Պաշտպանության նախարարությունը՝ ՌԴ-ից զենքի ձեռքբերման մասին
Ապրիլի 18-ին «Հայաստանը Ռուսաստանից զենք է ձեռք բերելու. արդյո՞ք ՀԱՊԿ շրջանակում նման հնարավորությունից ևս կօգտվենք» վերտառությամբ հոդված ենք հրապարակել, որի հիմքում լրագրողների հետ ճեպազրույցում Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն էր՝ «ունենք պայմանավորվածություն, որ նախկինում ձեռք բերված ռազմատեխնիկական պայմանավորվածություններն իրագործենք»:
Նույն օրը 168.am-ը գրավոր հարցում է ուղարկել ՀՀ պաշտպանության նախարարություն, որում ներառել ենք Ռուսաստանից զենք գնելու պայմանավորվածության հետ կապված լրագրողի հարցին Փաշինյանի պատասխանը:
Մեր հարցման մեջ մենք հիշեցրել էինք նաև 2025 թվականին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի՝ լրագրողների հետ հանդիպմանն արած հայտարարությունը, որ «Հայաստանի և Ռուսաստանի ֆինանսների նախարարության միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ մեր կողմից վճարված գումարը միջպետական պարտքից պիտի պակասեցվի»:
Այսինքն, Սուրեն Պապիկյանի ղեկավարած կառույցից փորձել ենք պարզել՝ Նիկոլ Փաշինյանն ի՞նչ պայմանավորվածության մասին է խոսում, ի՞նչ պայմանագրի, ո՞ր ժամանակ կնքված և ի՞նչ արժողությամբ, ի՞նչ սպառազինություն կամ համակարգ ենք պատրաստվում ձեռք բերել Ռուսաստանից, արդյո՞ք խոսքը Տոռ-Մ2ՄԿ համակարգի մասին է:
5-օրյա ժամկետում Պաշտպանության նախարարությունը պատասխան գրություն է ուղարկում, որում նշվում է մեր կողմից հայցվող տեղեկության տրամադրման մերժման մասին, և որպես հիմք՝ հիշատակվում են «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետի և ՀՀ կառավարության 11.01.2024թ. N5З-Ն որոշման 15-րդ կետի, ինչպես նաև՝ ՀՀ պաշտպանության նախարարի 2024 թվականի մայիսի 16-ի «ՀՀ ՊՆ համակարգի գաղտնագրման ենթակա տեղեկությունների ընդլայնված գերատեսչական ցանկը հաստատելու մասին» N 797-Լ հրամանի հավելվածի 159-րդ, 171-րդ և 172-րդ կետի պահանջները:
Մեծ հաշվով, Սուրեն Պապիկյանի ղեկավարած կառույցը չի հերքում Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը:
Հավելենք, որ ավելի վաղ Սուրեն Պապիկյանը հրաժարվել էր տրամադրել Փաշինյանի խոստացած զենքերի գնապիտակների մասին տեղեկությունը, և, թե բացի ՌԴ-ից, ո՞ր երկրներն են նախքան 2018-ը զենք վաճառել Հայաստանին և ո՞ր երկրներն են հետո մերժել, որտեղի՞ց գործարանային Դ-30-ը: Առջևում մայիսի 28-ին Հանրապետության հրապարակում վերջին տարիներին գնված սպառազինության ցուցադրությունն է, սպասենք, տեսնենք՝ արդյո՞ք դրանցում ռուսական որևէ զինատեսակ կամ համակարգ կլինի:



