Ադրբեջանը դուռ է բացում նոր նախապայմանների համար

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը տարեվերջյան ասուլիսում անդրադարձել է Հայաստանի հետ երկխոսությանը ու խաղաղության համաձայնագիր ստորագրելու հեռանկարին: Նա նշել է, որ 2026թ․ Ադրբեջանը կշարունակի երկխոսությունը Հայաստանի հետ խաղաղության գործընթացի հետագա առաջմղման համար։ Նախարարը նշել է, որ TRIPP-ն ընդլայնում է միասնությունը տարածաշրջանում:

«Ավելի շատ ջանքեր են գործադրվել Ադրբեջանի և Հայաստանի միջև վստահության ստեղծման համար»,- ասել է Բայրամովը։

Նա ավելացրել է, որ «2025թ․, նոր աշխարհաքաղաքական իրողություններին համապատասխան, ադրբեջանա-հայկական խաղաղ գործընթացում ձեռք են բերվել կարևոր հաջողություններ և կատարվել են նշանակալի քայլեր»։ Նա նշել է, որ վստահության ամրապնդման միջոցառումների շրջանակներում երկու երկրներում էլ անցկացվել են քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հանդիպումներ։

«Նոյեմբերին Գաբալայում տեղի է ունեցել ադրբեջանական և հայկական կողմերի միջև սահմանների սահմանազատման վերաբերյալ հանդիպում։ Նախկինում՝ հունվարին և փետրվարին, նման հանդիպումները անցկացվել են առցանց։ Թույլտվություն է տրվել նաև ղազախական հացահատիկի տարանցման համար դեպի Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով։ Սակայն, որպեսզի վերջնական խաղաղության համաձայնագիր կնքվի, պետք է կատարվեն մեր կողմից նշված պայմանները»,- ընդգծել է Բայրամովը: Նրա որակմամբ, նախաստորագրված խաղաղության համաձայնագրի ստորագրումը հնարավոր է միայն այն դեպքում, եթե Հայաստանը փոփոխություններ կատարի իր սահմանադրության մեջ և լիովին կատարի TRIPP նախագծով ստանձնած իր պարտավորությունները։

Կարդացեք նաև

Բայրամովը հավելել է, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումը կարևոր քայլ է դարձել տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու ուղղությամբ։ Նա նշել է, որ Վաշինգտոնի գագաթնաժողովը զգալի ներդրում է ունեցել այս գործընթացում։

Ջեյհուն Բայրամովի հայտարարությունը, ըստ որի՝ Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի ստորագրման համար Հայաստանը պետք է ամբողջությամբ կատարի TRIPP-ի պարտավորությունները, փաստացիորեն նշանակում է նոր նախապայմանի առաջադրում։ Մինչ այս նման պահանջ չի ձևակերպվել՝ որպես պայմանագրի ստորագրման պարտադիր և հստակ պայման, ինչը ցույց է տալիս, որ Բաքուն կրկին փոխում է խաղի կանոնները գործընթացի ընթացքում։

Սա մեկուսացված դրվագ չէ, այլ շարունակական ռազմավարության մաս․ Ադրբեջանը խաղաղության գործընթացը պահում է բաց ու անավարտ վիճակում՝ պարբերաբար առաջադրելով նոր պահանջներ։ Այս քաղաքականության հիմնական նպատակը գործընթացի լիարժեք վերահսկումն է։

Վերջնական համաձայնագրի ստորագրումը կնշանակի պարտավորությունների ֆիքսում նաև Ադրբեջանի համար, մինչդեռ բաց գործընթացը թույլ է տալիս շարունակել քաղաքական, դիվանագիտական և անվտանգության ճնշումը Հայաստանի նկատմամբ։ Միևնույն ժամանակ ձևավորվում է «չկատարող կողմի» կերպարը, որը Բաքուն ակտիվորեն օգտագործում է արտաքին և ներքին լսարանների համար։

TRIPP-ի ամբողջական կատարման պահանջը հատկապես վտանգավոր է, քանի որ այն չունի հստակ սահմանումներ և փոխադարձ բնույթ։ Այն կարող է դառնալ անընդհատ վերաիմաստավորվող պահանջ, որի «ոչ լիարժեք կատարումը» ցանկացած պահի կօգտագործվի՝ որպես խաղաղության հետաձգման արդարացում։ Այսպիսով՝ նույնիսկ պահանջի կատարումը չի երաշխավորում համաձայնագրի ստորագրում, այլ կարող է պարզապես բացել դուռը նոր նախապայմանների համար։

Արդյունքում՝ խաղաղությունը, որի դիսկուրսն առաջ է մղվում ՀՀ իշխանությունների կողմից, վերածվում է ոչ թե վերջնական նպատակի, այլ ճնշման գործիքի։ Սա ստեղծում է մի իրավիճակ, որտեղ խաղաղության օրակարգը չունի բովանդակություն և վերածվում է անվերջ պայմանների շղթայի։

Ռուս վերլուծաբան Վլադիմիր Եվսեևի դիտարկմամբ՝ սա ցույց է տալիս այն, որ վաշինգտոնյան պայմանավորվածությունները փաստացիորեն չեն փոխել հայ-ադրբեջանական հարաբերություններում առկա այդ ճնշումների ու նախապայմանների քաղաքականությունը:

Ըստ նրա, ճանապարհի շուրջ պայմանավորվածությունը և խաղաղության համաձայնագիրն առանձին բաղադրիչներ են և կապ չունեն միմյանց հետ, ուստի դրանց փոխկապակցումն անհասկանալի է, ինչպես և այն պահանջը, որ ՀՀ-ն պետք է փոխի Սահմանադրությունը:

Սա, նրա որակմամբ, ցույց է տալիս, որ ադրբեջանական կողմը դուրս չի եկել «հաղթողի» զգացումից և շարունակում է հետպատերազմյան քաղաքականությունը, հնարավորինս երկարաձգելով վերջնական խաղաղության հաստատումը և հետաձգելով համաձայնագրի ստորագրումը: «Սրա նպատակն այդ ընթացքում հնարավորինս շատ առավելություններ ստանալն է ռեգիոնում և պայմանավորվածությունների օրակարգում: Դա, կարծում եմ, կշարունակվի, քանի դեռ չկա բալանսավորող միջնորդ այս բանակցություններում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Եվսեևը:

Տեսանյութեր

Լրահոս