Բաժիններ՝

Մայրիկի և փոքրիկի առողջությունն ուրոլոգիական խնդիրների դեպքում. Խորհուրդ են տալիս «Սլավմեդ»-ի մասնագետները

Հղիությունը կնոջ կյանքի առանձնահատուկ փուլ է, որն ուղեկցվում է նրա օրգանիզմում էական ֆիզիոլոգիական փոփոխություններով։ Կնոջ մարմինն աստիճանաբար հարմարվում է հղիության ընթացքին և նախապատրաստվում ծննդաբերությանը։

Հղիության ընթացքում երբեմն կարող են ի հայտ գալ տարաբնույթ ուրոլոգիական խնդիրներ՝ սկսած միզապարկի գործունեության խանգարումներից մինչև բորբոքային ու վարակային հիվանդություններ։ Այս խնդիրների վերաբերյալ իրազեկվածությունն ու պարբերաբար հետազոտությունները թույլ են տալիս ապագա մայրերին ավելի պատրաստված և վստահ անցնել հղիության գեղեցիկ ընթացքը՝ կանխարգելելով բարդությունների հավանականությունը։

Հղիության շրջանում առավել հաճախ հանդիպող ուրոլոգիական խնդիրներից են՝ ասիմպտոմ բակտերիուրիան, պիելոնեֆրիտը, հիդրոնեֆրոզը, ցիստիտը և այլն։

Հաճախամիզությունը թերևս ամենատարածված գանգատներից է։ «Սլավմեդ բժշկական կենտրոն»-ի մանկաբարձ-գինեկոլոգ Աննա Գալստյանի խոսքով միզապարկի հետ կապված փոփոխությունները կարող են արտահայտվել հաճախակի միզարձակմամբ, հանկարծակի և անզուսպ միզելու ցանկությամբ, գիշերային ժամերին ուժգնացող ցավերով կամ անմիզապահությամբ։

Կարդացեք նաև

«Շատ դեպքերում հաճախամիզությունը ֆիզիոլոգիական բնույթ է կրում և պայմանավորված է միզապարկի վրա մեծացած արգանդի ճնշմամբ։ Սակայն, եթե այն ուղեկցվում է ցավով, այրոցով կամ միզարձակման ժամանակ անհարմարությամբ, դա արդեն կարող է վկայել բորբոքային գործընթացի՝ ցիստիտի մասին։

Հղիության շրջանում տարածված է նաև հիդրոնեֆրոզը, երբ մեծացած արգանդը ճնշում է գործադրում միզածորանների վրա և խանգարում մեզի արտահոսքը։

Արդյունքում զարգանում է երիկամի բաժակաավազանային համալիրի լայնացում, որն ուղեկցվում է ուժեղ ցավերով։ Շատ դեպքերում այս ամենը կարող է զուգորդվել բորբոքային գործընթացով՝ առաջացնելով պիելոնեֆրիտ։

«Հիդրոնեֆրոզն առավել հաճախ հանդիպում է հղիության երկրորդ և երրորդ եռամսյակներում։

Այդ դեպքում կիրառվում է դեղորայքային թերապիա, ինչպես նաև խորհուրդ է տրվում կատարել հատուկ վարժություններ, օրինակ՝ ընդունել չորեքթաթ դիրք, որը նվազեցնում է արգանդի ճնշումը և թեթևացնում ցավը։ Եթե պահպանողական միջոցները բավարար արդյունք չեն տալիս, իրականացվում է միզածորանի ստենտավորում»,- նշում է «Սլավմեդ բժշկական կենտրոն»-ի ուրոլոգիական բաժանմունքի ղեկավար Մհեր Մխիթարյանը։

Նրա խոսքով ստենտավորումը համարվում է խիստ ցուցում այն դեպքերում, երբ հիդրոնեֆրոզն ուղեկցվում է ջերմության բարձրացմամբ, մեզի արտահոսքի խանգարմամբ և ինֆեկցիայով։ Ծննդաբերությունից հետո ստենտը հեռացվում է, և կինը վերադառնում է իր բնականոն կյանքին։

«Բուժման բացակայության դեպքում վտանգվում է ոչ միայն մոր, այլև պտղի առողջությունը։ Քրոնիկ բորբոքման օջախը կարող է հանգեցնել ներարգանդային ինֆեկցիայի, իսկ սուր պիելոնեֆրիտը՝ օրգանիզմի ինտոքսիկացիայի, որը մեծացնում է վաղաժամ ծննդաբերության ռիսկը»,- ընդգծում է «Սլավմեդ բժշկական կենտրոն»-ի մանկաբարձ-գինեկոլոգ Աննա Գալստյանը։

Հղիության ընթացքում ուրոլոգիական ախտանշանների դեպքում մեծ կարևորություն ունի վաղ ախտորոշումը։ Լաբորատոր հետազոտությունները հնարավորություն են տալիս գնահատել ինչպես երիկամների գործառույթը, այնպես էլ բորբոքային կամ վարակային պրոցեսների առկայությունը։ Այս փուլում նշանակվում են արյան ընդհանուր քննություն, կենսաքիմիական հետազոտություններ՝ միզանյութ, կրեատինին, էլեկտրոլիտներ, ինչպես նաև մեզի ընդհանուր և բակտերիոլոգիական հետազոտություններ։

«Սլավմեդ բժշկական կենտրոն»-ի լաբորատոր ծառայության ղեկավար Անաիդա Մադոյանի խոսքով կենտրոնում մեզի ընդհանուր հետազոտությունն իրականացվում է ճապոնական SYSMEX UN միզային կայանի նորագույն համակարգով.

«Այն աշխատում է մոդուլային սկզբունքով և ապահովում է լիարժեք, բազմակողմանի և բարձր ճշգրտությամբ հետազոտություն։ Համակարգը գործում է ամբողջությամբ ավտոմատացված ծրագրային կառավարմամբ։ Այն կազմված է երկու մոդուլից՝ UC3500 (իրականացնում է մեզի  ֆիզիկաքիմիական կազմի հետազոտություն) և UF4000 (իրականացնում է թվային միկրոսկոպիա)»։

«Սլավմեդ բժշկական կենտրոն»-ի ուրոլոգիական բաժանմունքի ղեկավար Մհեր Մխիթարյանն էլ հավելում է՝ ուրոլոգիական խնդիրների ռիսկերը նվազեցնելու համար անհրաժեշտ է նախքան հղիությունը դիմել խորհրդատվության և կատարել հիմնական հետազոտությունները։

Բորբոքային օջախների առկայության դեպքում անհրաժեշտ է անցնել համապատասխան բուժում, այնուհետ պլանավորել հղիությունը։ Միզուղիների անոմալիաների դեպքում պետք է քննարկել վիրահատական միջամտության հնարավորությունը, իսկ երիկամներում առկա քարերը ցանկալի է հեռացնել ապահովելու համար ավելի հանգիստ հղիության ընթացք։

Ուրոլոգիական խնդիրները հղիության ընթացքում տարածված են, սակայն ժամանակին ախտորոշման և ճիշտ բուժման դեպքում լիովին վերահսկելի են։ Կանոնավոր հետազոտությունները, մասնագիտական խորհրդատվությունը և վերահսկողությունը ապագա մայրիկի ու փոքրիկի առողջության ապահովման լավագույն միջոցներն են։

Տեսանյութեր

Լրահոս