Որտեղ չկա պատրաստված զանգված՝ մի ինցիդենտ լինում է. Հրանտ Միքայելյանը՝ Փաշինյանի պոռթկումների մասին
Նիկոլ Փաշինյանի նախընտրական քարոզարշավը, հակառակ իր երգերի ու սրտիկների տրամաբանության, հանգիստ չի ընթանում․ քաղաքացիների հետ հարցուպատասխանի ժամանակ Փաշինյանի նյարդային պոռթկումներն էլ, թերևս, վկայում են այդ մասին։
Արդյո՞ք քաղաքացիների ընդվզման տեսարանները Փաշինյանին հուշում են, որ իր դիրքերը թուլացել են, և հենց այդ պատճառով է սրտիկ-երգ միզանսցեններից հետո ագրեսիվ հռետորաբանությանը տուրք տալիս՝ 168․am-ը հետաքրքրվեց քաղաքագետ Հրանտ Միքայելյանից։
Ի պատասխան՝ քաղաքագետը նշեց․ «Միանշանակ, նա դա տեսնում է, միանշանակ հասկանում է, որ ունի լուրջ խնդիրներ, ընդ որում՝ սա ոչ միայն իր համար պարզ դարձավ, այլև բոլորի․ նույն կադրերը, թե ինչպես է ինքն իջնում մետրո, և ոչ ոք չի ուզում նրա առաջարկած բրոշկա-քարտեզը վերցնել, կամ հետը շփվել, և այլն։
Սա չտեսնել հնարավոր չէ։ Ու որտեղ չկա պատրաստված զանգված, ամեն տեղ մի ինցիդենտ լինում է: Այսինքն՝ ինքը մեկուսացվում է։ Ի դեպ, այս իրավիճակը լրիվ նոր չէ, և իրենց մոտ անհասկանալի վիճակ է․ պետք է որոշեն՝ հաջորդ քայլերն ինչպես անել, որովհետև նախորդ մարտավարությունը, թե ինքը գնում է ժողովրդի մեջ, ժողովուրդը սկսում է իրեն աջակցել, և իր օրակարգը առաջ է տանում, տապալվել է»։
Այսինքն՝ ժողովրդավարության անվան տակ արտաքին օժանդակությունը գուցե դեր չխաղա՞ սպասվող ընտրություններին՝ մեր հստակեցնող հարցին Հրանտ Միքայելյանն արձագանքեց՝ ամեն դեպքում, այդ պարագայում ներդրվող տարբեր տեխնոլոգիաներն աշխատելու են հօգուտ գործող իշխանության։
«Օրինակ, եթե թիրախավորեն կոնկրետ Քոչարյանի բլոկին՝ «Հայաստան» դաշինքին, ապա կարող է, օրինակ, «Հայաստան» դաշինքը չանցնել, ու այդ պարագայում ընդդիմադիր կոալիցիա ձևավորել գրեթե անհնար է դառնալու, որովհետև պարզ է՝ իշխանությունն ունի լծակներ, որպեսզի գոնե մյուսների նկատմամբ ավելի շատ քվե հավաքի, բայց մեծամասնություն չունենա։
Ամենահավանական սցենարը Գյումրիի սցենարն է, և Գյումրիի սցենարի դեպքում շատ բան է կախված նրանից, թե ընդդիմադիր ավելի փոքր սուբյեկտներ, տվյալ դեպքում, օրինակ, «Միասնության թևեր»-ը և «Հայաստան» դաշինքը կանցնե՞ն, թե՞ ոչ։
Պարզ է, որ 2-րդ տեղով գնում է «Ուժեղ Հայաստան»-ը, բայց այս ուժն էլ, հաշվի առնելով Փաշինյանի վարչական ռեսուրսը և մյուս հանգամանքները, չի կարողանալու միանձնյա ձևավորել մեծամասնություն, և, ըստ այդմ, պետք է ուրիշ ընդդիմադիր ուժերի հետ աշխատի։
Այսպիսով, այդ տեխնոլոգիաները կարող են լավ էլ աշխատել, որովհետև Հայաստանում այս ընտրությունը միայն Փաշինյանի աջակցության հանրաքվեն չէ: Կարող է այնպես ստացվել, որ նա աջակցություն չստանա, բայց ընտրվի։ Ես ոչ հեռավոր օրինակ բերեմ՝ Երևանի ընտրությունների օրինակը, որտեղ իր կուսակցությունը բացարձակապես տապալվում է՝ շատ ցածր մասնակցության պարագայում հավաքելով ընդամենը 32.6 տոկոս, կամ ընտրողների ընդհանուր թվի 9.4 %, բայց մեկ է՝ տարբեր մանիպուլյացիաների շնորհիվ իրենց թեկնածուն է դառնում քաղաքապետ»,- հիշեցրեց նա։
Ըստ քաղաքագետի՝ այս առումով ռիսկերը շատ են․ քաղաքական մանիպուլյացիաներն այս իրավիճակում շատ բարձր նշանակություն կունենան։
«Կլինեն դրսից եկած մասնագետներ, կամ Ալիևի, Էրդողանի ու Փաշինյանի սպառնալիքները, կամ՝ ԵՄ-ի գագաթաժողովը․․․ չեմ բացառի, որ գերիների էլ բաց թողնեն, որպեսզի նախընտրական փուլում Փաշինյանի դիրքերն ուժեղանան, ինչը որ արվել է 2021թ.։
Անորոշ վիճակ է, քանի որ, այո, նա ժողովրդի աջակցությունը կորցրել է, բայց վարչական ռեսուրսը չի կորցնում»,- ամփոփեց մասնագետը։



