Բաքվում պատրաստել են Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի բանակցությունների «ճանապարհային քարտեզը»

«Թրամփի երթուղին միջազգային խաղաղության և բարգավաճման համար» (Trump Route for International Peace and Prosperity, TRIPP) նախագծի ենթակառուցվածքների շինարարությունը կսկսվի 2026 թվականի երկրորդ կեսին, Հայաստանի Հանրային հեռուստատեսության եթերում խոստացել է ՀՀ ԱԳ նախարարը:

«Այս ոլորտում ակտիվ աշխատանքներ են տարվում։ Մենք շահագրգռված ենք շրջափակումը հնարավորինս արագ վերացնելով ու TRIPP ենթակառուցվածքը գործարկելով։ Կարծում ենք, որ դրանցից առաջինը կարող է լինել երկաթուղին։ Այս երկաթուղով Հայաստանն էլ կապ կհաստատի արտաքին շուկաների հետ, կկարողանա արտահանել ու ներմուծել, և նաև Ադրբեջանը կկարողանա անցնել Հայաստանի տարածքով, և, ընդհանուր առմամբ, երրորդ երկրները՝ Պորտուգալիան և Կենտրոնական Ասիայի երկրները, կկարողանան կապ հաստատել միմյանց հետ»,- ասել է Արարատ Միրզոյանը։

Միրզոյանի խոսքով՝ ամերիկյան կողմի հետ ինտենսիվ աշխատանք է տարվում պայմանների, իրավունքների և պարտականությունների մանրամասնության ուղղությամբ. «Հուսով եմ՝ առաջիկա օրերին, շաբաթներին մենք արդեն կունենանք առաջին հնարավոր փաստաթուղթը»:

Ավելի վաղ նույնի մասին պատմել էր նաև Նիկոլ Փաշինյանը։ Կառավարության ղեկավարի խոսքով՝ առաջարկվող TRIPP ընկերությունը հայ-ամերիկյան համատեղ ձեռնարկություն է, որը կգրանցվի Հայաստանում՝ ձեռք բերելով երկաթուղիների և ճանապարհների, նավթամուղերի, գազատարների, ինչպես նաև օպտիկամանրաթելային մալուխների անհրաժեշտ ենթակառուցվածքների զարգացման իրավունքը. «Մենք նման զարկերակների ներդրման և կառուցման փուլին կանցնենք արդեն հաջորդ տարի»։

Կարդացեք նաև

Կարելի է ենթադրել՝ Փաշինյանն առանձնապես կասկածներ չունի իշխող ՔՊ կուսակցության հաջողության վերաբերյալ 2026 թվականի հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններում, ինչը կնշանակի ադրբեջանա-թուրքական կոմունիկացիոն նախագծերին Հայաստանի ինտեգրման նոր փուլ, որոնք ակտիվորեն մշակվում են, այդ թվում՝ փորձագիտական մակարդակով։ Այդ ջանքերի վառ արտացոլումն էր ամերիկա-ադրբեջանական առևտրային պալատի (United States-Azerbaijan Chamber of Commerce, USACC) կողմից կազմակերպված ներկայացուցչական կլոր սեղանը, որի մասնակիցները քննարկում էին «Թրամփի ճանապարհի» դերը՝ որպես «Կենտրոնական Եվրասիայում ԱՄՆ նորացված ռազմավարական փոխգործակցության առանցքային տարրերից մեկը»։

Քննարկմանը մասնակցում էին ԱՄՆ-ում Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի պետությունների դեսպաններ, ԱՄՆ կառավարության բարձրաստիճան ներկայացուցիչներ, ինչպես նաև մասնավոր հատվածի ղեկավարներ: Բանախոսները քննարկել են, թե ինչպես TRIPP-ը կարող է նպաստել ենթակառուցվածքների զարգացման արագացմանը, տարածաշրջանային կապի ամրապնդմանը և Ռուսաստանը շրջանցող միջին միջանցքի (Կենտրոնական Ասիա-Կասպից-Անդրկովկաս-Թուրքիա-Եվրոպա) երկայնքով ԱՄՆ-ի կայուն համալիր ներկայության ձևավորմանը։

ԱՄՆ Պետդեպարտամենտի խաղաղ առաքելությունների հարցերով հատուկ բանագնաց Վինայ Չավլան հայտնել է՝ Բաքվի և Երևանի միջև վերջերս ստորագրված խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը «հնարավորությունների պատմական պատուհան բացեց։  TRIPP նախաձեռնությունն այն է, թե ինչպես ենք մենք այս աշխարհը դարձնում ամուր՝ տարանցիկ երթուղին վերածելով ընդհանուր բարգավաճման շարժիչի»:

Դիվանագետի խոսքով՝ ամերիկյան ընկերություններն ու կապիտալն այդ տեսլականի անբաժանելի մասն են կազմում, և ԱՄՆ ներկայիս վարչակազմը մտադիր է ապահովել նրանց լիարժեք մասնակցությունը նախաձեռնության իրականացմանը: Համաժողովի մասնակիցներն ընդգծել են նաև, որ TRIPP նախաձեռնությունն իրենից ներկայացնում է տարածաշրջանային կապի նախագծերի նոր սերունդ, որն առանձնանում է պետություն-մասնավոր մոդելով, դեպի բիզնես կողմնորոշմամբ և երկարաժամկետ առևտրային կայունության վրա շեշտադրմամբ:

USACC-ի գործադիր տնօրեն Նաթիգ Բախիշովը նշել է՝ TRIPP-ը դուրս է գալիս տարանցման ավանդական ըմբռնումից՝ ինտեգրելով ենթակառուցվածքային ներդրումները, կարգավորող համակարգումը և մասնավոր հատվածի մասնակցությունը մեկ ռազմավարական հայեցակարգի շրջանակներում: Նրա խոսքով՝ միջանցքը դարձել է Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրների հետ ԱՄՆ-ի նորացված փոխգործակցության որոշիչ տարրը՝ «ավելի քան մեկ տասնամյակի ընթացքում առաջին անգամ առաջարկելով շուկայական լուծումներ տարածաշրջանային ինտեգրման և կապի ոլորտում»:

Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի դեսպաններն ու ավագ դիվանագետները կիսվել են տեսակետներով, թե ինչպես է TRIPP նախաձեռնությունը սկսում լրացնել ազգային և տարածաշրջանային զարգացման ռազմավարությունները, բացահայտել միջսահմանային սիներգիաները և բարձրացնել տարածաշրջանային տարանցիկ երթուղիների մրցունակությունը: Այսպիսով, Կենտրոնական Ասիայի երկրները փաստացի ներգրավված են նշված նախաձեռնության մեջ, ինչը բնավ չի սահմանափակում այն Զանգեզուրի միջանցքով, ինչպես Ադրբեջանում անվանում են TRIPP-ը։

«Կապի և համագործակցության սկզբունքները վաղուց առաջ են ընթանում Ադրբեջանի կողմից, որն արդեն ամուր գործընկերային հարաբերություններ է հաստատել Թուրքիայի, Վրաստանի և Կենտրոնական Ասիայի երկրների հետ՝ ստեղծելով հուսալի հարթակ հետագա զարգացման համար։ Այս ազդակն իրական է, և պետք է արագ գործել։ TRIPP-ի՝ որպես միջին միջանցքի առանցքային բաղադրիչի հաջողության ապահովումը չափազանց կարևոր է»,- նշել է Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպան Խազար Իբրահիմը։

Նման գնահատական է տալիս ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Նարեկ Մկրտչյանը.

«Դարձնել TRIPP-ն առանցքային տարր մեր տարածաշրջանային ռազմավարության մեջ։ ԱՄՆ-ի մասնակցությունը կօգնի այս նախաձեռնությունը շոշափելի օգուտների վերածել Հարավային Կովկասի, Կենտրոնական Ասիայի և այլ տարածաշրջանների համար: Ես ողջունում եմ մեր ադրբեջանցի գործընկերների հետ կառուցողական փոխգործակցությունը և այն փաստը, որ քննարկումներն այժմ ընթանում են զարգացման կոնկրետ նախագծերի ուղղությամբ։ Համագործակցության նման գործնական ձևաչափը չափազանց կարևոր է իրական տնտեսական և սոցիալական արդյունքների հասնելու համար»։

Քննարկումների ընթացքում կարևորվել է նաև ամերիկյան ինստիտուտների դերը, հատկապես՝ ԱՄՆ զարգացման միջազգային ֆինանսական կորպորացիայի (DFC), ռիսկերի նվազեցման գործում:

Մասնավոր հատվածի ներկայացուցիչները՝ ներառյալ Google-ը, Bechtel-ը և Tetra Tech-ը, ինչպես նաև տարածաշրջանային առևտրային ասոցիացիաները, կիսվել են արդյունաբերության տեսակետներով և նշել ամերիկյան ընկերությունների աճող հետաքրքրությունը TRIPP-ի և հարակից տարածաշրջանային նախաձեռնությունների կողմից բացված առևտրի և ներդրումների հնարավորությունների նկատմամբ:

Միջոցառման մասնակիցները համակարծիք էին, որ TRIPP-ը եզակի հարթակ է տրամադրում Ամերիկայի ռազմավարական գերակայությունները տարածաշրջանային և միջտարածաշրջանային տնտեսական ինտեգրման գործընթացներին համապատասխանեցնելու համար՝ Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի համար առաջարկելով փոխկապակցվածության մասշտաբային և առևտրային առումով կենսունակ մոդել: USACC-ը վերահաստատել է իր հանձնառությունը խթանելու երկխոսությունը կառավարությունների, ամերիկյան գերատեսչությունների և մասնավոր հատվածի միջև՝ ապահովելու TRIPP-ի հաջող իրականացումը և դրա երկարաժամկետ ազդեցությունը:

Դատելով արտահայտված գնահատականներից և թեզերից՝ առանց սահմանների առևտրի և համընդհանուր բարգավաճման մասին խոսակցությունների քողի տակ ակտիվորեն առաջ է մղվում հետխորհրդային Կովկասի երեք պետությունների տարածաշրջանային դաշինքի գաղափարը Սպիտակ տան բիզնես-«տանիքի» տակ՝ դրա հետագա տարածմամբ Կենտրոնական Ասիայի երկրներ։ Ինչպես աշխարհագրական դիրքի, այնպես էլ տարածաշրջանային հավակնությունների պատճառով կապող օղակի դերին հավակնում է Ադրբեջանը, որի տարածքում հատվում են միջօրեական և լայնական տրանսպորտային երթուղիները:

Ադրբեջանի նախկին արտգործնախարար Թոֆիկ Զուլֆուգարովի խոսքով՝ «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքն ու «Թրամփի ճանապարհը», իրացման դեպքում, փոխլրացնելու են միմյանց. դեռ խորհրդային տարիներին Անդրկովկասյան երկաթուղին Ջուլֆայով միացվել է Իրանին, և այդ հանգույցը Մեղրիի շրջանում և Նախիջևանում անհրաժեշտ վերականգնողական աշխատանքներից հետո կարող է աշխատել ի շահ ողջ տարածաշրջանի:

Միևնույն ժամանակ, Բաքվում ուշադրություն են դարձրել Փաշինյանի՝ Ռուսաստանին ուղղված կոչին՝ շտապ կարգով «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ուժերով վերականգնել Երասխից մինչև Նախիջևանի սահման, Ախուրիկից մինչև Թուրքիայի սահման, ինչպես նաև Իջևանից (Տավուշ) մինչև Ղազախ հատվածները:

Արդյո՞ք Երևանում չեն ցանկանում փոխարինել Ռուսաստանի համար ոչ այնքան ցանկալի «Թրամփի երթուղին» ավելի վաղ Փաշինյանի հայտարարած «խաղաղության խաչմերուկով»։ «…Եթե նրանք ցանկանում են վերականգնել այդ հաղորդակցությունները նախքան TRIPP-ի գործարկումը, ապա ես կարծում եմ, որ իմաստ ունի դիտարկել նաև այնպիսի հարց, ինչպիսին է, օրինակ, այդ երկաթուղու նկատմամբ մեր սեփականության իրավունքի վերականգնումը,- շարունակում է Բաքվի դիվանագիտության նախկին ղեկավարը՝ նկատի ունենալով խորհրդային տարիներին ադրբեջանական երկաթուղիներին ենթարկվող Մեղրիի հատվածը։  -Եվ այդ ժամանակ մենք ինքներս կվերականգնեինք այդ երկաթուղին և հնարավորություն կտայինք նաև կոմերցիոն հիմունքներով օգտվել դրանից հայկական կողմին»։

Բաքուն որոշել է հայ-թուրքական և հայ-իրանական սահմաններից ռուս սահմանապահների դուրսբերման ժամկետները, Փաշինյանի կառավարությունը կարող է խլել երկրի երկաթուղիների կառավարումը Ռուսական երկաթուղիներից, ենթադրում է քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը։  Ըստ Փաշինյանի, որը լրագրողներին պատմել է Սանկտ Պետերբուրգում Ռուսաստանի նախագահի հետ իր բանակցությունների մասին, «Հայաստանի կառավարությունը կարող է [Հարավկովկասյան երկաթուղու] կոնցեսիայից դուրս բերել [Ադրբեջանի և Թուրքիայի հետ սահմանակից] վերոնշյալ հատվածները 2008-2038 թթ. ժամանակահատվածի համար, և մենք այդ վերանորոգման աշխատանքները կիրականացնենք մեր պետական բյուջեի միջոցների հաշվին, եթե հանկարծ պարզվի, որ Ռուսաստանը որևէ խնդիր ունի կամ որևէ խնդիր է տեսնում այդ աշխատանքների կատարման հետ կապված»:

Մինչդեռ, Հարավային Կովկասի հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ֆարհադ Մամեդովի սոցիալական ցանցերում արված գրառումից հետևում է, որ Բաքվում արդեն առաջարկներ են ձևակերպել Փաշինյանի համար Մոսկվայի հետ նրա երկխոսության պարամետրերի վերաբերյալ:

«… -ԵԱՏՄ անդամակցություն-Հայաստանը հայտարարում է՝ ԵԱՏՄ-ն միակ երկիրն է, որը սահման չունի ԵԱՏՄ այլ երկրների հետ և կարող է բացառության ձևով առանց ԵԱՏՄ կանոնների իր տարածքով բաց թողնել այլ պետությունների ապրանքներն ու բեռները:

– Հարավկովկասյան երկաթուղու կողմից հայտարարվել է, որ TRIPP տեղամասը նրա պատասխանատվության գոտի չէ։  Փաշինյանը նույնիսկ ավելի հեռուն գնաց՝ խաղալով իրավիճակի վրա՝ առաջարկելով ՀԿԵ-ին ներդրումներ սկսել երկաթգծի տեղամասերում, որպեսզի Հայաստանի երկաթուղին կապի Ադրբեջանի հետ երկու վայրում (Նախիջևան և Ղազախ) և Թուրքիայի հետ (Գյումրի-Կարս)։  Դա տրոլինգ է, դեռ պաշտոնական խնդրանք չկա: Բայց պետք է լինի, և կոնցեսիոն պայմանագրի համաձայն՝ ՀԿԵ-ն պետք է (!) ներդրումներ կատարի. դա նրա պարտավորությունն է: Եթե հրաժարվի, ապա Հայաստանի կառավարությունը կարող է դադարեցնել կոնցեսիոն պայմանագիրը:

– Ռուսաստանի Սահմանապահները: Սրանով Հայաստանում կձգձգեն մինչև ընտրությունները, Փաշինյանի հաղթանակի դեպքում հաջորդ տարվա վերջին Հայաստանը կարող է բարձրացնել ռուս սահմանապահներին իրանա-հայկական և հայ-թուրքական սահմաններից դուրս բերելու հարցը»:

Ընդհանուր առմամբ տեսանելի է՝ ուղեցույցի հասցեատերն առանձնապես չի շեղվում (որոշ առումներով, գուցե նույնիսկ ստեղծագործաբար կատարելագործում է դրանք), այնպես որ, հնարավոր է՝ 2026 թվականի համար ամեն ինչ արդեն քիչ թե շատ կանխորոշված է: Մոսկվայում առայժմ հետևում են տեղի ունեցող իրադարձություններին՝ պարբերաբար հիշեցնելով փոքր կովկասյան երկրի համար Ռուսաստանի հետ համագործակցության կարևորության մասին։ Այսպես, Երևանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը «Ноев Ковчег»-ին տված հարցազրույցում ենթադրել է, որ TRIPP նախագծի իրականացումը կարող է որոշ չափով «անդրադառնալ» Հայաստանի անդամակցությանը ԵԱՏՄ-ին։  Միևնույն ժամանակ, Մոսկվայի դիրքորոշումը կձևակերպվի այն բանից հետո, երբ նախաձեռնությունը կոնկրետ ուրվագծեր ստանա։

ԱԼԵՔՍԵՅ ԲԱԼԻԵՎ

vpoanalytics.com

Թարգմանությունը՝ Ժաննա Ավետիսյանի

Տեսանյութեր

Լրահոս