Մոսկվայի համբերությունը սպառվում է. Սուսլովը՝ Փաշինյանի մոսկովյան այցի արդյունքների մասին

Ապրիլի 1-ին Նիկոլ Փաշինյանի մոսկովյան այցը ցույց տվեց, որ Ռուսաստանի համբերությունը սպառվում է: ՍպուտնիկԱրմենիայի փոխանցմամբ՝ այսօր Երևանում կայացած կլոր սեղանի ժամանակ ասել է Բարձրագույն տնտեսագիտական դպրոցի համաշխարհային տնտեսության և համաշխարհային քաղաքականության ֆակուլտետի Եվրոպական և միջազգային համալիր հետազոտությունների կենտրոնի փոխտնօրեն, արտաքին և պաշտպանական քաղաքականության խորհրդի հետազոտական ծրագրերի փոխտնօրեն Դմիտրի Սուսլովը:

«Այս այցը դիտարկվում է ոչ թե Ռուսաստանի հետ հարաբերությունները բարելավելու հարթությունում, այլ որպես ձգտում` առաջին հերթին փորձել մեղմել ռուսական ուղղությամբ ռիսկերը՝ շարունակելով արևմտամետ քաղաքականությունը։ Եվ երկրորդ՝ ընտրությունների նախաշեմին հերքել ընդդիմախոսների մեղադրանքներն առ այն, որ Փաշինյանը հակառուսական թեկնածու է, և դրանով թուլացնել Հայաստանում ընդդիմության դիրքերը», – ասաց Սուսլովը։

Նա նշեց, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության «վերացումից» հետո ռուսական դիրքերի թուլացումն ու աշխարհաքաղաքական դաշտի որակական փոփոխությունն Անդրկովկասում անվիճելի են: Նախկին ստատուս-քվոն, որը պահպանվում էր Ռուսաստանի՝ որպես Երևանի և Բաքվի միջև միաժամանակ միջնորդի և բուն ստատուս-քվոյի պաշտպանի դիրքի շնորհիվ, այլևս չկա և չի լինի, ինչպես նաև չկա Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը։

Դրա հետ մեկտեղ Սուսլովը կարծում է, որ անհնար է փոխել աշխարհագրությունը: Ռուսաստանի ֆիզիկական ներկայությունը Կովկասում, տնտեսական հարաբերությունները ՌԴ-ի հետ և Մոսկվայի ձգտումը՝ թույլ չտալ Կովկասում բացահայտ թշնամական երկրների և պրոքսի-մրցակիցների հայտնվելը, նույնպես հաստատուն է։
Փոխված աշխարհաքաղաքական պայմաններում Հարավային Կովկասում Ռուսաստանի շահը, նրա կարծիքով, կենտրոնական դերակատարի պահպանումը չէ, այլ այն, որ այդ դերը չստանձնի որևէ արտաքին խաղացող:

Կարդացեք նաև

«Այսինքն՝ շահագրգռվածությունը Անդրկովկասում ուժերի հավասարակշռության պահպանումն է, տարածաշրջանում որևէ այլ մեծ տերության, հատկապես Ռուսաստանի հակառակորդի գերիշխանությունը կանխելը։ Եվ իհարկե թույլ չտալ, որ Անդրկովկասի երկրները մոլդովական կամ ուկրաինական սցենարով հակառուսական պրոքսի դառնան»,- ընդգծել է Սուսլովը։

Միաժամանակ Մոսկվայում գիտակցում են տարածաշրջանի երկրների՝ Ռուսաստան–Արևմուտք հիբրիդային պատերազմում զոհ չդառնալու մղումը, ինչը խթանում է այդ երկրների՝ դիվերսիֆիկացվելու, բազմավեկտոր քաղաքականություն վարելու և արևմտյան երկրների հետ կառուցողական հարաբերություններ պահպանելու ձգտումը։

«Դա միանգամայն նորմալ է, և Ռուսաստանը դրան նորմալ է վերաբերվում, եթե պահպանվում են իր հետ կառուցողական հարաբերությունները», – ասաց Սուսլովը:

Նրա խոսքով` տարածաշրջանի որոշ երկրներ «էյֆորիայի մեջ» կարող են համարել, որ իրենք հիմա Ռուսաստանին ավելի շատ են պետք, քան ՌԴ-ն՝ իրենց: Ռազմական հատուկ գործողության և արևմտյան պատժամիջոցների պայմաններում Ռուսաստանն այդ երկրների նկատմամբ ինչ-որ կտրուկ գործողություններ չի ձեռնարկի։

