Նիկոլ Փաշինյանի ինքնախոստովանությունն ու տնտեսագիտական անգրագիտությունը
Մինչև վերջերս Նիկոլ Փաշինյանը միանշանակ պնդում էր անում, թե մարդիկ Հայաստանում սկսել են ավելի լավ ապրել, քան նախկինում։ Հասկանալի է, թե նա ում նկատի ուներ՝ այդպես ասելով։ Իր շրջապատում կան մարդիկ, նույն ՔՊ-ականները, որոնք նախկինում ծակ գրպաններով էին, իսկ հիմա պետության հաշվին վայելքների մեջ են ապրում։
Բայց դա դեռ չի նշանակում, թե Հայաստանում բոլորը սկսել են լավ ապրել։
Տարիներ պահանջվեց այս պարզ ճշմարտությունը հասկանալու համար։
Վերջերս Նիկոլ Փաշինյանը սկսել է խոստովանել, որ Հայաստանում կան բազմաթիվ մարդիկ, որ ավելի լավ չեն ապրում կամ նույնիսկ ավելի վատ են ապրում։
Սա ոչ թե հազարների, այլ հարյուր-հազարների է վերաբերում։ Երեք միլիոնանոց Հայաստանում շուրջ 700 հազար աղքատ կա։ Այս մարդկանց կյանքում դրական տեղաշարժ չի եղել, եթե չասենք, որ նրանք սկսել են ավելի վատ ապրել։ Բայց պարզվում է՝ դրա մեղավորն էլ իշխանություններն ու նրանց իրականացրած քաղաքականությունը չէ, մեղավորը քաղաքացիներն են, որ չեն կարողանում իրենց բաժինը վերցնել երկրում պտտվող «միլիարդներից»։
«Ես տեղեկանք եմ ստացել Կենտրոնական բանկից, որ այս տարի 1.5 մլրդ դոլարի գնում են իրականացրել։ ԿԲ-ն 1.5 մլրդ դոլար է գնել Հայաստանի շուկայից։ Սա նշանակում է, որ 1.5 մլրդ դոլարը մտել է Հայաստան, հայտնվել է շուկայում, Կենտրոնական բանկը տեսել է ավելցուկը և գնել է։ Այսինքն՝ այս 1.5 միլիարդը դարձել է դրամ և վերադարձել է շուկա։
Մարդ կա՝ էս 1.5 մլրդ դոլարը, այս սենց դեմով անցնում է, իր կյանքում ոչ մի բան չի փոխվում։ Ինչի՞ ոչ մի բան չի փոխվում իր կյանքում, որովհետև մարդը չունի անհրաժեշտ հմտություն։ Պատկերացրեք՝ նստած է որևէ տեղ կամ կանգնած է, այդ միլիարդները դեմով անցնում են ու էդ մարդն ավելի վատ է ապրում։
Ինչ ուզում եք՝ արեք, ուզում եք՝ այդ 1.5 միլիարդի կեսը խողովակով մտցրեք իրենց տուն, մեկ է՝ իրենց կյանքում բան չի փոխվելու, որովհետև այդ փողը ծախսելու համար էլ է պետք հմտություն»,- ասում է Նիկոլ Փաշինյանը՝ փորձելով «մեծ փողերի» անվան տակ թաքցնել իրականությունը։
Իսկ իրականությունն այն է, որ իշխանությունների իրականացրած քաղաքականության հետևանքով, երկրում գնալով խորանում է անհավասարությունը, տնտեսական աճի արդյունքն ու հարստությունը կուտակվում են շատ նեղ շերտերի ձեռքում, որոնք վաղուց կապ չունեն շարքային քաղաքացիների հետ։
Շարքային քաղաքացու կյանքը չի փոխվում ոչ թե «հմտություն» չունենալու պատճառով, այլ՝ որովհետև ՔՊ-ականների իշխանությունը հրաժարվել է իր սոցիալական պատասխանատվությունից։ Այնպիսի պայմաններ են ստեղծել, որ աղքատների ու անապահովների հաշվին՝ հարուստներին են հարստացնում։
Հայտարարել, թե «1.5 միլիարդ դոլարը մարդկանց դեմով է անցնում», բայց նրանք չեն կարողանում իրենց բաժինը վերցնել, որովհետև հմտություն չունեն, քաղաքական պատասխանատվությունից խուսափելու փորձ է։
