Աշխարհը սրընթաց գնում է խոշոր պատերազմի, իսկ այս անմեղսունակները սրտիկ են ցույց տալիս, հարձակվում եկեղեցու վրա․ Արթուր Խաչիկյան

Քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանն այն կարծիքին է, որ ամբողջ աշխարհը սրընթաց գնում է դեպի խոշոր միջազգային պատերազմ, բախում, և գուցե աշխարհի բաժանում ազդեցության գոտիների՝ գերտերությունների և ռեգիոնալ տերությունների միջև։

168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում նա նախ անդրադարձավ Իրանում առկա իրավիճակին՝ շեշտելով, որ Իրանում տնտեսական փլուզում է տեղի ունենում, ինչը բացատրվում է և՛ տնտեսական ճնշումներով, և՛ նախորդ տարի Իրանի վրա տեղի ունեցած հարձակմամբ։

«Մեծ վտանգ կա, որ Իրանում կարող է լինել միջազգային միջամտություն․Թրամփը հայտարարել է, որ եթե այնտեղ մարդիկ սպանվեն, նա ուժ կկիրառի։ Սա շատ մեծ ռիսկ է և՛ ռեգիոնի համար, և՛ մեզ համար։ Եթե այս անկայունությունը տարածվի Իրանի հասարակության մեջ, կարող է սկսվել քաղաքացիական պատերազմ, անկայունություն, էթնիկ կոնֆլիկտի, քաոսի։ Հայաստան կարող են գալ փախստականներ, մենք կարող ենք զրկվել մեր քիչ, թե շատ միակ վստահելի գործընկերոջ օգնությունից մեր ռեգիոնում։ Սա կուժեղացնի Թուրքիայի, Ադրբեջանի, Իսրայելի և ԱՄՆ-ի ազդեցությունը մեր ռեգիոնում, կնվազեցնի և՛ Իրանի, և՛ Իրանից կախված խմբերի ազդեցությունը։ Սա նաև հարված է ՌԴ շահերին։ Սա մեզ համար շատ վատ է»,- ընդգծեց նա։

Կարդացեք նաև

Անդրադառնալով այս իրավիճակում Հայաստանի իշխանությունների գործողություններին, նա դրանք որակեց ռեալիթի շոու․ «Այս ռեալիթի շոուն հիմա անցել է հաջորդ սերիային՝ հարձակվում են եկեղեցու վրա՝ փոխանակ ապահովեն մեր անվտանգությունը։ Մեր շուրջը կարող է այնպիսի պատերազմ սկսվել, որ Հայաստանը ոչ ոք չի էլ հիշի։ Եթե Իրանում սկսվեն քաղաքացիական բախումներ, պատերազմ, սա կոնտեքստ կստեղծի նրա համար, որ Ադրբեջանն ու Թուրքիան լինեն շատ խորամանկ, պատճառ հնարեն, որպեսզի Սյունիքի հարցն ուժով լուծեն, և դա ոչ ոք չի նկատի, ինչպես չնկատեցին Արցախի հայաթափումը»։

Ըստ նրա՝ Ալիևն այս իրավիճակում որպես ռեալիստ է մտածում, դրա համար նա հաղթեց․ «Իսկ մենք փողոցից իշխանության բերեցինք անմեղսունակ մարդկանց, որոնք չգիտեին պետություն ղեկավարելն ինչ է, պատերազմ ղեկավարելն ինչ է, դիվանագիտությունն ու բանակցություններն ինչ են, ամեն ինչ տապալեցին, հիմա զբաղված են գոռգոռալով, փողոցներում երթեր անելով, սրտիկներ ցույց տալով, ֆեստիվառներով, փառատոններով, հեծանիվ քշելով, հիմա էլ մեր սեփական եկեղեցու վրա հարձակվելով։ Սա խմած մարդու երազ է»։

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս