Ռուսաստանը Հարավային Կովկասում նոր հա՞յտ է ներկայացնում. Ո՞ւմ համար էին ՌԴ ԱԳՆ  ներկայացուցչի ուղերձները

ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Կալուգինը,  անդրադառնալով Հարավային Կովկասում ՌԴ շահերին ու հետաքրքրություններին, մի շարք ուշագրավ մեկնաբանություններով է հանդես եկել:

Նա նշել է, որ Կովկասում ՌԴ-ի հիմնարար շահը տարածաշրջանում խաղաղությունն ու զարգացումն է. «ՌԴ շահերը Հարավային Կովկասում անսասան են։ Մեր գլխավոր մտահոգությունն այնտեղ կայունության և բարգավաճման գոտու պահպանումն է, որպեսզի կարողանանք համագործակցել տարածաշրջանի երկրների հետ՝ դրա ներուժը բացահայտելու և բարիդրացիական հարաբերություններն ամրապնդելու համար։ Ռուսաստանի հիմնարար շահը Կովկասում խաղաղությունն ու զարգացումն է՝ կանխելով դրա քաոսի վերածվելը»։

Կալուգինի բնորոշմամբ՝ Ռուսաստանը ոչ թե պարզապես Հարավային Կովկասի հարևանն է, այլ ինքնին կովկասյան տերություն է։ «Մենք Կովկասյան լեռնաշղթայի հարավային կողմում գտնվող ժողովուրդների հետ միավորված ենք դարավոր բարեկամությամբ, ընդհանուր պատմության փառահեղ գլուխներով, քաղաքակրթական մտերմությամբ և միլիոնավոր ընտանեկան ու ազգակցական կապերով։ Երկար ժամանակ մենք ապրել ենք՝ որպես մեկ պետության մաս։

Մի ժամանակ Ռուսաստանի հետ մերձեցումը թույլ էր տալիս տարածաշրջանի ժողովուրդներին պահպանել իրենց ինքնությունը։ Հարավային Կովկասի հանրապետությունների պետական ​​հիմքերի ձևավորումը տեղի է ունեցել խորհրդային ժամանակաշրջանում»,- ասել է Կալուգինը։

Կարդացեք նաև

Նա նաև համոզմունք է արտահայտել, որ ՌԴ-ի ու Կովկասի երկրների միջև գոյություն ունեցող եզակի հարաբերությունները չեն տուժում ժամանակից և արտաքին ճնշումից, իսկ տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունները միշտ անմիջականորեն ազդել են ՌԴ  արտաքին և ներքին անվտանգության շահերի և տնտեսության վրա։

Անդրադառնալով Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին՝ ռուս դիվանագետն  առաջարկել է վերջնական փաստաթուղթը ստորագրել ՌԴ միջնորդությամբ․ «Այսօր Բաքուն և Երևանը վարում են հիմնականում ուղիղ երկխոսություն՝ առանց միջնորդների։

Երկու հանրապետությունների ԱԳ նախարարները նախաստորագրել են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության և միջպետական ​​հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի տեքստը։ Հաշվի առնելով ռուսական կողմի և անձամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ներդրումը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում՝ մենք ուրախ կլինենք մեր գործընկերներին հյուրընկալել մեր հարթակում՝ վերջնական փաստաթուղթը ստորագրելու համար»։

Նա նաև ասել է, թե Ռուսաստանը Հարավային Կովկասում առաջ է մղում «տարածաշրջանային խնդիրների տարածաշրջանային լուծումներ» սկզբունքը, որը հիմք է հանդիսանում 3+3 տարածաշրջանային համագործակցության հարթակի  աշխատանքի համար:

«Տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման հարցում Ռուսաստանը, Ադրբեջանը և Հայաստանը կարողացան 2021-2023թթ. մշակել մի շարք փոխադարձաբար ընդունելի լուծումներ՝ փոխվարչապետների համանախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում»,- նշել է Կալուգինը:

Նա նշել է, որ այս համաձայնագրերի արդիականությունը ճանաչվում է և՛ Բաքվում, և՛ Երևանում, այդ թվում՝ «Թրամփի ճանապարհի»՝ հարավային Հայաստանի միջով Ադրբեջանի մայրցամաքային տարածքից դեպի Նախիջևան տարանցիկ երթուղու վերաբերյալ:

«Հայ-ամերիկյան նախագծի մանրամասները դեռ պետք է ուսումնասիրվեն: Մենք պատրաստ ենք խորհրդակցել մեր հայ գործընկերների հետ՝ քննարկելու՝ ինչպես նախաձեռնության պարամետրերը, այնպես էլ՝ ՌԴ-ի հնարավոր մասնակցությունը: Դրա համար կան բավարար հիմքեր: Ըստ էության, մեր առջև Եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում համաձայնեցված երթուղու մի հատված է: Մեր ընկերությունը՝ «Հարավկովկասյան երկաթուղիները», որը «Ռուսական երկաթուղիների» դուստր ձեռնարկություն է, ունի ՀՀ-ի երկաթուղային ցանցի կառավարման կոնցեսիա»,- ասել է Կալուգինը:

Նրա խոսքով՝ տարածաշրջանն օգտագործում է ռուսական երկաթուղային գիծը: «Ճանապարհը մեծ մասամբ կանցնի մեր սահմանապահների պատասխանատվության տարածքով: Պետք է հաշվի առնել նաև Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին: Ակնհայտ է, որ մեր գործընկերները չեն կարող գործել առանց ՌԴ-ի»,- ընդգծել է Կալուգինը։

Ըստ էության, սա առաջին անգամն է, երբ Ռուսաստանը հրապարակային, պաշտոնապես հայտ է ներկայացնում «Թրամփի ուղի» նախագծին մասնակցելու համար մի իրավիճակում, երբ Երևանն ու Բաքուն ԵՄ-ին են հրավիրում մասնակցել  տարածաշրջանային ենթակառուցվածքային նախագծերին: Վերջերս Բրյուսելում հայ լրագրողների հետ հանդիպմանը, խոսելով «Թրամփի ուղի» նախագծում ԵՄ-ի հնարավոր ներգրավվածության մասին, ԵՄ ընդլայնման քաղաքականության հարցերով բարձր հանձնակատար Մարթա Կոսը հիշեցրել էր, որ Եվրամիությունն ԱՄՆ-ի հետ այդ հարցով քննարկումների մեջ է՝ աչքի առաջ ավելի լայն՝ ընդհանուր կապակցվածության պատկերն ունենալով։

«Խոսքը Կենտրոնական Ասիայից դեպի Եվրոպա ճանապարհի մասին է: Սա ընդամենը 42 կիլոմետր ճանապարհ է: Մեզ համար շատ կարևոր է, որ ինչ էլ անենք, լինի ոչ միայն այս 42 կիլոմետր հատվածի մասին, այլև այն ամենի մասին, ինչ գնում է դեպի արևելք և ինչ գնում է դեպի արևմուտք, և դա արվի միաժամանակ»,- ասել էր Կոսը՝ հավելելով, որ իրենք նույնպես ունեն  գաղափարներ նախագծի վերաբերյալ:

«Մենք այս հարցերը քննարկում ենք նաև Թուրքիայի և Ադրբեջանի հետ: Ուստի, իմաստ չունի, որ մենք սա անենք մաս-մաս: Բայց այս առումով ԱՄՆ-ի համագործակցությունը կամ ներգրավվածությունը նաև շատ ավելի մեծ կարևորություն ունի, քան պարզապես երկաթուղու 42 կիլոմետր կառուցելը»,- ընդգծել էր Մարթա Կոսը:

Այսինքն՝ Երևանն ու Բաքուն ակտիվորեն աշխատում են ԱՄՆ-ի, ԵՄ-ի, Կենտրոնական Ասիայի երկրների հետ, իսկ Հարավային Կովկասում ավանդաբար ազդեցություն ունեցող Ռուսաստանն ու Իրանն այս քննարկումներից դուրս մղված իրավիճակում են: Ավելին, ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը հստակեցրել էր, որ TRIPP-ին Մոսկվայի ներգրավվածության վերաբերյալ քննարկումներ չկան:

«168 Ժամի» հետ զրույցում ռուս վերլուծաբան Ֆյոդոր Լուկիանովն ասաց, որ  ՌԴ ԱԳՆ-ն ներկայացնում է Հարավային Կովկասում ձևավորվող իրավիճակի վերաբերյալ իր մոտեցումները, բնականաբար, ցանկությամբ՝ աշխատել ռեգիոնալ երկրների հետ, դուրս չմնալ ապաշրջափակման օրակարգից, ինչպես եղավ վերջերս, երբ ՀՀ Ադրբեջանով ռուսական ապրանք մատակարարվեց առաջին անգամ:

Ըստ նրա, Հարավային Կովկասում ստեղծվում է ուշագրավ իրավիճակ. ԱՄՆ-ը այս պայմանավորվածությունների գլխավոր միջնորդն է, ԵՄ-ն սկսում է  ակտիվ աշխատել այս ուղղությամբ, և եթե ԱՄՆ-ը գուցե չգնար  ռեգիոնում ՌԴ-ի հետ համագործակցությունը բացառելու ճանապարհով, ապա ԵՄ-ն դա միանշանակ կփորձի անել: Այսինքն, նրա խոսքով, Հարավային Կովկասում ևս ԱՄՆ-ի և ԵՄ-ի մոտեցումներն էապես տարբերվելու են,  ու այստեղ շատ հարցերը, բնականաբար, իրենց համագործակցություններով՝ որոշում են ռեգիոնալ երկրները:

«Կարծում եմ՝ այս ուղերձները մասամբ կարող են ուղղված լինել նաև ԱՄՆ-ին, որն այս պայմանավորվածությունների միջնորդն է և հետագա կարևոր գործընթացների մասնակիցը: Ինչպես ԵՄ-ն, կարող է աշխատել Երևանի, Վաշինգտոնի համար իր շահերն առաջ մղելու համար, այնպես էլ Մոսկվան, ուստի այս մեկնաբանությունը պետք է դիտարկել այդ համատեքստում: Եվ իսկապես ծանրակշիռ հանգամանք է նաև այն, որ ՀՀ-ն ԵԱՏՄ անդամ է, ՀՀ-ն ԵՄ անդամ չէ, սակայն ԵՄ-ն շատ ավելի լայն ազդեցության է ձգտում»,- նկատեց նա:

Լուկիանովը գտնում է, որ ՌԴ-ԱՄՆ գլոբալ դիսկուրսը և համաձայնությունը կարող էր իր ազդեցությունն ունենալ նաև հարավկովկասյան համաձայնությունների վրա:

«Սակայն, ինչպես տեսնում ենք, գլոբալ ուղղությամբ իրավիճակն անընդհատ բարդանում է, համաձայնության հնարավորություն կա, բայց այն քիչ է, ուստի բոլոր ուժային կենտրոնները նաև Հարավային Կովկասում վարում են այն քաղաքականությունն, ինչ Ուկրաինայի և այլ ռեգիոնների շուրջ: Սա մրցակցություն է, բայց կրկնեմ, որ շատ հարցեր նաև մեծ խաղացողների մակարդակով ձեռք բերվող պայմանավորվածությունների ուղղություններով կարող են թելադրվել: Ուստի այս մեկնաբանությունը ՌԴ ԱԳՆ պաշտոնյայի կողմից ուղերձ էր ռեգիոնալ երկրներին և մնացած դերակատարներին, ինչը կտա հետագա բանակցությունների հնարավորություն, սակայն արդյունքները կախված են մի շարք այլ գործոններից ու զարգացումներից»,- ասաց նա:

Տեսանյութեր

Լրահոս