Եթե որոշվի լքել ԵԱՏՄ-ն, դա հայ ժողովրդի որոշումն է, ԵՄ անդամակցությունն անհամատեղելի է ԵԱՏՄ-ին, բայց ցուցանիշները բարդ է անտեսել․ Լավրով
ԵՄ և ԵԱՏՄ անդամակցություններն անհամատեղելի են։ Այսօր իր ամենամյա մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, անդրադառնալով ՀՀ եվրոպական ձգտումներին։
Նա նշեց, որ ՀՀ ԵՄ անդամակցության թեման բազմիցս քննարկել է թե իր գործընկեր Արարատ Միրզոյանի, թե Նիկոլ Փաշինյանի հետ, երբ վերջին անգամ այցելել էր Երևան մոտ մեկուկես տարի առաջ։ Նրա խոսքով, Եվրասիական տնտեսական միության և Եվրամիության գործունեության սկզբունքներին ծանոթ յուրաքանչյուրի համար ակնհայտ է, որ անհնար է ընդունել ԵՄ չափանիշները՝ մնալով Եվրասիական տնտեսական միության անդամ։
«Մեր փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը դա մեկից ավելի անգամ բացատրել է իր հայ գործընկերների հետ շփումներում։ Դա պարզապես տեխնիկապես անհնար է։ Եվ դրանք անհամատեղելի են ոչ միայն այն պատճառով, որ կիրառվում են տարբեր առևտրային և ներդրումային կանոնակարգեր, անհամատեղելի են նաև այն պատճառով, որ Բրյուսելը ցանկանում է ուղղակիորեն և համառորեն վերափոխել Հայաստանի իրավական շրջանակը՝ համապատասխանեցնելով այն իր չափանիշներին։ Դե, ես նույնիսկ չեմ խոսում այն մասին, որ այս չափանիշները ենթադրում են, ինչպես ասացի Սերբիայի դեպքում, Եվրամիության արտաքին քաղաքականությանը լիակատար հավատարմություն, ինչը նաև նշանակում է հավատարմություն հակառուսական պատժամիջոցներին, հակառուսական հայտարարություններին և այլն»,- նշեց ՌԴ ԱԳ նախարարը։
Լավրովը հիշեցրեց, որ անցյալ տարվա դեկտեմբերին ստորագրվեց Հայաստանի և Եվրամիության գործընկերության նոր ռազմավարական օրակարգը, որն ամրագրում է արտաքին քաղաքականության, առևտրի և տնտեսության համակարգման անհրաժեշտությունը։ Նա նկատեց, որ հայերին առաջարկվում է վիզային ռեժիմի ազատականացում, սակայն դա պայմանավորված է նրանով, որ Եվրամիությունը պետք է ձայն ունենա ՀՀ իրավապահ և սահմանային անվտանգության հարցերը լուծելու հարցում։
«Ակնհայտ է՝ մեր սահմանապահները տեղակայված են Հայաստանում, արդեն հարց է բարձրանում, թե ինչպես է սա համապատասխանում Երևանի ներկայիս պարտավորություններին: Հետևաբար, ԵՄ անդամակցության ուղղությամբ շարժվելը չի կարող համատեղելի լինել Եվրասիական տնտեսական միության անդամակցությունը պահպանելու հետ: Եվ եթե Հայաստանը կայացնի համապատասխան որոշում, ինչպես ասաց պարոն Փաշինյանը՝ ընդունելով այն որպես հայ ժողովրդի կամքին համապատասխանող, ապա դա Հայաստանի իրավունքն է, իհարկե՝ հայ ժողովրդի իրավունքը: Պարզապես ուզում եմ ասել, որ դժվար է անտեսել այն թվերը, որոնք բնութագրում են Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացումը վերջին 10 տարիների ընթացքում»,- ասաց ՌԴ ԱԳՆ ղեկավարը՝ նշելով, որ Եվրասիական տնտեսական միությանը միանալուց հետո Հայաստանի ՀՆԱ-ն կրկնապատկվել է։ Նրա խոսքով, Եվրասիական տնտեսական միության կողմից հայկական ապրանքներին այլ անդամ պետությունների շուկաներ ազատ մուտք տրամադրելու շնորհիվ, Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը, մասնավորապես Ռուսաստանի Դաշնության հետ, հասել է ռեկորդային մակարդակի։
«Այն ներկայումս կազմում է 14 միլիարդ դոլար, ինչն աննախադեպ է։ Ես այս վիճակագրությունը մեջբերում եմ պարզապես այն պատճառով, որ դուք հարցրել եք, թե ինչպես է Եվրամիությանը միանալու ցանկությունը կապված Եվրասիական տնտեսական միության հետ հարաբերությունները շարունակելու հետ։ Բայց ես ուզում եմ կրկին նշել, որ ընտրությունը, իհարկե, պետք է կատարեն հայ ժողովուրդը և Հայաստանի ղեկավարությունը, բայց երկուսին համատեղ մասնակցությունը բացարձակապես բացառվում է»,- պարզաբանեց Լավրովը։
