Ո՞ր համակարգն է լավ. այն, որով Խորհրդարանը կարող է փոխել վարչապետի՞ն, թե՞ այն համակարգը, երբ նախագահը նշանակում է վարչապետ, ով իր կառավարության կազմով հլու-հնազանդ է նախագահին. Վարդան Պողոսյան

«Ավելի մեծ նվեր Նիկոլ Փաշինյանին, քան Սահմանադրության փոփոխության մասին խոսելն է, ընդդիմադիր որոշ ուժեր չէին կարող մատուցել: Բացարձակապես անընդունելի է, երբ ընդդիմադիր ուժերը հիմա փոխանակ անդրադառնան այն հարցին, որ այսօրվա Սահմանադրությունը Փաշինյանի համար դարձել է խոչընդոտ իր տարբեր նպատակներն իրականացնելու համար, փոխանակ անդրադառնան այն հարցին, որ ունենք իշխանություն, որը թշնամու օրակարգն է սպասարկում, խոսում են Սահմանադրության փոփոխությունից՝ ջուր լցնելով Փաշինյանի ջրաղացին: Սահմանադրությունն ընդամենը թուղթ է, և երբ դու ասում ես՝ թուղթն է մեղավոր մեր այս վիճակի համար, գլխիվայր շրջում ես ամեն ինչ՝ մարդկային գործոնն անտեսելով ու արդարացնելով Փաշինյանի գործելակերպը: Այս ամենը չհասկանալն ինձ համար անհասկանալի է»,- «Պրեսսինգ» հաղորդաշարում ասաց քաղաքագետ, սահմանադրագետ Վարդան Պողոսյանը։

Խոսելով 1-ին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք ընդունված Սահմանադրության մասին՝ սահմանադրագետն ասաց՝ այդ Սահմանադրության մեջ ՀՀ նախագահը կարող էր լուծարել ԱԺ-ն՝ ընդամենը ԱԺ նախագահի հետ խորհրդակցելով, ով, սակայն, ոչինչ չէր որոշում, իսկ Դատական իշխանության դրույթներն ավելի գրոտեսկային էին: Եթե սա էր կիսանախագահական համակարգը, փառք Աստծո, որ իրենք դա փոխել են:

«Կատարյալ Սահմանադրություն գոյություն չունի, բայց կա լավ ու վատ Սահմանադրություն: Լավ է այն Սահմանադրությունը, երբ կա իշխանության թևերի հակակշռում, վատ է այն Սահմանադրությունը, որն ամեն ինչ կենտրոնացնում է մեկ մարդու ձեռքում: Երբ ասում են՝ ներկայիս Սահմանադրությամբ սուպերվարչապետական համակարգ է, ես չեմ հասկանում՝ որտե՞ղ են նրանք նման բան կարդացել Սահմանադրության մեջ:

Մեր դատական իշխանությունը եղել է կախյալ, բայց դա էլ իր աստիճանն է ունեցել: Ո՛չ Սերժ Սարգսյանի, ո՛չ Քոչարյանի օրոք դատավորներն այս աստիճանի կախյալ չեն եղել: Որևէ դատավորի մտքով չէր անցնի քննության առարկա դարձնել Կաթողիկոսի որոշումը, որևէ դատավոր չէր կարող չնկարագրել ենթադրյալ մեղադրյալի արարքն ու նրան դատապարտել, ինչպես եղավ Հրայր Թովմասյանի կամ Ռոբերտ Քոչարյանի դեպքում:

Կարդացեք նաև

Գործող Սահմանադրության մեջ գրված է՝ դատավորներն ընտրվում են ԱԺ-ի 3/5-ի առաջարկությամբ այն պարզ նախապայմանով, որ պետք է լինի որոշակի կոնսենսուս քաղաքական ուժերի միջև: Հիմա դա չկա, որովհետև ՔՊ-ն իր 2/3-ով չեզոքացնում է դա: Այս առումով Ռոբերտ Քոչարյանը ճիշտ դիտարկում է անում, բայց իր առաջարկն ավելի վատն է: Եթե, ինչպես ինքն է ասում, ԱԺ ֆրակցիաների մեծամասնությունը կողմ չլինի որևէ դատավորի նշանակմանը, մենք դատավոր չենք ունենա: Չկա որևէ սահմանադրական լուծում, որ նշանակված դատավորը գործելու է Սահմանադրության տառին ու ոգուն համապատասխան: Դատավորը ներքին զսպվածություն պիտի ունենա ու կամք՝ դիմակայելու զանազան արտաքին ճնշումների»,- ասաց Վարդան Պողոսյանը:

Վերջինս նկատեց՝ եթե որևէ քաղաքական ուժ ունենա այնպիսի մեծամասնություն, ինչպիսին այսօր ունի ՔՊ-ն, լինի նախագահական, թե կիսանախագահական համակարգ, երբ այդ մեծամասնությունը հլու-հնազանդ լսում է իր ղեկավարին, ոչ մի մեխանիզմ չի գործելու: Միանձնյա իշխանությունը բացառող սահմանադրություններ չեն եղել, չկան ու ապագայում էլ չեն լինելու, որովհետև ամեն բան կախված է մարդկանցից, ովքեր իրացնում են այդ իշխանությունը:

«Կառավարման կիսանախագահական համակարգն ամենաանտրամաբանական համակարգն է, որովհետև պատասխան չի տալիս՝ ով է երկրում իրականացվող քաղաքականության պատասխանատուն, որովհետև թե՛ նախագահը, թե՛ ԱԺ-ն ընտրվում են ժողովրդի կողմից: Կիսանախագահական համակարգը կա՛մ հանգեցնում է անարխիկ կառավարման, կա՛մ բացարձակ միապետության: Այսօրվա Ֆրանսիան դրա լավ օրինակն է: Մակրոնը քանի՞ կառավարություն փոխեց:

Ո՞ր համակարգն է լավ, այն, որով խորհրդարանը կարող է փոխել վարչապետի՞ն, թե՞ այն համակարգը, երբ նախագահը նշանակում է վարչապետ, ով իր կառավարության կազմով հլու-հնազանդ է նախագահին, և միայն նա կարող է փոխել վարչապետին»,- ասաց Վարդան Պողոսյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս