Արդյո՞ք ալերգիկ հիվանդությունները բուժվում են․ կապ կա՞ ատոպիկ դերմատիտի և ալերգիկ ռինիտի միջև
Գարնանը սրվում են մի շարք հիվանդություններ, որոնցից են ալերգիկ ռինիտը և ատոպիկ դերմատիտը։ Հիվանդությունների մասին զրուցել ենք ալերգոլոգ Աստղիկ Բաղդասարյանի հետ։
– Ի՞նչ է ալերգիկ ռինիտը։
– Ալերգիկ ռինիտն ամենատարածված ալերգիկ հիվանդություններից մեկն է, որը սովորաբար առաջանում է, երբ մեր օրգանիզմը սկսում է սխալ ընկալել իր շրջապատում գտնվող սպիտակուցի տեսակները, ինչպիսիք են ծաղկի փոշիները, փոշու տզերը, բորբոսասնկերը, և ունենում ենք այնպիսի նշաններ, ինչպիսիք լինում են վիրուսների ժամանակ՝ քթից հոսք, արցունքահոսություն, աչքերի, քթի քոր, քթի փակվածություն, գլխացավեր։ Այս ամենն էական ազդեցություն է թողնում մարդկանց կյանքի որակի վրա։
– Հնարավո՞ր է ալերգիկ ռինիտը շփոթել մրսածության հետ։
– Այո, շատ հեշտությամբ։ Երբ առաջին անգամ է մարդուն անհանգստացնում՝ թվում է, թե գրիպ, մրսածություն է, մի քանի օրից կանցնի, բայց տեսնում է, որ պահպանվում է շաբաթներ, հաջորդ տարի նույն եղանակին կրկնվում է, և այդ ժամանակ, երբ ախտանիշները պահպանվում են 2-3 շաբաթից ավելի, սովորաբար մարդիկ գլխի են ընկնում, որ արդեն ալերգիկ ռինիտի հետ գործ ունեն։

– Քանի որ ալերգիան լինում է և՛ ծառերի ծաղկեփոշուց, և՛ խոտից, այս դեպքում ինչպե՞ս են տարբերում, թե մարդու մոտ ո՞ր տեսակն է։
– Սովորաբար ամեն ծաղկեփոշի իր ժամանակն ունի։ Մայիսի վերջ, հունիսի սկիզբ ունենում ենք բարդիների բմբուլների սեզոնը, և մարդիկ միշտ մտածում են, որ դրանից է, բայց իրականում դա հիմնականում խնդիր չի առաջացնում։ Հիմնական խնդիրը նույն սեզոնին ծաղկող խոտերի ծաղկեփոշիներն են, որոնց մենք նույնիսկ չենք էլ տեսնում օդի մեջ։ Մինչդեռ ծառերի ծաղկեփոշիները շատ ավելի վաղ շրջանում են արտազատվում։ Օրինակ, Հայաստանին շատ բնորոշ չէ կեչին, Արևմտյան Եվրոպայում, ՌԴ-ում կեչու նկատմամբ ալերգիան առաջին տեղում է և սկսվում է փետրվարի վերջից։ Մեզ մոտ ավելի շատ հացենու ծաղկեփոշին է, որը սովորաբար սկսում է ծաղկել մարտի վերջին, ապրիլի սկզբին և ծաղկման սեզոնով էլ որոշում ենք։ Բացի այդ, հնարավորություններ կան որոշելու մթնոլորտային օդում ծաղկեփոշու մակարդակը, և շատ երկրներում եղանակի տեսությամբ ջերմաստիճանի, քամու արագությանը զուգահեռ՝ հայտարարվում է նաև ծաղկեփոշու մակարդակը։ Շատ ենք աշխատում այդ ուղղությամբ, որպեսզի ՀՀ օդերևութաբանական ծառայությունը ևս կարողանա հագենալ այդ ինֆորմացիայով, քանի որ այն շատ կարևոր է ալերգիկ ռինիտով մարդկանց համար։ Երբ գիտեն, որ այս կամ այն ծաղկեփոշու մակարդակն այսինչ ժամին առավելագույնն է լինելու, քանի որ քամու ուղղությունն ու արագությունը դա են կանխատեսում, այդ ժամանակ մարդն ավելի պատրաստված է դուրս գալիս, նախապես օգտագործում է իր ալերգիայի դեղորայքը, աշխատում է այդ ժամերին ավելի շատ տանը մնալ, պատուհանը չբացել։
– Երբ գալիս է «փռշտալու» սեզոնը՝ առանց բժշկի դեղ են գնում և խմում, վնաս չէ՞։
– Կախված է դեղորայքի տեսակից։ Ցանկացած դեղորայք ճիշտ է, որ նշանակի բժիշկը, սակայն քանի որ դեղատներում հակահիստամինային դեղորայքը վաճառվում է առանց դեղատոմսի, շատ կարևոր է, որ բուժառուները հիշեն՝ շշմեցնող ազդեցություն ունեցող դեղորայքը ցուցված չէ օգտագործել ալերգիկ ռինիտների ժամանակ։
Հաճախ, նույնիսկ դեղորայք օգտագործելիս չեն անցնում ախտանիշները, քանի որ կամ շատ ուշ են սկսել բուժումը, կամ ախտանիշներն են շատ սուր, և այս դեպքում խորհուրդ ենք տալիս բուժման մեկ այլ տեսակ, որը կոչվում է ալերգեն սպեցիֆիկ իմունոթերապիա։ Երբ հայտնաբերում ենք, թե կոնկրետ ինչի նկատմամբ է ալերգիան, մինչև ալերգիայի սեզոնի սկսվելը նախապատրաստում ենք իմուն համակարգը, և ի տարբերության սիպտոմատիկ բուժման, որը հակահիստամինայիններն են, այս եղանակը թույլ է տալիս ավելի երկարաժամկետ ազդեցության հասնել։ Այսինքն, ձևափոխում ենք իմուն պատասխանը, դարձնում ճիշտ, և բուժումը պահպանվում է տարիներ շարունակ, ոչ թե սեզոնի ընթացքում։
– Ճի՞շտ է, որ ավելի շատ ալերգիաներ ունենում են 25-30 տարեկանից հետո։
– Ոչ, ալերգիաների սկիզբը հիմնականում մանկական տարիքում է։ Շատ ավելի հաճախ ռինիտները սկսվում են դպրոցահասակ տարիքում՝ 6-7 տարեկանից սկսած։ Կախված է ալերգիայի տեսակից, բայց, կոնկրետ ալերգիկ ռինիտը երիտասարդների հիվանդություն է և սկսվում է դպրոցական տարիքում։ Կարող է՝ պիկին հասնում է 20-25 տարեկանում, բայց ավելի ուշ տարիքում քիչ է լինում, որ սկզիբը լինի։
– Նրանք, ովքեր ունեն ալերգիկ ռինիտ՝ խորհուրդ է տրվում լվացքը չչորացնել դրսում, որպեսզի ծաղկեփոշին չնստի, չկրեն և չունենան ալերգիա։ Սա ճի՞շտ խորհուրդ է։
– Այո, ճիշտ խորհուրդ է։ Ամռան սեզոնին, երբ ծաղկեփոշին անմիջապես կուտակվում է հագուստի մեջ, կարող է խիստ ազդեցություն ունենալ և՛ ռինիտի սրացման, և՛ ատոպիկ դերմատիտի սրացման վրա։
– Ովքե՞րն են հակված ունենալ ալերգիկ ռինիտ։
– Այն մարդիկ, ովքեր վաղ մանկական տարիքում ունեցել են ատոպիկ դերմատիտ, իսկ այս հիվանդությունը մանկական հիվանդություն է, դեպքերի 80 տոկոսը սկսվում է մինչև մեկ տարեկան հասակը և հաղթահարվում է մինչև 5 տարեկանը, բայց մաշկի ախտահարումը, որն իրենից ներկայացնում է մաշկի բարիերային ֆունկցիայի խախտում, հնարավորություն է ստեղծում, որ ծաղկեփոշիներն անմիջական շփում ունենան մեր իմուն համակարգի բջիջների հետ, որոնք տեղակայված են մաշկի ավելի խորը շերտերում, և ձևավորեն սխալ իմուն պատասխան։ Եվ այն մարդիկ, ովքեր նույնիսկ հաղթահարում են փոքր ժամանակ ունեցած ատոպիկ դերմատիտը, մեծ տարիքում ավելի հակված են դրսևորելու ալերգիկ ռինիտ։
– Ատոպիկ դերմատիտը նույն եղնջացա՞նն է։
– Ոչ։ Դրանք բոլորովին տարբեր վիճակներ են։ Ատոպիկ դերմատիտի դեպքում մաշկը չորանում է, կարող է թեփոտվել, ունենում ենք էկզեմատոզ ախտահարումներ, չորացած վերքեր՝ հատկապես արմունկների, ծալքերի հատվածում, պարանոցի, ծնկերի հետևի մասում։ Երեխաների մոտ հաճախ լինում է ազդրերին և սրունքներին։ Այդ ախտահարումները պահպանվում են օրեր, նույնիսկ շաբաթներ, եթե չեն բուժվում։ Իսկ եղնջացանը բլիթ-բլիթ է, կարծես եղնջի կծածի նման ցան է, որոնց տևողությունը առավելագույնը 24 ժամ է։ Եթե մաշկի մեկ հատվածի ախտահարումը 24 ժամից ավելի պահպանվեց, դա այլևս եղնջացան չէ։ Հաճախ եղնջացանը ալերգիա են անվանում, սակայն եղնջացանի ոչ բոլոր դեպքերն են պայմանավորված ալերգիայով։
– Արևի ճառագայթները կարո՞ղ են ատոպիկ դերմատիտի պատճառ դառնալ։
– Ատոպիկ դերմատիտը կարող է սրվել ջերմաստիճանային գերտատանումներից, շատ սառը և շատ տաք ջերմաստիճանից, քրտնելուց, արևի ճառագայթներից նույնպես։ Մյուս կողմից էլ՝ արևի ճառագայթների մի սպեկտոր կա, որն օգտագործում են ատոպիկ դերմատիտը բուժելու համար։ Խոսքը ֆոտոթերապիայի մասին է, բայց, ընդհանուր առմամբ, արևի ճառագայթները վնաս են և դրանից պաշտպանվել է պետք՝ անկախ նրանից՝ մարդն ունի՞ ատոպիկ դերմատիտ, թե՞ ոչ։
Պետք է արևի ներքո գտնվելու հիգիենան ճիշտ պահպանել, որպեսզի կարողանան օգտվել նաև օգտակար ազդեցությունից՝ մաշկին ստիպել արտադրել վիտամին D, միևնույն ժամանակ՝ զերծ մնալով վնասիչ ճառագայթների ազդեցությունից։ Այս դեպքում օգտագործում են արևապաշտպան հագուստ, կրեմներ։ Առավոտյան ժամը լավ է՝ նպաստում է վիտամին D-ի արտադրմանը, իսկ ավելի ուշ վնասիչ ճառագայթներն են լինում։

– Մարդիկ կան, երբ գտնվում են արևի ուղիղ ճառագայթների ներքո՝ միանգամից ցանավորում է լինում մարմնին, քոր է գալիս։ Սա դերմատի՞տ է։
– Դերմատիտի այլ տեսակ է, որը կոչվում է ֆոտոդերմատոզ։ Կա նաև արևային եղնջացան հասկացությունը, երբ անմիջականորեն առաջանում է արևի ճառագայթներից։
– Բուժումը դեղորայքո՞վ է, թե քսուքներով։
– Քսուքներն էլ են դեղորայք պարունակում։ Հակահիստամինային դեղերը հաճախ արդյունավետ չեն լինում, օգնում են միայն մեղմել քորը, հաճախ երբեմն ավելացնում են մաշկի զգայունությունն արևի ճառագայթերի նկատմամբ և այդ պարագայում մաշկի բարիերը վերականգնող քսուքներ են օգտագործում։
– Ֆոտոթերապիան նպաստո՞ւմ է բուժմանը։
– Շատ սպեցիֆիկ մաշկային խնդիրների բուժման ժամանակ է օգտագործվում։ Հիմնականում պսորիազի, վիտիլիգոյի բուժման ժամանակ կարող է օգտագործվել։
– Ատոպիկ դերմատիտի դեպքում խորհուրդ են տալիս սառը թրջոցներ օգտագործել․ ճի՞շտ խորհուրդ է։
– Թրջոցներն օգնում են, եթե շատ ծանր վիճակ է և ուզում են թրջոցի միջոցով դեղորայքը տեղ հասցնել։ Այդ դեպքում կարելի է կիրառել, բայց շատ ծանր ատոպիկ դերմատիտի բուժման դեպքում է օգտագործվում։ Հիմնականում սովորական խոնավեցնող կրեմներն արդեն կարողանում են լուծել այդ հարցը։
– Երկու հիվանդություններն էլ մարդուն հետապնդում են մինչև կյանքի վե՞րջ, թե՞ հնարավոր է բուժել։
– Ատոպիկ դերմատիտը մինչև 80 տոկոս դեպքերում մինչև 3-5 տարեկանը հաղթահարվում է, և միայն 20 տոկոսի մոտ է, որ պահպանվում է և կարող է ձևավորվել այլ ատոպիկ հիվանդության, ինչպիսին ալերգիկ ռինիտը կամ բրոնխիալ ասթման է։ Եթե ատոպիկ դերմատիտը սկսվում է ավելի ուշ տարիքում, այն սովորաբար ավելի կայուն ընթացք է ունենում և նույնիսկ, եթե անցնում է երկար ժամանակով, նորից ռիսկ կա, որ կարող է կրկնվել։ Դրա համար ատոպիկ դերմատիտ ունեցողներին խորհուրդ է տրվում մաշկի խոնավեցումը դարձնել առօրյա խնամքի մի մաս, որը կանխարգելում է սրացումները։



