Իրանի գլխավոր դատախազը հանձնարարել է նախապատրաստվել անկարգությունների մասնակիցների դատավարությանը
Իրանի գլխավոր դատախազ Մոհամադ Մովահեդի Ազադը հայտարարել է, որ դատախազությունները պարտավոր են մանրակրկիտ և անհապաղ՝ մեղադրական եզրակացություններ կայացնելու միջոցով, նախապատրաստվել դատական քննությանն ու վճռականորեն կանխել այն անձանց գործողությունները, որոնք, դավաճանելով ժողովրդին և ստեղծելով անապահով միջավայր, ձգտում են երկրում օտար ուժերի գերիշխանության հաստատմանը, հայտնում է Tasnim-ը։
Ըստ լրատվամիջոցի, այս գործով բոլոր հանցագործները «մոհարեբ» են։
«Գործերի քննությունը պետք է ընթանա առանց որևէ զիջման, ներողամտության, մեղմության կամ թողտվության դրսևորման։ Անկարգությունների բոլոր հրահրողների նկատմամբ մեղադրանքները նույնն են։ Նշանակություն չունի՝ խոսքն այն անձի մասին է, որը կործանարար գործողությունների, անվտանգությանն ու ժողովրդի հանրային գույքին հարված հասցնելու համատեքստում օգնել է անկարգությունների հրահրողներին ու ահաբեկիչներին, թե այն վարձկանների, որոնք զենք են վերցրել և քաղաքացիների շրջանում վախ ու սարսափ տարածել։
Այդ անձինք չպետք է հայտարարեն, թե մոլորության մեջ են եղել, քանի որ թշնամու նպատակների վերաբերյալ անհրաժեշտ նախազգուշացումները նրանց տրվել են։
Հանրային ամբիոններից հանդես եկողները և վիրտուալ տիրույթի ակտիվիստները պետք է ուշադիր լինեն իրենց խոսքի և վարքագծի նկատմամբ»,- գրում է իրանական լրատվամիջոցը։
«Մոհարեբ» տերմինը վերաբերում է իսլամական իրավունքին և իրանական իրավական համակարգում օգտագործվում է այն անձի նկատմամբ, որն իր գործողություններով փաստացի պատերազմ է մղում պետության և հասարակության դեմ։
Իրանի քրեական իրավունքում «մոհարեբի» մեղադրանքը համարվում է պետական անվտանգության դեմ ուղղված ամենածանր հանցագործություններից մեկը և նախատեսում է չափազանց խիստ պատիժներ՝ ընդհուպ մահապատիժ։