Այդ փողը բնակչության կյանքի որակի հետ որևէ կապ չունի։ Նիկոլ Փաշինյանը հավանաբար չգիտի, որ արտարժույթի շուկայում Կենտրոնական բանկի միջամտությունները բարեկեցության ցուցիչ չեն։ Երբ ԿԲ-ն գնում է դոլար, դա նշանակում է, որ շուկայում դոլարի առաջարկն է ավելացել, որը կարող է լինել տարբեր գործոնների արդյունքում։ Բայց դա չի նշանակում, որ այդ փողը մարդկանց «դեմով» է անցնում, հասել է նրանց գրպաններին։
Նույնն է, երբ վերջին տարիներին վերաարտահանումները ֆինանսավորելու համար Հայաստան տասնյակ-միլիարդավոր դոլարներ են եկել, ուրեմն բոլորը պետք է հարստացած լինեին։ Խնդիրն այն է, որ այդ գումարները շրջանառվում են մի քանի ընկերություններում ու մի քանի օլիգարխների գրպաններում։ Մինչդեռ բնակչության մեծ մասը շարունակում է ապրել առանց եկամուտների ավելացման, վարկային ծանր բեռի տակ։
Տնտեսագիտական կրթություն ստացող առաջին կուրսի ուսանողը գիտի, որ փողի պտույտը բարեկեցության ցուցիչ չէ, և փողի առկայությունը տնտեսությունում դեռ չի նշանակում արդար բաշխում, ոչ էլ սոցիալ-տնտեսական առաջընթաց։ Քաղաքացիները սա սեփական մաշկի վրա են զգում։ Դա հմտությունների հետ այնքանով կապ ունի, ինչքանով մարդիկ մոտ են կանգնած իշխանությանը։ Տեսնում ենք, թե իշխանության գալուց հետո ինչպես են նախկինում սուրճի ու հեռուստացույցի փող չունեցող ՔՊ-ականներն ու իրենց շրջապատի մարդիկ դարձել «հաջողակ» կառավարիչներ ու բիզնեսմեններ։
Պետության լծակներն օգտագործելով՝ հարկային-մարկային խառնելով՝ ոչ միայն հարստանում են, այլև ուրիշների բիզնեսներն են իրենցով անում։
Պետության դերն է այնպես անել, որ այդ գումարները ճիշտ վերաբաշխվեն քաղաքացիների միջև։ Բայց ի՞նչ են արել Հայաստանի այսօրվա կառավարիչները՝ միջոցները վերաբաշխել են իրենց ու իրենց շրջապատի վրա։
Ինչքան էլ Նիկոլ Փաշինյանը մեղադրի քաղաքացիներին, սա իշխանության ձախողման հետևանք է, որը փորձում են տեղավորել քաղաքացիների անձնական ձախողումների տիրույթում, որպեսզի հեթական անգամ իրենք անմեղ դուրս գան, լինեն «պատասխանատուն», բայց ոչ մեղավորը։
Վերջին մի քանի տարվա փորձը ցույց է տալիս, որ աղքատության խորացումը, արտագաղթը, կադրային քաոսը, կրթական դեգրադացիան, առողջապահության անհասանելիությունը և տնտեսական անհավասարությունը չեն կարող հաղթահարվել քարոզչական փուչիկներով։
Քաղաքացիները տեսնում են իրենց առօրյան, իրենց աշխատավարձը, գների աճը։ Եվ այդ իրականությունը ոչ մի կապ չունի «1.5 միլիարդ դոլարի պտույտի» հետ, ինչպես ոչ մի կապ չունի այն ենթադրության հետ, թե մարդիկ չեն կարողանում իրենց կյանքը բարելավել, որովհետև «հմտություն» չունեն։
Հակառակը՝ պետական ինստիտուտների գործունեությունն է դարձել քաղաքացիների սոցիալական վիճակի բարելավման ամենամեծ խոչընդոտը։ Երբ Նիկոլ Փաշինյանն ասում է, թե առանձին խողովակով 1.5 միլիարդի կեսն այդ մարդկանց տուն մտցնելու պարագայում անգամ նրանց կյանքը չի փոխվի, դա ձախողած տնտեսական ու սոցիալական քաղաքականությունն արդարացնելու անհաջող փորձ է։ Խնդիրն ամենևին էլ ոչ թե քաղաքացիների հմտությունների, այլ քաղաքական իշխանության կառավարելու անընդունակության ու անկարողության մեջ է։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ
