ԵՄ-ն Մոսկվայից պահանջում է զորքերի դուրսբերում հարևան երկրներից, զորքերի թվաքանակի կրճատում և ռազմատուգանքի վճարում. փաստաթուղթ

ԵՄ անդամ երկրներին ներկայացվել է փաստաթուղթ, որում թվարկված են այն զիջումները, որոնք Ռուսաստանը պետք է անի ԱՄՆ-ի միջնորդությամբ Ուկրաինայի հետ ընթացող բանակցություններում։ Փաստաթուղթը, որը ԵՄ երկրներին է ուղարկել Եվրամիության դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը, հայտնվել է «Ազատություն» ռադիոկայանի եվրոպական ծառայության տրամադրության տակ։

Փաստաթուղթը վերնագրված է այսպես՝ «Եվրոպական հիմնական շահերը համապարփակ, արդար և տևական խաղաղության և մայրցամաքի անվտանգության ապահովման հարցում»։ Բրյուսելը պահանջում է, որ Մոսկվան նվազեցնի իր զորքերի թվաքանակը և դրանք դուրս բերի հարևան երկրներից, ռազմատուգանք վճարի և ժողովրդավարացնի իր հասարակությունը։

Բրյուսելը շեշտում է, որ ԵՄ-ն պետք է նստի բանակցությունների սեղանի շուրջ, և որ առանց Եվրոպայի հիմնարար շահերը հաշվի առնելու՝ չի կարող լինել խաղաղություն կամ անվտանգություն։

«Ազատություն» ռադիոկայանի եվրոպական ծառայությունը նշում է, որ փաստաթուղթը կամ դրա որոշ մասեր կարող են քննարկվել փետրվարի 23-ին ԵՄ արտգործնախարարների հանդիպմանը։Ըստ փաստաթղթի՝ եթե ըստ ապագա հնարավոր համաձայնագրի Ուկրաինան պետք է սահմանափակի իր զորքերի թվաքանակը կամ նույնիսկ դուրս գա որոշ շրջաններից, ապա Ռուսաստանը պետք է անի նույնը։

Նաև պահանջվում է, որ ուկրաինական օկուպացված տարածքները «դե յուրե» չճանաչվեն, իսկ այդ հատվածներն ապառազմականացվեն։ Բացի այդ, Ռուսաստանը «պետք է դադարեցնի ապատեղեկատվական արշավները, դիվերսիաները, կիբեռհարձակումները, օդային տարածքի խախտումները և ընտրություններին միջամտությունը եվրոպական տարածքում և հարևան երկրներում»։

Մեկ այլ վերջնագիր նախատեսում է, որ Բելառուսում չլինի միջուկային զենք, արգելվի «ռուսական ռազմական ներկայությունը և տեղակայումը Բելառուսում, Ուկրաինայում, Մոլդովայի Հանրապետությունում, Վրաստանում և Հայաստանում»։Ըստ փաստաթղթի՝ Ռուսաստանը նաև պետք է փոխհատուցում տրամադրի Ուկրաինային և նպաստի այդ երկրի վերակառուցմանը, պետք է նաև պատճառած վնասի համար փոխհատուցում տրամադրի եվրոպական երկրներին և եվրոպական ընկերություններին։

Վերջին պահանջները վերաբերում են Ռուսաստանի ներքին իրադրությանը։ Փաստաթղթում կոչ է արվում, որ երկրում ազատ և արդար ընտրություններ անցկացվեն՝ միջազգային դիտորդների ներկայությամբ, ազատ արձակվեն բոլոր քաղբանտարկյալները, վերադառնան արտաքսված քաղաքացիները, լինի մամուլի ազատություն, ինչպես նաև «համագործակցություն ռուս ընդդիմադիր գործիչներ Ալեքսեյ Նավալնիի և Բորիս Նեմցովի սպանությունների հետաքննության գործում»։

Տեսանյութեր

Լրահոս