Տոներն են մոտենում․ 9.5 մլն դոլար կբաժանեն պետական պաշտոնյաներին՝ ընտրություններից առաջ
Վճարվող պարգևավճարներից դուրս, տարեվերջին կառավարությունը պատրաստվում է շուրջ 9.5 մլն դոլար բաժանել պետական պաշտոնյաներին։ Այդ գումարով, հարկատուների վճարած հարկերի հաշվին, որոշել են «խրախուսել» պետական համակարգի աշխատողներին։
Սպասվող ընտրություններից մի քանի ամիս առաջ, ինչ անուն էլ սրան դնեն, այլ կերպ, քան պետական աշխատողներին կաշառել, դժվար է անվանել։
Ընտրություններից առաջ խոստանում են հաջորդ տարի էլ նման խրախուսական գումարներ բաժանել։
Անցած տարի, երբ քննարկվում էր այս տարվա պետական բյուջեի նախագիծը, ժողովրդի աչքին թոզ փչելու համար հայտարարում էին, թե պետական ապարատի պահպանման ծախսերը կրճատել են, օպտիմալացրել են։ Հիմա ասում են՝ կրճատված գումարը հետ ենք տալիս։
Այսպես են պետական ապարատի ծախսերն օպտիմալացնում։ Դեմն ընտրություններ են՝ պետական աշխատողներին «կաշառելու» տարբերակ են գտել։ Պիլոտային ծրագիր են իրականացնում ու պատրաստվում են բյուջեի հաշվին լրացուցիչ 9.5 մլն դոլար բաժանել պետական համակարգի աշխատողներին։
Երբ հերթը հասնում է հասարակության սոցիալապես անապահով խավերին, բյուջեում փող չկա, իսկ պետական պաշտոնյաների համար փող միշտ գտնվում է։ Թոշակները չեն բարձրացնում, իսկ պետական աշխատողներին խրախուսելու անվան տակ կարող են միլիոնավոր դոլարներ բաժանել։ Հիմնավորումն էլ այն է, որ պետական մարմինները լավ են աշխատել՝ կատարել են տնտեսական աճ ապահովելու իրենց խոստումը։
«Այսօր արդեն կարող ենք ասել, որ պետական մարմինները կատարել են տարեկան միջինում 7 տոկոս տնտեսական աճ ապահովելու իրենց խոստումը։
Սա ի՞նչ է նշանակում։ Սա նշանակում է, որ պետական մարմինները լավ են աշխատել»,- բյուջեի հաշվին պետական աշխատողներին խրախուսելու համար միլիոնավոր դոլարների հատկացումը փորձում է արդարացնել Նիկոլ Փաշինյանը։
Լա՞վ են աշխատել պետական մարմինները, թե՞ վատ, կարող են ասել քաղաքացիները։ Բայց նույնիսկ դա չէ խնդիրը. Այդ աշխատանքի համար պետական աշխատողներն աշխատավարձ են ստանում, աշխատավարձից բացի էլ՝ պարգևավճար են ստանում։ Պարգևավճարները նրա համար են, որ խրախուսեն պետական աշխատողներին։
Էլ ինչի՞ համար են պարգևավճարները, որ մի բան էլ պիտի 9.5 միլիոն դոլարով խրախուսեն։
Ինչ մնում է լավ աշխատելուն, ապա լավ աշխատելու չափանիշն այն չէ, որ արտաքին նպաստավոր գործոնների արդյունքում արձանագրված բարձր տնտեսական աճերը վերագրեն իրենց ու ասեն, թե լավ են աշխատել։ Պետական մարմինների ու ընդհանրապես կառավարության լավ աշխատանքը երևաց այն ժամանակ, երբ արտաքին գործոնները որոշ չափով թուլացան։ Չլինեին այդ գործոնները, կերևար, թե ինչքանով են կատարել միջին տարեկան 7 տոկոս ապահովելու իրենց խոստումը։ Չնայած խոստացել էին, որ արտաքին նպաստավոր գործոնների պարագայում աճը լինելու է ոչ թե՝ 7, այլ՝ 9 տոկոս։ Ու դա նշանակում է, որ լավ չեն աշխատել, խոստումը չեն կատարել։
Հետո էլ, այնպես չէ, որ պետական մարմինները կամ կառավարությունը միայն տնտեսական աճի ապահովման խոստում են տվել։ Բազմաթիվ խոստումներ ոչ միայն չեն կատարվել, այլև ողբերգական ավարտ են ունեցել։
Այդ նույն պետական մարմինների, կառավարության ու քաղաքական իշխանության «լավ» աշխատանքի արդյունքում, թե ինչ տեղի ունեցավ Արցախի հետ, նույնիսկ ասելու չէ։ Ոչ միայն խոստացած Շուշին ու Հադրութը չվերադարձրին, այլև ընդհանրապես հայաթափեցին Արցախն ու կործանեցին Արցախի պետությունը։
Պետական մարմինների այդքան «լավ» աշխատանքի արդյունքում Հայաստանի հսկայական տարածքներ այսօր էլ գտնվում են ադրբեջանական զորքերի տիրապետության տակ։
Երբ ասում են՝ պետական մարմինները լավ են աշխատել, տնտեսական աճի խոստումը կատարել են, պիտի հիշեն նաև այն ձախողումները, որոնք արձանագրվել են այդ նույն պետական մարմինների ու կառավարության անփառունակ աշխատանքի հետևանքով։
Հավանաբար «լավ» աշխատանքի արդյունք է նաև այն, որ խոստացած կիսով չափ կրճատելու փոխարեն՝ աղքատությունը երկրում գրեթե չի նվազել, ծայրահեղ աղքատությունն էլ չի վերացել։ Խոստացել էին, որ գործազրկությունը կլինի 10 տոկոսից ցածր, գործազրկությունը հասնում է 14-15 տոկոսի, խոստացել էին, որ նվազագույն կենսաթոշակը կհասնի նվազագույն պարենային զամբյուղին, դրանից անհամեմատ քիչ է, խոստացել էին, որ նվազագույն աշխատավարձը կկազմի 85 հազար դրամ, 10 հազար դրամով ցածր է։
Չկատարված խոստումների ցանկն այսպես կարելի է երկար շարունակել ու դա ոչ թե պետական մարմինների լավ աշխատանքի արդյունք է, այլ, շատ մեղմ ասած՝ վատ աշխատանքի կամ ձախողման հետևանք։
Անհեթեթություն են այն պատճառաբանությունները, թե քանի որ բյուջեի եկամուտներն ու ծախսերը կրկնապատկվել են, կրկնապատկվել է նաև պետական մարմինների աշխատանքի ծանրաբեռնվածությունը։
«Եկամուտների ծախսումն ապահովում են կառավարությունն ու պետական մարմինները։ Հավաքելը աշխատանք է, ծախսելը նույնպես աշխատանք է։
Մենք արձանագրում ենք, որ հավաքելու վրա արվող աշխատանքը կրկնակիից ավելի ավելացել է։
Կա երկրորդ հատվածը՝ ծախսման աշխատանքը, որովհետև այդ գումարները ծախսել և ջանք գործադրել, որ արդյունավետ ծախսվեն, նույնպես աշխատանք է։ Այդ աշխատանքն էլ տրամաբանորեն էլի կրկնակիից ավելի ավելացել է»,- ասում է Նիկոլ Փաշինյանը։
Հիմա ամենամեծ անհեթեթությունը. Ասում է՝ քանի որ գումարների հավաքագրումը կրկնակիից ավելի ավելացել է, ծախսերինը՝ նույնպես, հետևաբար՝ պետական բոլոր մարմինները 4 անգամ ավելի են աշխատում։ Մինչդեռ՝ գումարները հավաքելն ու ծախսելը բացարձակ տարբեր մարմինների գործառույթներ են. Գումարները հավաքում են հարկային մարմինները, ծախսում են մյուսները։ Եթե անգամ համարենք, որ հավաքվող գումարներն ու ծախսերը կրկնակի ավելացել են, դա դեռ չի նշանակում, թե պետական մարմինները հիմա 4 անգամ ավելի շատ են աշխատում։
Ահա այսպիսի «հիմնավորումներով» է Նիկոլ Փաշինյանը փորձում լվանալ երբեմնի «հպարտ» քաղաքացիների ուղեղները։ Այն, որ նախկինում 10 մրցույթով, պայմանական ասած՝ 100 մլն դրամի պետական գնում էր կատարվում, իսկ այսօր նույն 10 մրցույթով 1 միլիարդի գնում է կատարվում, դա չի նշանակում, թե պետական մարմնի աշխատանքի ծանրաբեռնվածությունը 10 անգամ ավելացել է։
Կամ, եթե պետական բյուջեի հաշվին ոստիկանի աշխատավարձը եռակի-քառակի բարձրացրել է, ծախսերը եռակի-քառակի ավելացրել է, դա չի նշանակում, թե այդ աշխատավարձը վճարող պետական մարմինը կամ պետական աշխատողը եռակի-քառակի մեծ ջանք է գործադրում այդ աշխատավարձը վճարելու համար։
Այսպիսի անհեթեթ բացատրությամբ էլ ուզում են արդարացնել հարկատուների վճարած հարկերի հաշվին պետական մարմիններին 9.5 մլն դոլար բաժանելը։ Ոչինչ, որ երկրում շուրջ 700 հազար աղքատներ կան, կարևորը՝ իրենք կուշտ լինեն։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ
