Մյունխեն-2026. Գերմանիայի 3-րդ քաղաքում մեկնարկում է Անվտանգության համաժողովը, ՀՀ-ն քննարկումների չի մասնակցի, Ալիևը կմեկնի Գերմանիա

Այսօր Գերմանիայի երրորդ քաղաքում՝ Մյունխենում, մեկնարկում է Անվտանգության միջազգային 62-րդ համաժողովը Ռուսաստանի ու Արևմուտքի, Իրանի ու ԱՄՆ-ի միջև առճակատման, ինչպես նաև Եվրոպայի և Միացյալ Նահանգների միջև տարաձայնությունների ֆոնին։ Մյունխենի անվտանգության համաժողովը միջազգային անվտանգության քաղաքականության հարցերի շուրջ քննարկումների ամենամեծ ֆորումն է աշխարհում, որն անցկացվում է 1963 թվականից։ Մյունխենի 62-րդ անվտանգության համաժողովը տեղի կունենա փետրվարի 13-15-ը, որին կմասնակցեն 50 պետությունների և կառավարությունների ղեկավարներ, մոտավորապես 100 նախարարներ։

Ամերիկյան կողմը կներկայացնեն ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Կոնգրեսի մի քանի տասնյակ անդամներ։ Ակնկալվում է նաև ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆի և Թրամփի փեսայի՝ Ջարեդ Քուշների մասնակցությունը։ Բացի այդ, կարող են մասնակցել նաև Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին և Հնդկաստանի, Բրազիլիայի, Շվեյցարիայի և Ավստրիայի ներկայացուցիչները։ Գերմանական լրատվամիջոցների տվյալներով՝ նախատեսվում է հանդիպում Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի միջև։ Կմասնակցի նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Գերմանիա ժամանած ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ աշխարհը սրընթաց կերպով փոխվում է մեր աչքերի առջև: «Սա որոշիչ պահ է։ Հին աշխարհակարգն այլևս գոյություն չունի։ Այն աշխարհը, որում ես եմ մեծացել, այլևս չկա։ Մենք ապրում ենք աշխարհաքաղաքականության նոր դարաշրջանում, և դա մեզանից պահանջում է վերաիմաստավորել թե՛ տեղի ունեցող փոփոխությունները, թե՛ մեր դերակատարությունը»,- հայտարարել է ամերիկյան դիվանագիտության ղեկավարը։

Անցյալ տարվա համաժողովը ցնցել էր օրերս Հայաստան ու Ադրբեջան այցելած ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ. Վենսի ելույթը, որը խստորեն քննադատել էր եվրոպական երկրներին իրենց քաղաքականության համար՝ պնդելով, որ նրանց սպառնում են ոչ այնքան արտաքին ուժերը, որքան ներքին խնդիրները։ Այդ ժամանակվանից ի վեր Վաշինգտոնը բազմիցս քննադատել է ԵՄ-ին և աշխարհի այդ մասի երկրներին։

Ամեն տարի համաժողովի կազմակերպիչները հրապարակում են «Մյունխենի զեկույցը», որը նկարագրում է համաշխարհային կարգի ներկայիս վիճակը և դրա առջև ծառացած մարտահրավերները։ Այս տարվա զեկույցը կոչվում է «Կործանման ներքո», և դրա շապիկին պատկերված է փիղ, որը ոչ միայն հղում է «ցուլը՝ ճենապակու խանութում» արտահայտությանը, այլև Ամերիկյան Հանրապետական ​​կուսակցության խորհրդանիշին։

Կարդացեք նաև

Վերջին «Մյունխենի զեկույցի» գլխավոր «հերոսները» «կործանիչներն» են՝ քաղաքական ուժեր և քաղաքական գործիչներ, որոնք ոչնչացումը գերադասում են ստեղծելուց առաջ, բացահայտորեն հայտարարում են իրենց երկրներում և միջազգային մակարդակով գոյություն ունեցող ինստիտուտները քանդելու իրենց ցանկության մասին՝ համարելով դրանք չափազանց կարգավորված և անկարող բավարարել սովորական մարդկանց ձգտումները։

Արդյունքում, ինչպես գրում են զեկույցի հեղինակները, բախվում ենք նոր միջավայրի, որտեղ նրանք, ովքեր իրենց գործունեության մեջ օգտագործում են բուլդոզերներ, դիտվում են զգուշավոր խրախուսանքով, եթե ոչ՝ ուղղակի երկրպագությամբ։ Այսօրվա համաշխարհային քաղաքականության մեջ «ավերողների» ամենաակնառու ներկայացուցիչը Դոնալդ Թրամփն է, ով զեկույցի շապիկին պատկերված է հենց այդ փղի տեսքով, որը մտադիր է կառուցել նոր, ավելի լավ աշխարհ, բայց մինչ այժմ, ինչպես նշում են քննադատները, հաջողվել է միայն հին աշխարհակարգն ավերակների վերածել։

2026 թվականի զեկույցում նշվում է. «1945 թվականից հետո ԱՄՆ-ի ղեկավարությամբ ստեղծված միջազգային կարգն այժմ փլուզման վտանգի տակ է»։ Զեկույցում նաև ասվում է, որ Եվրոպան պետք է ավելի վճռական և անկախ գործի ռազմական ոլորտում, քանի որ ԱՄՆ վարչակազմն այլևս չի կիսում «ժողովրդավարական նորմերն ու արժեքները»։ Համաժողովի նախագահ Վոլֆգանգ Իշինգերը այս տարվա միջոցառման հիմնական գործառույթը բնութագրել է որպես տրանսատլանտյան հարաբերությունների բարելավում։ Նա նաև հույս է հայտնել, որ համաժողովը կնպաստի Եվրոպայի ինքնաբավության ամրապնդմանը։

Ուշագրավ է, որ այս տարի ՀՀ իշխանությունները դեռ չեն հայտնել համաժողովին իրենց մասնակցության մասին Նիկոլ Փաշինյանի կամ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի մակարդակով: Համաժողովի օրակարգում ևս այս պահի դրությամբ ներառված չեն քննարկումներ, որոնց ՀՀ ներկայացուցիչներ են մասնակցում: Սակայն համաժողովի աշխատանքների երկրորդ օրվա ընթացքում նախատեսվում է քննարկում Իլհամ Ալիևի մասնակցությամբ: Ինչպես տեղեկացանք համաժողովի օրակարգից, փետրվարի 14-ին Իլհամ Ալիևը ԵՄ Ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի, գերմանացի դիվանագետ Հելգա Մարիա Շմիդի և Չինաստանի ու գլոբալացման կենտրոնի նախագահ Վան Հույյաոի հետ մասնակցելու է «Բաց միջանցքի քաղաքականությո՞ւն։ Տրանսկասպյան համագործակցության խորացում» վերտառությամբ պանելային քննարկմանը: Քննարկման վերնագիրն ու մասնակիցների ցանկն արդեն իսկ շատ խոսուն է: Պետք է սպասել, թերևս, քննարկման բուն բովանդակությանը:

Տեսանյութեր

Լրահոս