասնակցում է Կանադայի վարչապետ Մարկ Քարնին։

Ուինձորի համալսարանի միջազգային իրավունքի պրոֆեսոր Քրիստոֆեր Ուոթերսը կարծում է, որ Հայաստանի աշխարհագրական դիրքը պետք է այն դարձնի Կանադայի համար զգալի հետաքրքրություն ներկայացնող երկիր։

«Ստեղծվել են բոլոր պայմանները ուսանողական փոխանակումների և տնտեսական հարաբերությունների ընդլայնման համար։ Կանադան կարող է օգտվել բարդ տարածաշրջանում դաշնակից և բարեկամ ունենալու առավելությունից՝ մի տարածաշրջանում, որը գնալով ավելի ու ավելի է նայում դեպի Արևմուտք, դեպի Կանադան և նրա դաշնակիցները, դեպի Եվրոպա, որպեսզի դուրս գա Ռուսաստանի ազդեցության տակից», — ասել է նա CBC News-ին տված հարցազրույցում։

Երևանում Քարնին հույս ունի հանդիպել բազմաթիվ առաջնորդների, որոնք ներկայացնում են Եվրոպական խորհրդարանում ընդգրկված երկրները։ Այս շաբաթ Եվրախորհրդարանը դիվանագիտական սկանդալ է հրահրել Ադրբեջանի հետ՝ ընդունելով բանաձև, որը կոչ է անում ապահովել Ղարաբաղից փախած հայերի վերադարձի իրավունքը, ինչպես նաև ազատ արձակել Բաքվի կողմից պահվող քաղաքական բանտարկյալներին։

Գտնվելով ընտրարշավի թեժ փուլում և փորձելով հարաբերություններ կարգավորել Ադրբեջանի հետ փխրուն խաղաղ գործընթացի ընթացքում՝ Փաշինյանը մեծ մասամբ խուսափում է այս հարցերի կամ Ղարաբաղում հայկական եկեղեցու ավերման վերաբերյալ հրապարակային մեկնաբանություններից։ Սակայն Ուոթերսը կարծում է, որ այդ լռությունը չպետք է խանգարի Կանադային արտահայտվել։ «Կանադան կարող էր գործել՝ որպես տարածաշրջանում ազնիվ միջնորդ ճնշում գործադրելով Ադրբեջանի վրա», — ասել է նա։ «Կան որոշակի ոլորտներ, որտեղ Կանադային կամ համախոհ երկրներին քաղաքականորեն միջամտելը շատ դժվար է։ Սրանք միջպետական հարցեր են, որոնք պետք է լուծվեն Հայաստանի և Ադրբեջանի միջև», — նշել է Ուոթերսը՝ հավելելով, որ հումանիտար հարցերը և մշակութային ժառանգության պաշտպանության կոչերը չպետք է դիտվեն որպես միջամտություն։

«Կան հումանիտար քայլեր, որոնք կարելի է ձեռնարկել բազմակողմ կամ երկկողմ մակարդակով՝ երբեմն այդ մասին բարձրաձայնելով», — հավելել է նա։

Կանադան ինչպես անցած ամռանը, այնպես էլ Ջասթին Թրյուդոյի օրոք կոչ էր անում ազատ արձակել քաղաքական բանտարկյալներին՝ զուգահեռ պահանջելով ապահովել փախստականների վերադարձի իրավունքը։ Այնուամենայնիվ, 2020 թվականի պատերազմի ընթացքում Կանադայի կառավարությունը բախվեց քննադատության՝ Օնտարիոյում արտադրված բաղադրիչների պատճառով, որոնք ենթադրաբար տեղադրվել էին թուրքական անօդաչու թռչող սարքերի վրա, վաճառվել Ադրբեջանին և առանցքային դեր խաղացել մարտի դաշտում։ Թուրքիան և Ադրբեջանը հերքել էին այս մեղադրանքը, սակայն դա դրդեց Կանադային ժամանակավորապես կասեցնել ռազմական արտահանումը Թուրքիա։

Պաշտպանական կապերի ամրապնդման հնարավորություններ

Պաշտպանության և ռազմական գործի ոլորտի փորձագետները նշում են, որ Կանադան կարող է դիտարկել հայկական զինված ուժերի հետ համագործակցության խորացման հնարավորությունը։

Քինգսթոնի Թագավորական ռազմական քոլեջի պրոֆեսոր Ալան Ուայթհորնը կարծում է, որ կանադացի դասախոսները կարող են աշխատել հայկական ռազմական ակադեմիաների հետ՝ աջակցելու դրանց արդիականացմանը։

«Նախ՝ մենք հարգված միջին տերություն ենք։ Եվ երկրորդ՝ կարծում եմ՝ մենք ունենք ռազմական կրթության լավ համակարգ, հատկապես ռազմական քոլեջների բարձր մակարդակներում։ Եվ կարծում եմ՝ սա լավ օրինակ է Հայաստանի համար», — ասել է նա։

Հայաստանը մասնակցում է ՆԱՏՕ-ի ռազմական կրթության կատարելագործման ծրագրին (DEEP), որը նախատեսված է դաշինքի անդամ չհանդիսացող երկրների համար և ապահովում է «նպատակային գործնական աջակցություն նրանց մասնագիտական ռազմական ուսումնական հաստատությունների զարգացման և բարեփոխման գործում»։ Ուայթհորնը նշել է, որ Կանադան արդեն աշխատում է Հայաստանի հետ DEEP-ի միջոցով, բայց կարող է կառուցել նաև ավելի ուղիղ երկկողմ հարաբերություններ։

Միևնույն ժամանակ, այն փաստը, որ Հայաստանը ընդհանրապես հյուրընկալում է այս գագաթնաժողովը, ինքնին նշան է, որ երկիրը հեռանում է Ռուսաստանից, կարծում է Կալգարիի համալսարանի Ռոբերտ Հյուբերտը։

«Սա… ազդանշան է Պուտինին, որ նրա շարունակվող սպառնալիքները ՆԱՏՕ-ին, թե դուք չեք կարող մոտենալ իմ սահմանին, անօգուտ են։ Եվ կարծում եմ՝ սա միջոց է ցույց տալու՝ մենք կարող ենք գնալ այնտեղ, ուր ուզում ենք», — հայտարարել է փորձագետը։ — «Կարծում եմ՝ սա նաև փորձ է ցույց տալու Պուտինին, որ մենք այստեղ լուրջ շահեր ունենք։ Եթե մարդիկ ուզում են գործել մեզ հետ համընթաց, մենք դա կընդունենք»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031