Ադրբեջանն ու Թուրքիան փորձում են չսրել իրավիճակն Իրանի հետ, զգուշավորություն են պահպանում. վերլուծաբան

Մինչ ԱՄՆ-ը ու Իսրայելը շարունակում են չհրահրված պատերազմն Իրանի դեմ, Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հեռախոսազրույցներ է ունենում հարևան երկրների ղեկավարների հետ։

«Անադոլու»-ի փոխանցմամբ՝ Փեզեշքիանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ, նրանք քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները, այդ թվում՝ Թուրքիայի օդային տարածքում իրանական բալիստիկ հրթիռ խոցելը։

Էրդողանը, ըստ այդ հաղորդագրության, Փեզեշքիանին ասել է, որ Թուրքիայի օդային տարածքի խախտումը «չի կարող արդարացվել որևէ պատճառով», և, որ «Թուրքիան կշարունակի ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները դրա դեմ»։ Թուրքական կողմի հաղորդմամբ՝ հեռախոսազրույցը տեղի է ունեցել Փեզեշքիանի խնդրանքով այն բանից հետո, երբ Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Իրանից արձակված բալիստիկ հրթիռը, որը մտել էր Թուրքիայի օդային տարածք, խոցվել է Միջերկրական ծովում տեղակայված ՆԱՏՕ-ի օդային և հրթիռային պաշտպանության միջոցների կողմից։

Մարտի 4-ին ևս Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել էր Իրանից արձակված բալիստիկ հրթիռը խոցելու մասին: Էրդողանն ասել է, որ Թուրքիայի վրա «բացասաբար են ազդում» այն հակամարտությունները, որոնցում ինքը կողմ չէ։ Թուրքիայի նախագահն ընդգծել է նաև, որ Անկարան հավանություն չի տալիս Իրանի դեմ «անօրինական միջամտություններին» և Իրանի կողմից տարածաշրջանի երկրների թիրախավորմանը՝ հավելելով, որ եղբայրական երկրների թիրախավորումը «ոչ մեկի շահերից չի բխում», և «այդ գործողությունները պետք է դադարեցվեն»։

Կարդացեք նաև

Էրդողանը շեշտել է դիվանագիտության դուռը վերաբացելու անհրաժեշտությունը և ասել, որ Թուրքիան ակտիվորեն աշխատում է տարածաշրջանում դիվանագիտական ներգրավվածությունը խթանելու ուղղությամբ։ Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին էլ զրույց է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարարի հետ։

Նախօրեին էլ Փեզեշքիանը զրուցել էր Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևի հետ, հստակեցնելով, որ Իրանը կապ չունի Նախիջևանում իրանական ԱԹՍ-ների գրոհի հետ։ Այս ամենին զուգահեռ՝ Իրանը պահպանում է կոշտ հռետորաբանությունը։

ԻԻՀ արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Իսլամական Հանրապետության նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիի օրոք Միացյալ Նահանգների հետ բանակցությունների քննարկումը քիչ հավանական է։ Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին էլ արձագանքել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքին։

«Իրանցի ժողովուրդը չի վախենում ձեր դատարկ սպառնալիքներից, քանզի ձեզնից ավելի հզորները չկարողացան վերացնել դրանք… Այնպես որ, զգույշ եղեք, որպեսզի հենց դուք չլինեք անհետացողները»,- գրել է Լարիջանին X սոցիալական ցանցում։

Ռուս վերլուծաբան Ալեքսանդր Խրամչիխինը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ Թեհրանն ակնհայտորեն փորձում է ցույց տալ, որ չնայած ռազմական ճնշմանը, բարդ իրավիճակին, պատրաստ է պահպանել հարաբերությունների կայունությունը հարևանների հետ և կանխել նոր ճակատների բացումը, որոնց փորձերը նշմարվում են։

Տարածաշրջանային զարգացումներն, ըստ նրա, ցույց են տալիս, որ Հարավային Կովկասն աստիճանաբար ներգրավվում է Մերձավոր Արևելքում ընթացող մեծ հակամարտության ազդեցության դաշտ։

«Նկատելի է նաև, որ Թուրքիան և Ադրբեջանը, փորձելով միջադեպերից հետո պահպանել դեմքը, այնուամենայնիվ փորձում են նաև պահպանել հավասարակշռություն. մի կողմից՝ չսրել հարաբերությունները Իրանի հետ, մյուս կողմից՝ չխաթարել իրենց կապերն արևմտյան բլոկի և Իսրայելի հետ։ Այս պայմաններում Իրանը, զգալով ռազմաքաղաքական ճնշումը, փորձում է նվազեցնել լարվածությունը հենց իր անմիջական հարևանների հետ, որպեսզի հակամարտությունը չտարածվի դեպի հյուսիսային սահմաններ»,- նման կարծիք հայտնեց Ալեքսանդր Խրամչիխինը։

Նրա խոսքով, այս զարգացումներն անմիջական ազդեցություն ունեն նաև Հայաստանի վրա։ «Մի կողմից՝ Իրանի համար Հայաստանի հետ սահմանը մնում է կարևոր ռազմավարական ուղղություն, ինչը կարող է մեծացնել Երևանի նշանակությունը Թեհրանի համար։ Մյուս կողմից՝ եթե Իրանի և արևմտյան բլոկի միջև հակամարտությունը խորանա, Հարավային Կովկասը կարող է հայտնվել ուժեղ աշխարհաքաղաքական ճնշումների տակ, որտեղ ակտիվ դեր կունենան նաև Թուրքիան և Ադրբեջանը։ Այդ պայմաններում, բնականաբար, Հայաստանի քաղաքական հնարավորությունները էլ ավելի կնեղանան»,- նման տեսակետ հայտնեց նա։

Ինչ վերաբերում է պատերազմի ընթացքին, վերլուծաբանը գտնում է, որ ամեն հաջորդ պատերազմ փոխում է պատերազմ վարելու կանոնները։

Ալեքսանդր Խրամչիխինի գնահատմամբ, ցավալիորեն ներկայումս պատերազմ վարելու կանոնները բարոյական տաբուներ չեն ճանաչում, ինչը նշանակում է, որ այն երկրները, որ նման պատերազմ են վարում, այլևս չեն կարող մեղադրել այլոց պատերազմելու համար։

«Եվ ԱՄՆ դերն այս հարցում Իրանի դեմ գործողություններով դարձավ էական։ Մենք արդեն տեսնում ենք, թե ինչպես է իրեն պահում ԱՄՆ-ը, Իրանում միայն ռազմաքաղաքական օբյեկտներ չէ, որ թիրախավորվում են, այլև քաղաքացիական օբյեկտներ, ինչ էլ որ չհայտարարեն ամերիկացի պաշտոնյաները»,- ասաց նա։ Չնայած արևմտյան գնահատականներին, նրա կարծիքով՝ Իրանը շարունակում է դիմադրել արդյունավետ։ «Մեղմ ասած, հայտարարություններն ԱՄՆ-ի մեծ հաջողությունների մասին պատերազմի դաշտում, իրականությանը չեն համապատասխանում։ ԱՄՆ նախագահը խոսում է պատերազմը շուտով ավարտելու մասին, սակայն իրականում այնպիսի իրավիճակ է ստեղծվել այս հարձակումից հետո, որ Իրանի դիրքրորոշումը կարծրացել է, բանակցությունների տեղ չի մնացել, իսկ ԱՄՆ-ը կդժվարանա առանց իսկապես մեծ հաջողությունների լքել իրանական ճակատը։ Բավականին բարդ ու անելանելի վիճակ է ստեղծվել, ուստի կարծում եմ՝ իրավիճակը դեռ կշարունակվի, բայց գուցե որոշակի պահի կանգնի այնպես, ինչպես 12-օրյա պատերազմի դեպքում»,- ասաց նա։

Տեսանյութեր

Լրահոս