Սա ազդակ էր իշխանություններին․ Արգենտինայից մինչև Գերմանիա Սփյուռքը Եկեղեցու կողքին է․ Սամվել Լուլուկյան
«Վերջին շրջանում աշխարհասփյուռ հայությունը համախմբված իր ձայնն է բարձրացնում ի պաշտպանություն Հայ Առաքելական եկեղեցու և Վեհափառ հոր»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց Գերմանահայոց կենտրոնական խորհրդի անդամ Սամվել Լուլուկյանը։
«Եպիսկոպոսաց ժողովը տեղի ունեցավ, և դա շատ կարևոր նշանակություն ուներ։ Հատկապես ժողովի կոշտ հայտարարությունը հստակ ազդակ էր իշխանություններին, որ իրենց այս հակաեկեղեցական արշավն անընդունելի է և արդյունք չի տալու։ Իշխանությունները փորձեցին ձախողել եպիսկոպոսաց ժողովը, բայց դա տեղի ունեցավ։ Իշխանությունները չեն պատկերացնում՝ ինչ է նշանակում Հայ Առաքելական եկեղեցին իր հզորությամբ։ Հայ Առաքելական եկեղեցին համայն հայությանն է, և Սփյուռքի կողից բարձրացվող ձայնը շատ կարևոր է»,- շեշտեց նա։
Սամվել Լուլուկյանի խոսքով՝ Արգենտինայից մինչև Ֆրանսիա, Գերմանիա, Սփյուռքի կառույցներից համատեղ հայտարարություններ են արվել․ «Կոնսոլիդացիա է ստեղծվում Սփյուռքի մեջ այս հարցում։ Մեր ազգային հիմնասյանը հարված է հասցվում, ինչը ստիպում է մեր ազգային կառույցներին միավորվել։ Սա վերջին կարմիր գիծն է, և կարելի է համարել, որ այս փուլում իշխանության քայլերը ձախողված են։ ԱՄՆ Արևմտյան թեմի առաջնորդն էլ այդ հայտարարության տակ ստորագրեց, և տեղեկություններ ունեմ, որ Փաշինյանին միացած մյուս եպիսկոպոսներն էլ են զգում, որ սա արդյունք չի տալու, և շատ հնարավոր է, որ նրանք էլ դարձի գան և վերադառնան Եկեղեցի»։
Նա շեշտեց, որ Սփյուռքը միայն հայտարարություններով չի բավարարվելու․ «Ապրիլ ամսին Փարիզում շատ մեծ համաժողով է սպասվում, որտեղ այս հարցերը պետք է քննարկվեն։ Այսինքն՝ Սփյուռքը լոկ հայտարարություններով չի բավարարվելու, որովհետև սա ներհայաստանյան հարց չէ, սա համայն հայության հարցն է»։
Մանրամասները՝ 168ТV-ի տեսանյութում



