Թուրքիան՝ ԱՄՆ-ի հարավկովկասյան բացահայտված մենեջեր․ ԱՄՆ-ը Երևան-Բաքու գործընթացում չի՞ գործում որպես չեզոք միջնորդ
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանն ամփոփել է 2025 թվականի աշխարհաքաղաքական ու ռեգիոնալ իրադարձություններն, անդրադառնալով նաև Հարավային Կովկասին ու ռեգիոնում թուրք-ամերիկյան համակարգմանը։ TRT Haber-ին տված հարցազրույցում Ֆիդանը հայտարարել է՝ 2025 թվականը դիվանագիտության համար չափազանց լարված տարի է եղել։
Նա հավելել է, որ նոր տարվա առաջին օրերի զարգացումները ցույց են տալիս՝ 2026 թվականն ավելի մարտահրավերներով լի է լինելու։ «Մենք 2026 թվական ենք մտնում ճգնաժամերի ստվերում»,- ասել է Ֆիդանը։
Նա նշել է, որ տարվա հենց սկզբում մեկը մյուսի հետևից ճգնաժամեր բռնկվեցին Եմենի, Սոմալիլենդի, Իրանի, Վենեսուելայի և Գրենլանդիայի շուրջ։ Ֆիդանի խոսքով, դրանք խնդիրներ են, որոնք փոխանցվել են նախորդ տարվանից և վերածվել նոր ձևաչափերի։
«Այն փաստը, որ այս ամենը տեղի է ունենում տարվա առաջին օրերին, նշան է այն բանի, թե ինչ է սպասվում»,- նկատել է նա։
Հաքան Ֆիդանը նշել է՝ Անկարան գործում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի ձևակերպած «արդար և կայուն խաղաղության» սկզբունքի շրջանակներում։
Ըստ նրա՝ Թուրքիան ինտենսիվ ջանքեր է գործադրել Ուկրաինայում պատերազմի, Կովկասում իրավիճակի և սիրիական հարցի շուրջ լարվածությունը նվազեցնելու համար։
«ԱՄՆ-ի և Թուրքիայի նպատակները համընկնում են, այդ թվում՝ Հարավային Կովկասում»,- հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարարը:
Նրա կարծիքով՝ այս համընկնումները վերաբերում են ամեն ինչին՝ Ռուսաստանից մինչև հայ-ադրբեջանական իրավիճակ, Սիրիայից մինչև այլ տարածաշրջաններ։
Թուրք նախարարը նաև ասել է, թե Վաշինգտոնը Երևանին դրդում է Բաքվի հետ խաղաղություն կնքել: Նա նաև գովել է Թրամփին՝ Ադրբեջանին «կարևորելու» համար:
Տարեսկզբին հարցազրույց էր տվել նաև Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևը։ Ի թիվս այլ հարցերի՝ նա անդրադարձել էր Թրամփի արտաքին քաղաքականությանն, իր անթաքույց հավանությունը ցուցաբերելով դրան ԱՄՆ-ի՝ Վենեսուելայի օպերացիայի ֆոնին։ «ԱՄՆ-Ադրբեջան հարաբերություններում իրավիճակը կտրուկ փոխվել է Թրամփի վարչակազմի իշխանության գալուց ի վեր։ ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունները հասել են նոր մակարդակի, և մենք, բնականաբար, սպասում ենք, որ Կոնգրեսը կչեղարկի 907-րդ անարդար, հնացած փոփոխությունը, որն այսօր թվում է լիովին աբսուրդային»,- ասել էր Ադրբեջանի նախագահը՝ գովելով Թրամփի վարչակազմին Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու համար։
Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի դիտարկումները մեզ հիշեցնում են ամիսներ առաջ ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հայտարարությունը։
ԱՄՆ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը հայտարարել էր, թե պարբերաբար խորհրդակցում է թուրք պաշտոնյաների հետ Հարավային Կովկասին առնչվող հարցերի վերաբերյալ: Նա մանրամասնել է, որ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմ Բարրաքի միջոցով Ադրբեջանի, Հայաստանի և Ուկրաինայի հետ կապված հարցերի շուրջ խորհրդակցում է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի և Ազգային հետախուզական կազմակերպության ղեկավար Իբրահիմ Քալընի հետ:
