Փաշինյանն իրականացրեց թուրքերի 100 տարվա երազանքը․ նրան հեռացնելու մեկ տարբերակ կա․ Հարութ Սասունյան

«Երբ արքեպիսկոպոս Տերտերյանը մեղադրում է Վեհափառին՝ ասելով, որ, եթե նա չի հերքել իրեն ուղղված մեղադրանքները, ուրեմն դրանք ճիշտ են, ես իմ հոդվածում պատասխանեցի՝ չհերքելը չի նշանակում, որ ճիշտ է, բամբասանքը ճշմարտության հետ կապ չունի։ Երբ մի քանի տասնամյակ բամբասանքներ կան Վեհափառի մասին, ի՞նչն է պատճառը, որ երբ Փաշինյանը սկսեց պայքար մղել Վեհափառի և Եկեղեցու դեմ, առաջնորդը սկսեց այդ մասին խոսել, մինչև հիմա ոչ մի բառ չէր ասել։ Այստեղ ո՛չ կրոնական հարց կա, ո՛չ բարոյական, սա քաղաքական հարց է»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց «Կալիֆոռնիա կուրիեր» թերթի գլխավոր խմբագիր, ամերիկահայ գործիչ Հարութ Սասունյանը։

Նրա խոսքով՝ արքեպիսկոպոս Տերտերյանն այլ նպատակներ է հետապնդում․ «Նրան իշխանությունները խոստացել են, որ եթե Գարեգին Վեհափառը հրաժարվի, ինքն է լինելու նոր կաթողիկոսը։ Նա անձնապես հետաքրքրված է, որ այս հարցը հետապնդի և նման հայտարարություններ անի։ Այս բոլոր հարցերը ոչ մի կապ չունեն հավատքի, կրոնի, բարոյականության հետ․ անձնական ամբիցիայի հարց է և քաղաքական հաշվարկներ»։

Անդրադառնալով TRIPP-ի գործարքին, նա հարցադրում արեց՝ ինչո՞ւ է այն միայն Հայաստանին վերաբերում, ինչո՞ւ է միակողմանի․ «Ինչո՞ւ ամերիկյան կողմն Ալիևին չի ասում, որ ուզում են նաև TRIPP-ի ճանապարհ լինի Ադրբեջանի տարածքում, որ հայկական կողմն էլ այդտեղով անցնի։ Այդ մասին խոսող չկա, ինչն անարդար է։ Ինչ վերաբերում է Հայաստանի տարածքով անցելիք ճանապարհին, ապա այն նորություն չէ, գաղափարը կար դեռ 100 տարի առաջ, և թուրքական կողմն այն անվանում էր Թուրանի ճանապարհ։ Այս Թուրանի ճանապարհի մասին թուրքերը 100 տարի երազում էին, բայց չէին կարողանում իրագործել, դժբախտաբար, Փաշինյանը եկավ և օգնեց, որ հաջողի այդ երազը։ Այս ճանապարհի ավելի մեծ պատկերն այն է, որ ամբողջ թուրքական հանրապետությունները պետք է ունենան ճանապարհ, հատելով Հայաստանը՝ գնան Եվրոպա։ Սա լուրջ քաղաքական հետևանքներ է ունենալու, մանավանդ, որ այս ճանապարհն անցնում է Իրանի սահմանի կողքով, և այդտեղ ամերիկյան ներկայությունը շատ անընդունելի է պարսիկների համար»։

Կարդացեք նաև

Ինչ վերաբերում է ընտրություններով Փաշինյանին հեռացնելուն, նա նշեց, որ դրա համար մեկ տարբերակ կա՝ ընդդիմության միավորում․ «Եթե ընդդիմությունը չմիավորվի, Փաշինյանը կարող է հաղթել հունիսի ընտրություններում։ Կարևոր է, որ նրանք միավորվեն, ժամանակավորապես մի կողմ դնեն իրենց ներքին տարաձայնությունները, ժամանակավոր միավորվեն Փաշինյանին տապալելու համար»։

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս