Բանակի թիկունքին նետվող «քարերը». Որո՞նք են դրանք, ո՞վ է գլխավոր հարվածողը

Այս օրերին Նիկոլ Փաշինյանի՝ Հայ Առաքելական Եկեղեցու «բարենորոգման» կրոնաքաղաքական գործողությունների ծրագրի համատեքստում դարձյալ թիրախում բանակն է, զինվորականները, ռազմական ղեկավարությունը, քանի որ «փաշինյանական» պատարագներին, ուխտերթին մասնակցել են նաև ՀՀ պաշտպանության նախարարության, ռազմական ոստիկանության աշխատակիցներ, պաշտոնյաներ, սպաներ՝ համազգեստով և առանց համազգեստի, կամ՝ ծպտյալ և ոչ ծպտյալ:

Օրինակ՝ ՀՀ ՊՆ կադրային քաղաքականության գլխավոր վարչության պետ, գեներալ-մայոր Հրաչ Ստեփանյանը, ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետի պաշտոնակատար, գեներալ-մայոր Կարեն Շաքարյանը։ 

Այստեղ իր պատասխանատվության ոչ փոքր չափաբաժինն ունի ՀՀ պաշտպանության նախարարը, տվյալ դեպքում՝ ՔՊ-ական Սուրեն Պապիկյանը։

Կարդացեք նաև

Իհարկե, նախարարը կարող է չլինել կուսակցական, բայց հլու և հնազանդ կատարել օրվա իշխանությունների, այսօր՝ Նիկոլ Փաշինյանի հակասահմանադրական հրահանգները:

Սակայն կուսակցապատկան լինելը լրացուցիչ «պարտավորություններ» է առաջ բերում, նաև կաշկանդում:

Մի առիթով անդրադարձել ենք ՀՀ պաշտպանության մի շարք նախարարների: Օրինակ, 2016-ին Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ՊՆ վարչական համալիրում ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ հանդիպմանը հայտարարել էր, որ պատրաստվում է համալրել Հանրապետական կուսակցության շարքերը:

«Կարծում եմ, որ քաղաքական դաշտում այլևս անհնար պիտի լինի անկուսակցական արդյունավետ աշխատանքը: Ի վերջո, մենք մտնում ենք մի փուլ, երբ խորհրդարանական կառավարման համակարգում կուսակցությունները պիտի կրեն հիմնական պատասխանատվությունը և հիմնական դերակատարումն ունենան, հետևաբար՝ ինձ համար ես այդ որոշումը կայացրել եմ և դիմելու եմ ՀՀԿ՝ ինձ ընդունելու խնդրանքով»,- ասել էր Վիգեն Սարգսյանը:

1999 թվականին հունվարի 29-ի ՀՀԿ 5-րդ համագումարում Վազգեն Սարգսյանն ավելի շատ խոսել էր երկրի ճակատագրական պահերին բանակի՝ քաղաքական գործընթացների մասնակցության մասին:

«Իմ անձով կանգնել եմ հասարակության, քաղաքական ուժերի և բանակի արանքում՝ ստանալով հարվածներ և՛ ներքևից, և՛ վերևից: Շատ եք ուզում, կարող եմ դուրս գալ քաղաքականությունից, բայց այդ դեպքում պետք է նկատի ունենաք նաև այս հեռանկարը: Ես դեմ եմ բանակի քաղաքականացմանը, ես դեմ եմ Թուրքիայի տարբերակին: Հաջորդ պաշտպանության նախարարն այլևս չի մասնակցի քաղաքականությանը, եթե գործընթացները ճիշտ գնան: Եթե, իհարկե, ծածկվեն տնտեսական, սոցիալական, բարոյական բոլոր դաշտերը, որոնք ուղղակի առնչվում են բանակին: Բանակն այս հասարակության բաղկացուցիչ մասն է, հայելին է, և տնտեսության, սոցիալական, քաղաքական բացթողումներն ուղղակի հարվածում են բանակին: Եվ եթե բանակն արյուն է տվել այս երկրի համար, ապա բանակը, բնականաբար, հատկապես, եթե խոսքը վերաբերում է իր ճակատագրին, պիտի մասնակից դառնա գործընթացին: Այլ հարց է՝ ամբողջ բանակո՞վ, թե՞ նախարարով: Որոշեք ինքներդ»: Թե ինչ ոնց եղավ՝ գիտենք:

Իսկ հետո արդեն մեր օրերում՝ 2021 թվականի փետրվարի 25-ին (44 օրյա պատերազմից հետո), ՀՀ զինված ուժերը պահանջեցին Նիկոլ Փաշինյանի հրաժարականը՝ նշելով. «ՀՀ վարչապետը և կառավարությունն այլևս ի վիճակի չեն ընդունելու ադեկվատ որոշումներ՝ հայ ժողովրդի համար այս ճգնաժամային և ճակատագրական իրավիճակում, և, որ «գործող իշխանությունների անարդյունավետ կառավարումը և արտաքին քաղաքականությունում ցուցաբերած լրջագույն սխալները երկիրը հասցրել են կործանման եզրին»:

Այս հայտարարությունը Փաշինյանը որակեց ռազմական հեղաշրջման փորձ և իրավունքի ուժով ԳՇ պետի պաշտոնից հեռացրեց Օնիկ Գասպարյանին: Ժամանակի ընթացքում վերը նշված պահանջի տակ ստորագրած մի շարք բարձրաստիճան սպաներ ևս հեռացվեցին բանակից, բայց որոշները մինչև հիմա շարունակում են մնալ ՀՀ զինված ուժերում, նույնիսկ պաշտոնական առաջխաղացում են ունեցել 2021 թվականից հետո: Իհարկե, ի տարբերություն Վազգեն Սարգսյանի, որի հայտարարությունը գործողության էր վերածվել և հանգեցրել ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականին, Օնիկ Գասպարյանի ղեկավարած ԳՇ-ի հայտարարությունը չվերածվեց ոչ մի գործողության, չէր էլ պլանավորվել:

Մի բան հստակ է՝ այն, ինչ Օնիկ Գասպարյանի գլխավորությամբ հայտարարության մեջ գրված էր՝ այս 4-5 տարիների ընթացքում տեսնում ենք, այլ հարց է՝ ինչպես է դրան բանակն արձագանքում: Եվ այսօր ոչ թե կամ ոչ միայն տնտեսության, սոցիալական, քաղաքական բացթողումներն են ուղղակի հարվածում բանակին, այլև անձամբ Նիկոլ Փաշինյանը, որը սկսել է 2018 թվականի իշխանափոխությունից անմիջապես հետո: Վերջին 7-8 տարվա կոնկրետ դրվագների առանձին դեռ կանդրադառնանք:

Հիմա վերադառնանք հոդվածի բուն առիթին՝ Եկեղեցու «բարենորոգման» փաշինյանական միջոցառումներին բանակի մասնակցությանը և ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի՝ Փաշինյանի կողմից տրվող քաղաքական հրամաններին ընդառաջելուն, հնարավոր է՝ նույնիսկ «շառից-փորձանքից հեռու» սկզբունքից ելնելով: Այս համատեքստում Սուրեն Պապիկյանի որդեգրած դիրքին բազմիցս անդրադարձել ենք՝ ահազանգելով բանակին կրոնականի անվան տակ քաղաքական գործընթացներին խառնելու, կարգալույծ քահանաների պատարագներին իր մասնակցության վտանգավորությունը, երբ ՀՀ զինված ուժերում նաև հոգևոր ծառայություն գոյություն ունի:

Այսինքն, նախարար Պապիկյանը պետք է կարողանա չեզոքություն պահել, այնպես, ինչպես Բագրատ սրբազանի շարժման ժամանակ գրեթե միշտ լսում էր իր անունը: Կամ՝ երբ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի Մարշալ Հ. Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային ինստիտուտի պետի պաշտոնը զբաղեցնող Արծրուն Հովհաննիսյանի՝ Հ1-ի եթերից Հայրենական Մեծ պատերազմին առնչվող հակասովետական հայտարարություններից հետո ՀՀ-ում ՌԴ դեսպան Կոպիրկինը հենց իրեն՝ Սուրեն Պապիկյանին էր բաց նամակով դիմել, բայց նա, բարեբախտաբար, չգնաց դեսպանի հետ հրապարակային հարցեր լուծելու ճանապարհով:

Հունվարի 13-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ասուլիս է հրավիրել, և հաստատ անդրադառնալու է Եկեղեցու կամ Վեհափառի դեմ արշավի միջոցառումներին զինվորականության մասնակցությանը և համապատասխան հրահանգների լինել-չլինելուն: Սա, բնականաբար, վատ երևույթ է՝ պատասխանել նման քաղաքական հարցերի, երբ անվտանգային մարտահրավերները տարածաշրջանում սրվում են: Բայց եթե նրա քաղաքական առաջնորդը Նիկոլ Փաշինյանն է, որի հրահանգներին առնվազն հրապարակավ հաշտ է, ապա ստիպված է:

Այս համատեքստում չմոռանանք ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի Մարշալ Հ. Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային ինստիտուտի պետի պաշտոնը զբաղեցնող Արծրուն Հովհաննիսյանի՝ Աննա Հակոբյան-Նիկոլ Փաշինյան զույգի կրոնաքաղաքական կամ կրթաքաղաքական միջոցառումներին ակտիվ մասնակցությունը, որի մասին ոչ մեկ անգամ գրել ենք, ընդգծել գործող սպայի նման ակտիվության անթույլատրելիությունը, վտանգավորությունը, որով թիրախավորվում է բանակը, պաշտպանության նախարարը՝ գուցե ոչ պատահական:

Ավելին, «Կրթվելը նորաձև է» միջոցառումներից մեկին նույնիսկ նկատել էինք զինվորական համազգեստով անձի, որը, հետո պարզվեց, գործող զինվորական չէր, այստեղ էլ առկա է օրենքի այլ պահանջի խախտում:

Եվ այս ամենի գլխավոր պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է, որովհետև նմանօրինակ դրվագներ արձանագրվել են նաև այլ ժամանակահատվածներում:

Մասնավորապես, 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո՝ կապիտուլյացիայի մասին եռակողմ հայտարարության ստորագրումից օրեր անց Հանրապետության հրապարակում հանրահավաք էր կազմակերպվել՝  hաջակցություն Նիկոլ Փաշինյանի, որին մասնակցում էին զինվորական համազգեստ կրող անձինք՝ իբր պատերազմին որպես կամավոր մասնակցածներ: Էլ չենք ասում պատերազմական օրերին Նիկոլ Փաշինյանին պաշտպանող՝ դիրքերից արված և տարածված տեսանյութերը:

2021 թվականի հունիսին ԱԺ արտահերթ ընտրությունների ժամանակ արձանագրվել էր դեպք, երբ զինվորները քվեարկում են պատրաստի ծրարներով: Այդ ժամանակ ՀՀ պաշտպանության նախարարը Վաղարշակ Հարությունյանն էր՝ ՔՊ-ական չէր:

Ի դեպ, տարբեր տեղեկություններով, Փաշինյանի օգտին «աշխատել» են նաև այն պայմանագրայինները, ում հարազատները 44-օրյայի ժամանակ փակել էին նրանց ճանապարհը, որպեսզի նրանք չգնան Արցախ՝ մասնակցելու մարտական գործողություններին, և հենց Տավուշում են նման դեպքեր եղել: Ճիշտ է՝ ուշ քրեական գործ էր հարուցվել, մի քանիսին մեղադրանք առաջադրվել՝ 2023 թվականի դրությամբ 3 հոգու, բայց արդյո՞ք այդ 3-ն էին միայն մեղավոր:

Չմոռանանք նաև, որ 2018-ի ապրիլի 23-ին Երևանում Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ Նիկոլ Փաշինյանի «Իմ քայլը» նախաձեռնության բողոքի ակցիային՝ հեղափոխություն կոչվածին, հանկարծակի միացել էին ՀՀ զինված ուժերի խաղաղապահ բրիգադի մի խումբ զինծառայողներ՝ համազգեստներով: Իսկ ՀՀ ԶՈւ խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատարն այդ ժամանակ Վաղինակ Սարգսյանն էր, որը ամիսներ անց նշանակվել էր ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար: Խոսքը, ինչպես հայտնել էր այդ ժամանակ ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վիգեն Սարգսյանը, 209 զինծառայողի մասին էր:

Գուցե ավելի ուշ կարգապահական ինչ-ինչ տույժեր կիրառվել են: Իսկ 2018 թվականի մայիսին Նիկոլ Փաշինյանը ՀՀ պաշտպանության նախարար նշանակված Դավիթ Տոնոյանին ՊՆ անձնակազմին ներկայացնելուց կարևորել էր բանակի ապաքաղաքականացումը՝ «քաղաքական պրոցեսների ընթացքում, այդ թվում՝ ընտրությունների ժամանակ, բանակը չպետք է ներքաշվի որպես ընտրական գործընթացի կողմ»:

Թե որքանով է Փաշինյանն ինքը պահել իր այս խոստումը, արդեն նշեցինք, և այս դեպքում, թե որքանով կպահի 2026 թվականին՝ ավելորդ է ասել:

Ի դեպ, 2024 թվականի ապրիլին ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանը սպառնացել էր լրացուցիչ միջոցներ կիրառել և «խեղդել» ԶՈՒ-երում հնարավոր ընդվզումը:

«2021 թվականի փետրվարին տեղի ունեցավ ռազմական հեղաշրջման տապալված փորձը: Մենք տեղի ունեցածից դասեր ենք քաղել և պետք է լրացուցիչ մեխանիզմներ որդեգրենք Զինված ուժերի քաղաքականացման հետագա բոլոր փորձերը բացառելու համար»,- շեշտել էր Փաշինյանը:

Ո՞ւմ օգտին քաղաքականացման փորձերը, ինչպես տեսնում ենք՝ սա իշխող ուժի վրա կարծես թե չի տարածվում:

Մյուս կողմից, կարո՞ղ ենք ենթադրել, որ սրանով Փաշինյանն անուղղակի ընդունել է, որ իրեն չի հաջողվել կատարել 2018 թվականին տված՝ բանակի ապաքաղաքականացման վերաբերյալ խոստումը: Արդյո՞ք պաշտպանության նախարարի պաշտոնում իր կուսակցի առկայությունը լիովին փարատել է Փաշինյանի վախերը՝ ժամանակը ցույց կտա: Բայց չտեսնել բանակի քաղաքականացված լինելը, առնվազն կույր պիտի լինել:

Ի դեպ, արդեն երբեմնի Տեր Արամը՝ կարգալույծ քահանա Ստեփան Ասատրյանը, այսօր նման մի գրառում է արել. «Բանակը, Եկեղեցին և Դպրոցը սրանք երեքն էլ ՎԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ինստիտուտներ են և ներքաշել այս կառույցները ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ մեջ, նշանակում է կործանել այն»: Ճիշտ է ասում, այլ հարց է, որ այսօր կարգալույծ քահանան ուղղակի կերպով հենց այս գործընթացին է աջակցում:

Տեսանյութեր

Լրահոս