ԱՄՆ նախագահի ներկայացուցիչը նշել էր, թե Դոնալդ Թրամփի վարչակազմը խրախուսում է նման շփումները: «Օրինակ, ես զանգահարում եմ Թոմին և հարցնում, թե ինչ կարծիք ունի Իբրահիմն այս կամ այն հարցի վերաբերյալ։ Ես կարող եմ շատ նման օրինակներ բերել»,- ասել էր Ուիթքոֆն ամիսներ առաջ Նյու Յորքում Concordia ամենամյա գագաթնաժողովին ելույթի ընթացքում: Ըստ նրա՝ թուրք դիվանագետներն ու հետախուզությունն էական դեր ունեն տարածաշրջանային հարցերում ԱՄՆ-ի ղեկավարի թիմի համար։
Հայաստանի համար կենսական է ճիշտ ախտորոշել ձևավորվող աշխարհաքաղաքական համակարգը։ Հարավային Կովկասը մեծ տերությունների հետաքրքրությունների խաչմերուկում է, որտեղ որոշ ավանդական դերակատարներ թուլանում են, իսկ որոշներն՝ ուժեղանում։ Հարավային Կովկասում առաջատար դերակատարության համար պայքարում Թուրքիան արդեն ոչ միայն տարածաշրջանային խաղացող է, այլ նաև Արևմուտքի համար գործընկեր և մենեջեր։ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի և ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հայտարարությունները հաստատում են փորձագիտական կարծիքները, որ ԱՄՆ-ը Հարավային Կովկասում իր միջնորդական և քաղաքական ներգրավվածությունը կառուցում է Թուրքիայի վրա՝ որպես տարածաշրջանային մենեջերի։
Ռուս թուրքագետ Վիկտոր Նադեին-Ռաևսկին 168.am-ի հետ զրույցում ասաց, որ Հաքան Ֆիդանի հայտարարությունը, թե Թուրքիան և ԱՄՆ-ը համակարծիք են գլոբալ մի շարք զարգացումների հարցում, դիվանագիտական սովորական ձևակերպում չէ։
Ըստ վերլուծաբանի, այն ազդարարում է, որ տարածաշրջանի վերաբերյալ քաղաքական ընկալումները, լուծումների տեսլականը համադրվում են Անկարայի և Վաշինգտոնի միջև։
«ԱՄՆ-ը տարածաշրջանի մասին տեղեկատվություն, գնահատականներ և առաջարկներ ստանում է թուրքական քաղաքական ու դիվանագիտական դիտանկյունից։ Խոսքը ոչ թե պարզապես խորհրդակցությունների, այլ միջնորդական մոդելի մասին է, որտեղ Թուրքիան դառնում է ԱՄՆ-ի համար հիմնական հենակետը Հարավային Կովկասում։ Թուրքիան, որպես տարածաշրջանային մենեջեր, հետևողականորեն աշխատում է, օգտվում այլ դերակատարների շուրջ զրագացումներից, ամրապնդելով սեփական դերակատարությունը, լինելով Ադրբեջանի գլխավոր դաշնակիցը, Ադրբեջանի հետ հանդես գալով որպես կամուրջ Արևմուտքի և թյուրքական աշխարհի կամ Արևմուտքի ու Կենտրոնական Ասիայի միջև»,- ասաց Վիկտոր Նադեին Ռաևսկին։
Սա, նրա կարծիքով, Հայաստանի համար նշանակում է, որ ԱՄՆ-ը տարածաշրջանում չի գործում որպես անկախ, չեզոք միջնորդ, քանի որ նրա քաղաքականությունը մեծապես համադրված է Թուրքիայի պատկերացումներին և շահերին։
«Իսկ թե Թուրքիայի շահերը Հարավային Կովկասում որքանով են համընկնում հայկական անվտանգային և պետական շահերի հետ, պետք է մտածեն Հայաստանում։ Բայց այնուամենայնիվ սա, ըստ իս, նշանակում է, որ Հայաստանը պետք է հրաժարվի այն սպասումից, թե արևմտյան միջնորդությունը ինքնաբերաբար հավասարակշռող կամ հակակշռող դեր կխաղա թուրք-ադրբեջանական տանդեմի նկատմամբ։ Ընդհակառակը, ներկա միտումները վկայում են, որ Արևմուտքի ներգրավվածությունը կարող է խորացնել Թուրքիայի դիրքերը տարածաշրջանում, ոչ թե սահմանափակել դրանք։ Սա նշանակում է, որ այս հանգամանքը գերիշխող է լինելու ապաշրջափակման գործընթացում»,- ասաց Վիկտոր Նադեին Ռաևսկին՝ հավելելով, որ սա հասկանալը առանցքային հանգամանք է արտաքին քաղաքականության մշակման հարցում։



