Սա ծուղակ է․ Փաշինյա՞նն է այդ 10 եպիսկոպոսների կաթողիկոսը, որ նրան են դիմել․ Սամվել Լուլուկյան
Գերմանահայոց Կենտրոնական խորհրդի վարչության անդամ Սամվել Լուլուկյանը շեշտում է՝ իշխանությունների կողմից եկեղեցու դեմ կատարվող քայլերը հակասահմանադրական են։
«Մայր Աթոռի նկատմամբ այս ճնշումներն օրենքի սահմանի մեջ չեն, և այդ իրավասությունը գործադիր իշխանությունը չունի՝ խառնվել Հայ Առաքելական եկեղեցու ներքին գործերի մեջ, հատկապես՝ կանոնադրական։ Ինչ վերաբերում է 10 եպիսկոպոսների հայտարարությանը, դա սադրիչ գործողություն է։
Ես ողջունում եմ, որ մեր հայրենակիցները պատրաստ են պաշտպանել Մայր Աթոռը, բայց պետք է զգույշ լինեն, որովհետև սա սադրանք է, որի միջոցով փորձում են այնտեղ գործողություններ հրահրել, որպեսզի կարողանան ուժային կառույցներին մտցնեն այնտեղ, և լեգիտիմ հնարավորություն ստեղծվի իշխանությունների համար, որ մտնեն Մայր Աթոռ։ Սա շատ վտանգավոր երևույթ է»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա։

Իշխանությունների չմասնակցելը Մայր Աթոռի հավաքին նա ծուղակ է համարում․ «Որպես կանոնավոր ցույց՝ դա գրանցված չէ, այդ իսկ պատճառով պետք է շատ ուշադիր լինել»։
Նա հիշեցրեց Փաշազադեի հայտարարությունը, որից ստացվում է, որ Ադրբեջանը Հայաստանն ինքնիշխան պետություն չի համարում, և միակ խոչընդոտը Մայր Աթոռն է, որը Փաշազադեն որպես Վատիկան է պատկերացնում․ «Սա շատ վտանգավոր հայտարարություն է և տեղավորվում է «Արևմտյան Ադրբեջան» կեղծ օրակարգի մեջ։ Որոշ ժամանակ իշխանության ներկայացուցիչները հայտարարում էին, թե «Արևմտյան Ադրբեջան»-ը կեղծ օրակարգ է, բայց Բեռլինում Փաշինյանն ինքը լեգիտիմացրեց Ալիևի այդ խոսույթը՝ «Արևմտյան Ադրբեջան», որը շատ վտանգավոր է։ Պատկերացնո՞ւմ եք՝ Բեռլինում այդպիսի խոսույթ մտցվի։ Ինձ համար ավելի մտահոգիչ է՝ ինչ է մտածում հայ ժողովուրդը, հայ քաղաքացին, ընդդիմությունը»։

Նա ամոթալի է համարում 10 եպիսկոպոսների կողմից եկեղեցական հարցերի բարձրացումը՝ եկեղեցուց դուրս․ «Եկեղեցին, իհարկե, ունի իր խնդիրները, և նրանք կարող են հարցը բարձրացնել տարբեր եպիսկոպոսական ժողովներին, բայց նրանք դուրս հանեցին այդ խնդիրները և գնացին վարչապետի հետ հանդիպման։ Վարչապե՞տն է իրենց կաթողիկոսը։ Սա անընդունելի է։
Եվ այն վարչապետի հետ հանդիպում, որը վիրավորում է հավատացյալներին և Հայ Առաքելական եկեղեցու նկատմամբ նման անհարգալից վերաբերմունք է դրսևորում։ Այս առումով՝ կարևոր է, որ օրակարգն ազգային ուժերը թելադրեն»։
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում
