«Ինչ իմանայինք՝ 38 տարի անց հաղթանակած ազգից կվերածվեինք ոտնատակ տված մի ազգի». Քաջիկ Հարությունյան
38 տարի առաջ այս օրը՝ 1988 թվականի փետրվարի 13-ին, Ստեփանակերտում տեղի ունեցավ առաջին հանրահավաքը, որով էլ սկիզբ դրվեց արցախյան շարժմանը։
Արցախի Հանրապետության ժողովրդական արտիստ, Ստեփանակերտի թատրոնի դերասան, ռեժիսոր Քաջիկ Հարությունյանն Արցախյան շարժման սկիզբը համարում է ոչ թե 1988 թվականը, այլ ավելի վաղ, պարզապես այն եղել է ընդհատակյա։
«1988 թվականից էլ առաջ մենք ստորագրություններ էինք հավաքում, հիմնականում երիտասարդությունը, ու ամեն ինչ այնքան եփվեց ու հասունացավ, որ արդեն եղավ 1988 թվականի շարժումը։
Ստեփանակերտում տեղի ունեցած առաջին ցույցին ինքս անձամբ մասնակցեցի, բայց որպես դիտորդ, այսինքն՝ մասնակից, այդ ժամանակ պետական համալսարանի ուսանողներն էին, այսպես ասած՝ ռիսկ արել և այդ միտինգը կազմակերպել։
Այդ ցույցի ժամանակ մենք՝ որպես երիտասարդներ, շատ լավ ելույթներ լսեցինք, դրանից հետո ավելի գոտեպնդվեցինք։ Մենք զգացինք, որ այս շարժումը վաղուց պետք է սկսեինք, բայց չէինք կարող, որովհետև չորս կողմից կար հսկողություն՝ սկսած ԿԳԲ-ից»,- 168.am-ի հետ զրույցում իր հիշողությւոններով կիսվեց ժողովրդական արտիստը։
Նրա խոսքով՝ 1988 թվականից սկսած մարդկանց մեջ աստիճանաբար մեծանում էր հայրենասիրական ոգին, դա էլ դարձավ մարդկանց միավորման միջոցը, բոլորը ունեին հստակ նպատակ ու բոլորն աշխատում էին այս նպատակն իրականությոն դարձնել։
«Աստիճանաբար այս միտինգները մեծ թափ էին հավաքում, բոլոր շրջաններում ակցիաներ էին տեղի ունենում, մարդիկ կարծես դարձել էին մեկ բռունցք, հասկանում էին՝ եթե Արցախը չազատագրվի, ապա հետագայում նաև Հայաստանի ճակատագիրն է դրվելու հարցականի տակ, ինչպես որ այսօր է այդ ամենն ուրվագծվում։
Ինքս մեծ սիրով էի այդ ակցիներին մասնակցում, դրանից զատ, միացել էի ժողովրդի մեջ «ագիտացիա» անողներին։ Այս միաբանության արդյունքը եղավ Արցախի ազատագրումը՝ տարիներ ի վեր հայկական կողմը նման հաղթանակ չէր ունեցել։ Բայց ինչ իմանայինք, որ 38 տարի անց, հաղթանակած ազգից կվերածվեինք փաստորեն ոտնատակ տված մի ազգի»,- հավելեց Քաջիկ Հարությունյանը։
Արցախյան շարժումն ավելի լայնածավալ բնույթ ստացավ, երբ Երևանում էլ միաժամանակ տեղի ունեցան ակցիաներ և արցախահայերն ավելի ոգևորվեցին, երբ տեսան Մայր հայրենիքից եկող սատարումը։
«Դուք չեք պատկերացնի՝ միասնականության ալիքն ինչպես էր տարածվում մեր ազգի մեջ, ամբողջ հայ ազգն էր միավորվել։ Ազգի մեջ կար այս գիտակցումը, որ Արցախը չպետք է կորսվի։ Միտինգներն ամենօրյա բնույթ էին կրում, ելույթներով մարդիկ ժողովրդին բացատրում էին, թե որն է ճիշտը։ Բայց այսօր ունենք այն, ինչ ունենք։
Հավատացեք, այսօր էլ կարելի է ամեն ինչ կրկնել, եթե հայ ազգը միաբանվի։ Ցավով եմ ասում, բայց այսօր հայ ազգը պառակտված է և բաժանված է ոչ թե երկու, այլ մի քանի մասերի, պառակտումը նաև մարդկանց ընտանիքներ է մտել։ Ես չեմ պատկերացնում այս ազգին ինչպես կարելի է միավորել, հավանաբար կմիավորվի այն ժամանակ, երբ գիտակցի, թե դեպի ուր է գնում, և այնպես անի, որ մեր խոնարհած գլուխը նորից բարձրացնի»,- շեշտեց մեր զրուցակիցը։
Քաջիկ Հարությունյանի դիտարկմամբ՝ ազգին միավորելու համար առաջնորդներ են պետք, գուցե նրանք կան ազգի մեջ, բայց անձամբ չի տեսնում, այդ առաջնորդը նախ պետք է էլիտան լինի՝ այն նշանավոր մարդիկ, որոնց ազգը կհավատա ու նրանց հետևից կգնա, որոնք խելացի են ու հայրենիքի կայացման համար գործեր են արել։
Ժողովրդական արտիստը, ով անցել է արցախյան շարժման, պատերազմի թոհ ու բոհով, Ադրբեջանի հետ խաղաղությանը չի հավատում, ասում է՝ խաղաղ պայմաններում ադրբեջանցիների հետ կողք կողքի ապրել է, նրանք խաղասեր մարդիկ չեն։
«Այդ ազգի մեջ ապրել եմ, նրանց ուղնուծուծը լավ գիտեմ, դրա համար էլ ասում եմ՝ հայը չի կարող նրանց հետ խաղաղ ապրել։ Դարեր են պետք, սերունդներ պետք է փոխվեն, որ այս խաղաղությունը լինի։
Իսկ այս պահին առանց Արցախի այդ խաղաղությունը հնարավոր չէ, նրանք մեզանից հայրենիք են խլել ու շարունակում են խլել։ Ադրբեջանի նպատակը հետևյալն է՝ բնաջնջել հայ ազգին, սա իրենց պետական քաղաքականությունն է։ Ադրբեջանը սկզբում սիրաշահում է, վստահություն ձեռք բերում ու հետո մեջքից անմիջապես հարված հասցնում, ես դրանց գիտեմ»,- ընդգծեց Քաջիկ Հարությունյանը։



