ԱՄԵՐԻԿԱՅԻ ԴԵՐԸ ԿՈՎԿԱՍՈՒՄ ԿԱՐՈՂ Է ՎԵՐԱՆԱՅՎԵԼ

Իրանի հարցում Թուրքիայի և Ադրբեջանի տարաձայնությունները փոխում են տարածաշրջանային դասավորությունները

Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ագրեսիայի խորապատկերին Անկարայի և Բաքվի միջև տարընթերցումներն ու հակասությունները գնալով ավելի ակնհայտ են դառնում միջազգային դիտորդների համար: Գալիս է «ճշմարտության պահը», որի նախապատրաստությունը վաղուց էր ընթանում։

1990-ականների սկզբից ի վեր երկու թյուրքալեզու երկրները հայտարարել են սերտ դաշինքի մասին, սակայն երկու երկրների միջև հարաբերությունները պարբերաբար սրվում ու վատթարանում էին։ Օրինակ, 1995 թվականին Ադրբեջանը մեղադրեց թուրք որոշ քաղաքացիների, որոնք իբր կապված էին թուրք ուժայինների հետ, այն ժամանակվա նախագահ Հեյդար Ալիևի դեմ ձախողված պետական հեղաշրջմանն աջակցելու մեջ։

2008-ին լարվածությունը կրկին ջրի երես դուրս եկավ «ֆուտբոլային դիվանագիտության» ֆոնին, որն ուղղված էր հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը՝ Լեռնային Ղարաբաղում Բաքվին չբավարարող ստատուս-քվոյի պայմաններում։ Կրկին շփումներն ի հայտ եկան, երբ Էրդողանը մի քանի ելույթներում ընդգծեց Թուրքիայի դերը 2020 թվականի «44-օրյա պատերազմում» Ադրբեջանի հաղթանակի գործում։ Բաքվում բավական կատեգորիկ կերպով մերժել են պատերազմում Անկարայի վճռական դերի մասին թուրքական վարկածը։ Սակայն 2026 թվականի մարտի սկզբից տակից զարգացող հակամարտությունը որակապես ավելի լուրջ է ներկայացվում։

Կարդացեք նաև

Թուրքական կողմը, ի տարբերություն ադրբեջանական կողմի, ամեն ինչ անում է հակամարտության շուտափույթ դադարեցման համար։ Այսպես, Bloomberg գործակալության տվյալներով՝ Անկարան ճնշում է գործադրում Պարսից ծոցի արաբական միապետությունների վրա, որպեսզի նրանք հրապարակայնորեն և պաշտոնապես հրաժարվեն Իրանի դեմ ագրեսիային մասնակցելուց: Անշուշտ, Անկարայի և Բաքվի միջև առկա լարվածությունն արտացոլում է թյուրքական դաշնակիցների տեսակետների ավելի խորն անհամապատասխանությունը տարածաշրջանային սպառնալիքների և գործընթացների վերաբերյալ, հատկապես՝ Իսրայելի և Իրանի նկատմամբ։ Որոշ բաքվեցի փորձագետներ կարծում են՝ ներկայիս միտումները կարող են թուլացնել Ադրբեջանի և Թուրքիայի սերտ կապերը՝ Ռուսաստանի համար հնարավորություն ստեղծելով ամրապնդելու իր ազդեցությունը Հարավային Կովկասում:

Հիշեցնենք՝ 2026 թվականի մարտի 4-ին Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի սպանությունից հետո Ալիևն այցելել էր Բաքվում Իրանի դեսպանատուն՝ ցավակցություն հայտնելու համար: Մի շարք պատճառներով նա կարծես ձգտում էր խուսափել հակամարտությանը մասնակցելուց։ Բայց բառացիորեն հաջորդ օրն Իրանը, իբր, դրոնով հարված հասցրեց Ադրբեջանի Նախիջևանի ինքնավարության մայրաքաղաքին՝ վիրավորելով մի քանի մարդու։ Ի պատասխան՝ Ալիևը հանդես է եկել ելույթով, որում կտրուկ մեղադրել է Իրանին, ինչն ուժեղ բացասական արձագանք է առաջացրել թուրքական ԶԼՄ-ներում: Ալիևին հավատարիմ Միլի մեջլիսի պատգամավորները մեղադրել են ԶԼՄ-ներին, որոնք կապված են Էրդողանի շրջապատի հետ, Ալիևի վարչակազմի դեմ մեդիարշավ կազմակերպելու մեջ:

