«Կան ռիսկեր. Թուրքիայի հաշվարկներն ավելի շատ ռազմավարական են, իսկ Ադրբեջանը լուծում է իր մարտավարական խնդիրները՝ Հայաստանից ավելի շատ բաներ ստանալու համար». Սաֆրաստյան

Վերջերս Bloomberg-ը՝ հղում անելով սեփական աղբյուրներին, գրել էր, որ Թուրքիան քննարկում է Հայաստանի հետ ցամաքային սահմանը առաջիկա վեց ամիսների ընթացքում վերաբացելու հարցը՝ վերացնելով Սառը պատերազմի դարաշրջանի Եվրոպայի վերջին փակ սահմանը և հող նախապատրաստելով Կովկասում առևտրի վերականգնման համար։

Դեռևս 2022 թվականին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում ՀՀ հատուկ բանագնաց Ռուբեն Ռուբինյանը երբ հանդիպել էր իր թուրք գործընկերոջ՝ Սեդար Քլըլըչի  հետ, պայմանավորվածություն էին ձեռք բերել, որպեսզի հայ-թուրքական սահմանը բացեն երրորդ երկրների քաղաքացիների համար։ 3 տարի է՝ այս պայմանավորվածությունն իրականություն չի դարձել, չնայած Հայաստանը Թուրքիայի հետ սահմանին գտնվող Մարգարայի անցակետը կառուցել, վերազիննել ու սպասում է։

Իրատեսակա՞ն է այս փուլում հայ-թուրքական սահմանի բացումը, որքանո՞վ են հայ և թուրք հասարակությունները պատրաստ սահմանի բացմանը, արդյո՞ք սահմանի բացմանը զուգահեռ՝ Հայաստանը հաշվարկել է անվտանգության բաղադրիչը։

ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի նախկին տնօրեն, ակադեմիկոս, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը պատասխանելով այս հարցերին, հիշեցրեց՝ Թուրքիայի նախագահը մի քանի անգամ հայտարարել է, որ Թուրքիան Հայաստանի հետ հարաբերություններին ուղղված իրական քայլեր կձեռնարկի միայն հայ-ադրբեջանական համաձայնագրի ստորագրումից հետո։

Կարդացեք նաև

«Էրդողանի այս հայտարարությունը պահպանում է իր ուժը, այսինքն՝ Թուրքիայի այս մոտեցումը չի փոխվել։ Bloomberg-ը հավանաբար հղում է անում Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանին, քանի որ նա էլ էր նման բան ասել։ Սա վկայում է այն մասին, ինչպես բազմիցս եմ ասել՝ Թուրքիան շահագրգռված է, որպեսզի հայ-ադրբեջանական խաղաղության այդ պայմանագիրը հնարավորինս արագ ստորագրվի։ Ինչո՞ւ, որովհետև Թուրքիայի համար նոր դրական քայլ է այն նոր իրավիճակը՝ ստատուս-քվոն, որը ստեղծվել է Հարավային Կովկասում՝ և՛ 2020 թվականի Արցախի 44-օրյա պատերազմից, և՛ ռուսական խաղաղապահ ուժերի հեռացումից հետո։

Թուրքիան այս ամենը դիտարկում է՝ որպես սեփական դիրքերի ուժեղացում և Ռուսաստանի դիրքերի թուլացում, Թուրքիայի համար կարևոր է, որ թղթին հանձնվի հայ-ադբեջանական խաղաղության պայմանագիրը։ Այս ամենն ինձ համար վաղուց պարզ է»,- 168.am հետ զրույցում ասաց Ռուբեն Սաֆրաստյանը։

Նրա բնորոշմամբ՝ Թուրքիայի արտգործնախարարի հայտարարությունը, որ կես տարի հետո դիտարկում են բացել հայ-թուրքական սահմանը, ադրբեջանական կողմին զուտ հորդորում է գործընթացն արագացնել։ Սակայն Ադրբեջանն իր հաշվարկներն ունի։ Եթե Թուրքիայի հաշվարկներն ավելի շատ ռազմավարական են, այսինքն՝ ավելի շատ կապված են Հարավային Կովկասի իրադրության հետ, ապա Ադրբեջանը լուծում է իր տակտիկական՝ մարտավարական խնդիրները՝ Հայաստանից ավելի շատ բաներ ստանալու համար։

«Սա է երկու երկրների տեսադաշտերի տարբերությունը՝ Ադրբեջանինն ավելի նեղ է, ավելի մարտավարական է, Թուրքիայինը՝ ստրատեգիական է։

Որքանով ես հասկանում եմ, Թուրքիան սահմանը միանգամից չի բացի, կլինի առանձին քայլերի շարան։ Երկրորդը՝ կարծում եմ՝ առաջին քայլերը, որոնք կանեն, կապված են լինելու 2022 թվականին ձեռք բերված պայմանավորվածության հետ՝ սահմանի բացում երրորդ երկրների քաղաքացիների համար։

Թուրքիայի համար իսկապես կարևոր կլինի, որ սահմանն ամբողջովին բացվի, բայց դա կլինի միայն մի քանի տարի հետո, որովհետև 2031 թվականին հազիվ ավարտեն այն երկաթգծի կառուցումը՝ 224 կիլոմետրանոց, որը Կարսը կկապի Նախիջևանի հետ, այդ ժամանակ Թուրքիան արդեն կարող է ամբողջովին օգտվել «Թրամփի ուղուց»։

Հիմա քանի որ այդ ամենը չկա, Թուրքիան առանձնապես չի շտապի սահմանը լրիվ բացել, միանգամից ամեն ինչ չի անի»,- հավելեց Ռ. Սաֆրաստյանը։

Ինչ վերաբերում է սահմանի բացումից հետո անվտանգային հարցերին և 102-րդ ռազմաբազայի հետագա ճակատագրին, Ռուբեն Սաֆրաստյանը նկատեց՝ 102-րդ ռազմաբազան սահմանի բացման հետ առնչություն չի ունենա, այսինքն՝ անկախ սահմանի բացումից, այդ բազան մնալու է։

«Համոզված եմ, որ 102-րդ ռազմաբազան նույնիսկ հայ-թուրքական սահմանի բացումից հետո կշարունակի մնալ, որովհետև այդ հարցը չեմ կարծում, թե քննարկվում է։

Իհարկե, եթե խոսում են սահմանի բացումից հետո անվտանգության մասին, ապա ռիսկեր կան։ Կարծում եմ՝ Հայստանը պետք է մշակի խոր և լավ մտածված ռազմավարություն, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկի, որպեսզի սահմանի բացումը սկսի իրականացնել՝ պետական, տնտեսական անվտանգության առումով։

Դրան համալիր պետք է մոտենանք՝ ռազմավարական տեսակետից, որովհետև դա, ակնհայտ է, որ կունենա նաև իր դրական կողմը, բայց ռիսկերը, որոնք կան անվտանգային բնագավառում, պետք է հնարավորինս թուլացնել այդ ռազմավարության շրջանակներում։ Գործընթացը հեշտ չի լինելու և ազդեցություն է ունենալու Հայաստանի վրա, դրա համար պետք է լավ մտածել, ռազմավարություն մշակել, որպեսզի դրանից կարողանանք օգուտներ քաղել»,- ընդգծեց Ռուբեն Սաֆրաստյանը։

Տեսանյութեր

Լրահոս