Փաշինյանը կառչում է իշխանությունից․ Եկեղեցին նման գոյության սպառնալիքի չի բախվել իշխանության ամրապնդման ամենադժվար տարիներից ի վեր․ զեկույց

Կրոնական ազատությունը հարձակման տակ է աշխարհի ամենահին քրիստոնեական երկրում։ Այս մասին, ինչպես գրում է բրիտանական GB News-ը, զգուշացնում է Հայաստանում քաղաքացիական բախումների մասին նոր զեկույցը, որը պատրաստել է միջազգային իրավաբանական «Ամստերդամ ընդ Փարթներս» ընկերությունը։

Ինչպես նշվում է, Նիկոլ Փաշինյանին մեղադրում են բռնապետի պես վարվելու և Հայ առաքելական եկեղեցու վրա դաժան հարձակում սկսելու համար։

Զեկույցի համաձայն՝ Փաշինյանը փորձել է տապալել կաթողիկոս Գարեգին II-ին և բանտարկել է նրա առաջատար հոգևորականներին և ծխականներին։

Ինչպես նշվում է, Միքայել Աջապահյանը երկու տարվա ազատազրկման է դատապարտվել կառավարությանը քննադատելու համար։ Գործարար Սամվել Կարապետյանը նույնպես բանտարկվել է եկեղեցու պաշտպանության համար։ Կարապետյանն ամռանից ի վեր նախնական կալանքի տակ է գտնվում Երևանի խորհրդային դարաշրջանի հայտնի բանտում։

Կրոնական ազատության հարցերով խորհրդարանական համակուսակցական խմբի փոխնախագահ, Պիտերբորոյի լորդ Ջեքսոնը նշել է. «Աշխարհի ամենահին քրիստոնեական երկրում, ինչպես նաև քաղաքակիրթ և ժամանակակից Եվրոպայում նվիրյալ քրիստոնյաներին իրենց հավատքը պաշտպանելու համար բանտ նետելու գաղափարը վախեցնող է։ Քրիստոնեական դավանանքի հետևողները Հայաստանում պետք է կարողանան պահպանել խաղաղ հավաքվելու և պաշտամունք կատարելու իրավունքը՝ առանց բռնի սպառնալիքի, բանտարկության կամ ավելի վատ բաների»։ Նրա խոսքով՝  աշխարհը հետևում է քրիստոնեական համայնքների նկատմամբ մարդու իրավունքների խախտումներին։

Զեկույցը մեղադրում է Փաշինյանին՝ հաջորդ տարի իշխանությունը պահպանելու իր փորձերում բռնապետի պես վարվելու համար։ Նշվում է, որ չնայած Փաշինյանի ժողովրդականությունը վերջին տարիներին կտրուկ անկում է ապրել, ՀԱԵ-ն շարունակում է վայելել մեծ հանրային աջակցություն՝ ունենալով գրեթե 60 տոկոս վստահության վարկանիշ։ Ինչպես նշվում է, «ՀԱԵ-ն և Սամվել Կարապետյանն այս բռնապետական կառավարման վերջին զոհերն են»:

«Ազգային եկեղեցու բարձրաստիճան անդամներին և նրա կողմնակիցներին բացահայտորեն թիրախավորելը քննադատությունը լռեցնելու և վերահսկողություն իրականացնելու համար անհիմն և քաղաքական դրդապատճառներով հետապնդում է՝ ոչ ժողովրդական և քաղաքականապես անգործունակ ռեժիմի գործողություն, որը կառչում է իշխանությունից՝ օգտագործելով բոլոր անհրաժեշտ միջոցները»,- ասվում է զեկույցում։

«Քանի որ խորհրդարանական ընտրությունները տեղի են ունենալու 2026 թվականի հունիսին, թվում է, թե Փաշինյանը տեղ չի թողնում պատահականությանը՝ իշխանությանը կառչելու իր հուսահատ ցանկության մեջ», – ասվում է զեկույցում։

Ինչպես նշվում է, Եկեղեցու և իշխանությունների միջև բախումը սկսվել է 2023 թվականի պատերազմում պարտությունից հետո։ Ավելի քան 100,000 հայ ստիպված է եղել փախչել ԼՂ-ից անվտանգ վայր։

«Եկեղեցին կատարել է իր բացառիկ առաքելությունը՝ եռանդուն կերպով պաշտպանելով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերի իրավունքները, ինչպես նաև նրանց ազգային ինքնության պահպանումը։ Սա հանգեցրել է Եկեղեցու և վարչապետի բախմանը, որը լայնորեն քննադատվել է ինչպես երկրի ներսում, այնպես էլ արտերկրում՝ Լեռնային Ղարաբաղը չպաշտպանելու համար», – ասվում է զեկույցում։

Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը և Քրիստոնեական համերաշխության միջազգային կազմակերպությունը քննադատել են Փաշինյանի կողմից Հայ առաքելական եկեղեցու նկատմամբ կիրառված ճնշումները։

«Չկարողանալով կանխել Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտումները 2023 թվականին՝ Նիկոլ Փաշինյանը, որը 2018 թվականից ի վեր Հայաստանի վարչապետն է, հետապնդում է նրանց, ովքեր քննադատում են նրա ղեկավարությունն ու կառավարումը»,- նշվում է զեկույցում՝ ընդգծելով, որ Փաշինյանն իր անձնական առաքելությունն է դարձրել տապալել Գարեգին Բ կաթողիկոսին՝ սկսելով Եկեղեցու ներկայիս առաջնորդի դեմ անսովոր առցանց հարձակումների շարք։ Միևնույն ժամանակ, արքեպիսկոպոսներ և ծխականներ նույնպես ձերբակալվել են՝ որպես վարչապետի կողմից Եկեղեցուն հետապնդելու և ենթարկեցնելու արշավի մաս»։

Տարածաշրջանային փորձագետ և լրագրող Ալիսոն Մյուսը նշել է, որ Եկեղեցին «նման գոյության սպառնալիքի չի բախվել խորհրդային զտումների և իշխանության ամրապնդման ամենադժվար տարիներից ի վեր»։

«Պատմությունը Հայաստանում, կարծես, կրկնվում է», – հավելել է նա։

Տեսանյութեր

Լրահոս