Թուրքական ԶԼՄ-ների քննադատությունները տատանվում էին Իսրայելի հետ Բաքվի սերտ կապերի շեշտադրումից մինչև Ադրբեջանում իշխանության արմատացած ավտորիտար բնույթի մատնանշումը, մի խնդիր, որը թուրքական իշխանությունները երկար ժամանակ անտեսում էին: Իրանցիների արձագանքը հակասական էր, ինչը մասամբ բացատրվում է ծայրահեղ իրավիճակով, ներառյալ՝ երկրի շատ ղեկավարների, այդ թվում՝ գերագույն առաջնորդ ռահբար Ալի Խամենեիի մահը ռմբակոծությունների և ահաբեկչական հարձակումների արդյունքում: Պաշտոնական անձինք, այդ թվում՝ Իրանի նախագահը, հերքել են միջադեպին որևէ առնչություն ունենալը, մինչդեռ որոշ իշխանամետ մեկնաբաններ հարվածն անվանել են հյուսիսային հարևանին ուղղված Իրանի նախազգուշացում:

Իր հերթին, ինչպես Բաքվի կառավարությունը, այնպես էլ՝ ընդդիմադիր գործիչներն օգտագործել են անօդաչու թռչող սարքի գրոհը Իրանի հյուսիսային տարածքների դեմ ուղղված իռենդենտիստական հռետորաբանության վերածննդի համար: ԻՀՊԿ կառույցների հետ սերտորեն միահյուսված աղբյուրների, ինչպես նաև մի շարք հեղինակավոր լրատվական գործակալությունների նյութերի վերլուծությունը վկայում է այն մասին, որ Իրանը պաշտոնապես հերքում է իր մասնակցությունը մի շարք անօդաչու հարձակումներին, այդ թվում՝ ԱՄԷ-ի և Բահրեյնի օբյեկտների վրա: Ավելին, տարբեր ծագման անօդաչու թռչող սարքերի տեխնիկական ինքնությունն իդեալական պայմաններ է ստեղծում բոլոր տեսակի մանիպուլյացիաների համար։ Քանի որ ԱՄՆ ԱԹՍ-ները, որոնք ակտիվորեն ներգրավված են Իրանին պարտադրված ագրեսիայի մեջ, տեսողականորեն գրեթե չեն տարբերվում իրանական «Շահիդներից», ինչը նպատակաուղղված օգտագործվում է տեղեկատվական պատերազմում։

Կարևոր է նշել՝ և Իսրայելը, և Թուրքիան աջակցել են Ադրբեջանին ղարաբաղյան վերջին պատերազմում։ Թեև թուրքական մասնակցությունն ավելի անմիջական և որոշիչ էր. Էրդողանը կանգնած էր Ալիևի կողքին հաղթանակի շքերթին, իսկ թուրք ռազմական խորհրդականներն առանցքային դեր խաղացին Ադրբեջանի հաջողության մեջ, Բաքվի խորը և բազմակողմանի կապերը Նեթանյահուի կառավարության հետ, որոնք հիմնականում թաքնված են հանրության և փորձագետների աչքից, գրեթե որոշիչ են մնում Բաքվի ողջ միջազգային քաղաքականության որոշման հարցում:

1990-ականների սկզբին սկիզբ առած երկկողմ շփումները հիմնված են վաղեմի ռազմավարական գործընկերության վրա, որի առանցքային տարրերն այնպիսի ուղղություններ են, ինչպիսիք են էներգետիկան, պաշտպանությունը, հետախուզությունը։ Բավական է ասել՝ Ադրբեջանը հանդիսանում է Իսրայելի համար էներգակիրների առանցքային մատակարարներից մեկը՝ ապահովելով նրա նավթի ներմուծման զգալի մասը, այն դեպքում, երբ հրեական պետությունը կենտրոնական դեր է խաղում ադրբեջանական բանակի արդիականացման գործում, մասնավորապես՝ անօդաչու տեխնոլոգիաների և սպառազինության առաջատար համակարգերի միջոցով:

Ադրբեջանի աշխարհագրական հարևանությունն Իրանին նաև ռազմավարական նշանակություն է տալիս Իսրայելի համար հետախուզության և տարածաշրջանային դիրքավորման տեսանկյունից: Արևմտյան խոշոր տնտեսական խաղացողների հետ միասին, ինչպիսին է BP-ն, իսրայելական ցանցերն Ալիևի կառավարման ամենակարևոր միջազգային աջակիցներից են:

Այս աջակցությունը հատկապես կարևոր է՝ հաշվի առնելով ադրբեջանական կառավարության ավտորիտար իմիջը և խոցելիությունը համաշխարհային ասպարեզում։ Բազմակողմ գործընկերությունը, որի մասին խոսվում է, բացատրում է, թե ինչու են Իսրայելի հետ կապերը կրում ոչ միայն մարտավարական բնույթ, այլ կազմում են Ադրբեջանի արտաքին քաղաքականության կառուցվածքային հիմքը:

Ստեղծված իրավիճակում թուրքական իշխանամետ լրատվամիջոցներն ավելի հաճախ են դժգոհություն հայտնում՝ Բաքվից ակնկալելով ցույց տալ Թուրքիայի հետ հարաբերությունների գերակայությունն Իսրայելի հետ կապերի նկատմամբ։ Արդյունքում՝ առաջանում է ոչ միայն կարճաժամկետ տարաձայնություն, այլև ավելի խորը կառուցվածքային լարվածություն երկարատև հավասարակշռող ռազմավարության շրջանակներում: Մինչ Թուրքիան ապահովում է տարածաշրջանային անվտանգությունը, Իսրայելը տրամադրում է միջազգային ազդեցություն և ռազմավարական մանևր: Սակայն ներկայիս ճգնաժամը վկայում է այն մասին, որ Բաքվի համար այդ հավասարակշռությունը պահպանելը գնալով բարդանում է։

Անկարայի և Բաքվի միջև տարաձայնությունների խորացումը կարող է ազդել Կովկասի տարածաշրջանային հաշվեկշիռների վրա։ Քանի որ ԱՄՆ-ը ձգտում է կրճատել իր մասնակցությունն ուկրաինական հակամարտությանը՝ Ռուսաստանը կարող է աստիճանաբար ուշադրությունը սևեռել այդ տարածաշրջանի վրա: Թեև ԱՄՆ-ը շարունակում է մնալ կարևոր գլոբալ խաղացող, նրա անմիջական դերը Հարավային Կովկասում կարող է սահմանափակվել:

Նախորդ ճգնաժամերը, ինչպիսիք են 2008-ի Հարավային Օսիայի շուրջ պատերազմը և 2020-ի ղարաբաղյան պատերազմը, ցույց են տալիս՝ Վաշինգտոնը քիչ ցանկություն է ցուցաբերել ուղղակիորեն միջամտելու տարածաշրջանային հակամարտություններին՝ առաջնահերթություն տալով գործընկերների միջոցով անուղղակի ազդեցությանը: Այս համատեքստում Թուրքիայի դերի թուլացումը պարտադիր չէ, որ փոխհատուցվի ԱՄՆ-ի մասնակցության ուժեղացմամբ։ Չնայած տարածաշրջանի նկատմամբ Սպիտակ տան հետաքրքրության աճին և լայնորեն գովազդվող «Թրամփի ճանապարհին»՝ փոխգործակցությունը մնում է փխրուն և հիմնականում պայմանական: Չնայած Վաշինգտոնը շահագրգռված է Կենտրոնական Ասիայում իր ներկայության ամրապնդմամբ, սակայն Հարավային Կովկասում վճռականորեն գործելու նրա պատրաստակամությունը մնում է անորոշ:

Մինչև վերջերս Ալիևը հարաբերականորեն կառուցողական հարաբերություններ էր պահպանում Ռուսաստանի հետ և երբեմն դրանք օգտագործում էր՝ որպես հակակշիռ Թուրքիային, օրինակ՝ Պուտինի հետ անձնական սերտ կապերի միջոցով: Թուրքիան առաջվա պես վախենում էր մերձկասպյան իր դաշնակցի՝ Մոսկվայի հետ հնարավոր մերձեցումից։ Սակայն իրավիճակը զգալիորեն փոխվել է։ Ադրբեջանը վերջին շրջանում շատ ավելի քննադատական դիրքորոշում է որդեգրել Ռուսաստանի նկատմամբ՝ Ուկրաինայում ձգձգվող ռազմական գործողությունների խորապատկերին, որը խուսափում է Բաքվի հետ հակամարտության հետագա սրումից։ Մարտի 27-ին Ռուսաստանի Պուտինը տեսակապով մասնակցել է Դերբենտում ադրբեջանական պետական երաժշտական-դրամատիկական թատրոնի վերակառուցումից հետո բացման արարողությանը: Ապրիլին Բաքվում տեղի կունենա տնտեսական համագործակցության հարցերով ռուս-ադրբեջանական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը: Մոսկվայում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևը խոսում է հարաբերությունների կարգավորման և ինտենսիվ վերականգնման ակտիվ գործընթացի, բոլոր ոլորտներում դրական դինամիկայի մասին, որոնք կոչված են հարթելու վերջին ժամանակների բարդություններն ու թյուրիմացությունները:

Միջազգային հարաբերությունները զարգանում են անկանխատեսելի կերպով։ Մենք ապրում ենք ծայրահեղ անհանգիստ ժամանակաշրջանում, երբ ռազմավարական հաշվարկները վերանայվում և վերակազմավորվում են։ Նման միջավայրում նույնիսկ անհավանական սցենարներն արժանի են լուրջ քննարկման: Անկարայի և Բաքվի միջև ներկայիս լարվածությունը, եթե այն ուժեղանա, կարող է, հետևաբար, ազդարարել ոչ միայն ժամանակավոր տարաձայնության, այլ ավելի խորը ռազմավարական տեղաշարժի մասին, որը կարող է փոխել ուժերի հավասարակշռությունը Հարավային Կովկասում:

ՅՈՒՐԻ ՄԱՎԱՇԵՎ

fondsk.ru

Թարգմանությունը՝ Ժաննա Ավետիսյանի

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031