«Գուցե դա այդպես է, բայց պետք է հիշել, որ ռազմական գործողությունը վաղ թե ուշ կավարտվի, և այդ պահին Ռուսաստանի կունենա ազատ զինուժ, որն ամենահզորն է Եվրասիայում, որի նմանը չկա և չի լինի», – նշել է Սուսլովը:

Ինչ վերաբերում է կոնկրետ Հայաստանին, ապա Մոսկվայում կարծում են, որ գործող կառավարության օրոք ՀՀ–ն ոչ թե պարզապես դիվերսիֆիկացվում է, այլ դեպի Արևմուտք վերակողմնորոշվելու համակարգային քաղաքականություն է վարում։ Միաժամանակ խաղարկում է ռուսական գործոնը և պահպանում ՌԴ–ի համագործակցությունը`շարունակելով ԵԱՏՄ-ում մասնակցությունը այնքանով, որքանով ստիպված է դա անել տնտեսության և անվտանգության տեսանկյունից։

Բայց այդ համագործակցությունը, ըստ փորձագետի, աստիճանաբար, քայլ առ քայլ նվազեցվում է, և ներկայիս քաղաքական գիծն անխուսափելիորեն տանում է դեպի Եվրասիական տնտեսական միությունից հրաժարում, Գյումրիից ռուսական բազայի դուրսբերում և հայ-ռուսական հարաբերությունների ընդհանուր նվազում:

«Ոչ միանգամից, ոչ կտրուկ, բայց աստիճանաբար, Ադրբեջանի, Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավման, Եվրամիության և Միացյալ Նահանգների հետ մերձեցման հետ մեկտեղ։ Այսինքն` մեր տեսանկյունից Հայաստանի ներկայիս քաղաքական գիծը Ռուսաստանի հետ վերջնական խզումը դարձնում է ժամանակի խնդիր՝ «երբ»-ի, ոչ թե «եթե»-ի հարց»,- նշեց Սուսլովը։

Հաշվի առնելով Մոսկվայի և Արևմուտքի հարաբերությունները` Ռուսաստանը դա ընկալում է ոչ թե որպես դիվերսիֆիկացիա, այլ աստիճանական անցում դեպի ԵՄ, որը չի թաքցնում Ռուսաստանի հետ պատերազմի նախապատրաստվելու և մոլդովական մոդելով իրավիճակը զարգացնելու իր ծրագրերը։

«Բայց զարգացումը հնարավորինս աստիճանական է, ՀՀ իշխանությունների համար հարմարավետ և ռուս-հայկական հարաբերությունների մասով «անեսթեզիայով»։ Եվ Նիկոլ Փաշինյանի մոսկովյան վերջին այցը ցույց տվեց, որ Ռուսաստանի համբերությունը սպառվում է», – ասաց Սուսլովը։

Ռազմական հատուկ գործողության շարունակման պայմաններում, ըստ նրա, մի կողմից Ռուսաստանը շահագրգռված չէ իրավիճակը կտրուկ սրելու հարցում, մյուս կողմից չի կարող պարզապես հետևել, թե ինչպես է Հայաստանը գնում դեպի Արևմուտք, քայլ առ քայլ կրճատում համագործակցությունը Ռուսաստանի հետ և պահպանում որոշ տարրեր միայն այն պատճառով, որ հիմա դրանց այլընտրանքը չունի:

Ուստի, ըստ փորձագետի, Մոսկվան խնդրում է Հայաստանին կողմնորոշվել. եթե նրանք դաշնակիցներ են և գործընկերներ, ապա ՌԴ-ն դեմ չէ, որ ՀՀ-ն հարաբերությունները խորացնի ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ, բայց դա չպետք է ուղեկցվի Ռուսաստանին հայկական տնտեսությունից «դուրս հրելով», ռուս-հայկական հարաբերությունների կրճատմամբ:

«Ըստ այդմ` Հայաստանի իշխանությունները պետք է փոխեն իրենց վերաբերմունքը երկաթուղու, ատոմային էներգետիկայի, նաև ներքաղաքական այն ուժերի նկատմամբ, որոնք ներկայանում են որպես Ռուսաստանի բարեկամներ», – ասաց փորձագետը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930